25-ամյա Վալերի Ստեփանյանի համար տարիներ առաջ անհավանակն կթվար, որ իր հոբբին ու կենսակերպը դարձած ֆուտբոլի գնդակը մի օր կփոխարինվի մկրատով։ 16 տարեկանից Արցախի ֆուտբոլի հավաքականի կազմում հանդես եկած հարձակվողն այսօր, հանգամանքների բերումով, վարսահարդար է։
Վալերին ծնվել ու մեծացել է Ստեփանակերտում՝ զինվորականի ընտանիքում։ Նա ունի իրենից երկու տարով փոքր եղբայր։ Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի նրա ճանապարհը, սակայն, ընդհատվեց պատերազմի պատճառով։ «Մտադրություն ունեի ծառայությունից հետո շարունակելու ֆուտբոլային կարիերաս, բայց… վեց ամիս էր մնացել զորացրվելուս»,-պատմում է նա։
2020 թվականին, պարտադիր զինվորական ծառայության ընթացքում, ադրբեջանական հարձակման ժամանակ մարտական դիրքերը պաշտպանելիս Վալերին վիրավորվեց։ Նա ձեռքի և ոտքի հատվածներում հրազենային տասը վիրավորում ստացավ, որոնք անհնարին դարձրին մարզական կարիերայի շարունակությունը։ «Բավական երկար բուժվում էի։ Բուժման համար գալիս էի Երևան, հետո վերադառնում Ստեփանակերտ՝ մինչև 2023 թվականին արցախցիների բռնի տեղահանումը»։
2023 թվականին նրան վիրահատեցին։ Մարմնի տարբեր հատվածներից հեռացրին տասը փամփուշտ։ Վալերին, բարեբախտաբար, ողջ մնաց։ «Բժիշկը վիրահատությունից առաջ, ճիշտ է, խոստում չտվեց, որ ապրելու եմ, բայց ասաց, որ ամեն ինչ լավ է լինելու։ Այդպես էլ եղավ»։ Այսօր էլ նա վեց ամիսը մեկ բժշկական զննում է անցնում։
Ֆուտբոլում վերադառնալու հույսը կորցնելուց հետո երիտասարդի մոտ նոր մասնագիտություն սովորելու ցանկություն առաջացավ։ Նրա ընկերներից մեկը տղամարդկանց վարսահարդար էր, և Վալերին որոշեց ուժերը փորձել այդ ոլորտում։ Սկզբում դժվար էր՝ վիրավորման հետևանքով ձեռքը դողում էր, մկրատը չէր ենթարկվում, և շատերին թվում էր, թե նա չի կարողանա տիրապետել արհեստին։
Թեև Վալերին սեփական նախաձեռնությամբ փորձել էր մասնակցել դասընթացների, ավելի խոր մասնագիտական գիտելիքների ու գործնական հմտությունների կարիք ուներ։ Իմանալով «Հայկական Կարիտաս» կազմակերպության իրականացրած Three4ResilientArmenia ծրագրի մասին՝ դիմեց և շուտով հնարավորություն ստացավ փորձառու մասնագետի մոտ վերապատրաստվելու։
«Ինձ հատկապես հուզեց «Կարիտասի» աշխատակիցների վերաբերմունքը․ մշտապես զանգում, հետաքրքրվում էին։ Այս դասընթացները ոչ միայն խորացրին գիտելիքներս, այլև յուրօրինակ մարզում դարձան ձեռքիս համար՝ վերականգնելով շարժունակությունը։ Դրա շնորհիվ ձեռքիս դողն անցավ, ու հիմա իմ արած աշխատանքից հաճույք եմ ստանում»։
Ծրագրի շրջանակում Վալերին ձեռք բերեց նաև աշխատանքի համար անհրաժեշտ վարսահարդարման գործիքներ։ Նրա առաջին հաճախորդները եղբայրն ու ընկերն էին, որոնք այժմ դարձել են նրա մշտական այցելուները։ Վերապատրաստումից հետո նրա առաջընթացն ակնհայտ դարձավ։ Այսօր նա հիմնական աշխատանք ունի Երևանի բարբերշոփերից մեկում և արդեն ձևավորել է մշտական հաճախորդների շրջանակ։
Ֆուտբոլը Վալերիի համար այժմ անհասանելի երազանք է։ Նա փորձել է կրկին խաղալ, բայց այլևս չի ստացվում։ Փոխարենը օր օրի ավելի վարժ է տիրապետում մկրատին ու սանրին։ Երիտասարդն ունի հստակ նպատակներ՝ բացել սեփական բարբերշոփը և բնակարան ձեռք բերել։ Մասնագիտական հաջողություններից զատ՝ փոփոխություններ են սպասվում նաև նրա անձնական կյանքում։ Վալերին նշանադրված է և նախատեսում է հաջորդ տարի ամուսնանալ։
Նա իր ապագան տեսնում է Հայաստանում՝ Արցախում թողածը Երևանում վերականգնելու ցանկությամբ։ Ֆուտբոլի գնդակը վարսահարդարման մկրատով փոխարինած երիտասարդն այսօր ամենից շատ խաղաղություն է երազում և շնորհակալ է բոլոր այն մարդկանց ու կազմակերպություններին, որոնց աջակցությամբ կարողացավ նորից ոտքի կանգնել։
Three4ResilientArmenia ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է Հայկական Կարիտաս բարեսիրական հասարակական կազմակերպության, ԻՐԻՍ բիզնես ինկուբատոր հիմնադրամի և Իմփաքթ Հաբ Արմենիա սոցիալական նորարարության զարգացման հիմնադրամի կողմից։ Ծրագրի նպատակն է նպաստել Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների և հյուրընկալող համայնքների սոցիալական ներառմանն ու տնտեսական ինտեգրմանը։









