Ավստրիայի համագործակցությունը Գյումրի քաղաքի հետ սկիզբ է առնում հետերկրաշարժյան ժամանակից, երբ ավստրիացիների կամավորական խմբերը ժամանեցին Գյումրի` իրենց հետ բերելով հումանիտար օգնություն: Ամենաակնառու համագործակցություններից էր Ավստրիական թաղամասի և հիվանդանոցի կառուցումը:
Հայկական Կարիտասը Կարիտաս Ավստրիայի Ֆորալբերգի թեմի համագործակցության շնորհիվ հնարավոր եղավ կյանքի կոչել տարեցների, երեխաների և հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական և առողջապահական բազում ծրագրեր:
Ամենամեծ նախագիծը դարձավ նոր հաշմանդամության խնամքի կենտրոնի կառուցումը Գյումրի քաղաքում: Այն տեղակայված կլինի Անի թաղամասում Պարույր Սևակ և 15րդ փողոցների, հետայսու` Ֆորարլբերգի փողոց, խաչմերուկին հարող 30,000 մ2 մակերես ունեցող տարածքում:
2012թ. օգոստոսին կատարվեցին տարածքի համահարթեցման աշխատանքները: Կենտրոնի տարածքում շինարարական աշխատանքները կվերսկվեն 2013թ. ապրիլին: Հայկական Կարիտասը նախատեսում է մինչև սույն թվականի օգոստոս ամիսը կատարել հիմնալցման և ներքնահարկի կառուցման աշխատանքները: Ինքնին շենքի կառուցումը կտևի մոտ երեք շաբաթ, քանի որ կառույցի ամբողջական մասերը ներկրվելու են Ավստրիայից և մասերի հավքման աշխատանքների համար շատ քիչ ժամանակ կպահանջվի:
Ամբողջ Անդրկովկասում հաշմանդամության խնամքի համար անհրաժեշտ պայմանների առկայության և բնապահպանական ստանդարտների համապատասխանելիության առումով կառույցը կլինի եզակի: Այն համալրված կլինի այլընտրանքային ջեռուցման և էլեկտրասնուցման համակարգով:
Կենտրոնը կծառայի 5-35 տարեկան հաշմանդամություն ունեցող 100 անձանց` իրականացնելով բազմաբնույթ թերապիաներ, տրամադրելով զարգացողական ծառայություններ և կազմակերպելով արհեստագործական դասընթացներ: Կենտրոնին հարող տարածքում նաև կհիմնվի այգի և խաղահրապարակ, որի մուտքը ազատ կլինի համայնքի համար: Ընդհանուր առմամբ Հայկական Կարիտասը նախատեսում է սերտ համագործակցություն զարգացնել կենտրոնի և համայնքի միջև:
Մարտի 12-ին, 2013թ. Գյումրի քաղաքի ավագանին ի պատասխան Հայկական Կարիտաս ԲՀԿ –ի նամակի, 20 կողմ ձայնով ընդունեց «Անի» թաղամասի 15-րդ փողոցը Ֆորարլբերգի փողոց վերանվանելու որոշումը` հաշվի առնելով Ավստրիայի Ֆորարլբերգ շրջանի մեծ ներդրումը Գյումրու վերակառուցման գործում: