Նոր կյանք հանուն երեխաների

10 տարի առաջ Աննան ու իր ամուսինը, թողնելով իրենց փոքրիկ տնակը հայրենի գյուղում, տեղափոխվեցին Արցախ, որտեղ հնարավոր եղավ ստեղծել սեփական տնտեսություն, այգի, տուն: Անհոգ մեծացան իրենց 8 երեխաները։ 2019 թվականին Աննայի ամուսինը մահացավ սրտի կաթվածից, ու Աննան միայնակ մեծ դժվարություններով մեծացրեց իր երեխաներին։

Երբ 2020 թվականի սեպտեմբերին պատերազմը սկսվեց, ընտանիքը ստիպված եղավ լքել Արցախը և վերադառնալ հայրենի գյուղ։ Բարեկամների աջակցությամբ ընտանիքը կարողացավ տուն վարձել և մշտական բնակություն հաստատել գյուղում։ Պատերազմի օրերին Աննայի երեք տղաները առաջնագծում էին՝ երկուսը ժամկետային զինծառայող, երրորդը՝ կամավոր։ Վերջինս վերադարձավ պատերազմից հոգեպես ծանր վիճակում, իսկ զինծառայողները մինչ այսօր շարունակում են ծառայությունը։

Առանց բողոքելու Աննան վերսկսեց իր կյանքը, մշակեց հողամաս, աճեցրեց կարտոֆիլ, որը ընտանիքը պահելու միակ միջոցն էր։ Ընդգրկվելով «Հայկական Կարիտասի» «Կեցության ու կենսապահովման պայմանների բարելավում հակամարտությունից տուժած բնակչության համար Հայաստանում» ծրագրում՝ նրան տրամադրվեց հորթ և անասնակեր։

Վարձակալած բնակարանի պայմանները անբավարար էին, հատակը անհարթ էր, չունեին սանհանգույց, տաք և սառ ջուր։ «Հայկական Կարիտասը» ծրագրի շրջանակում տունը ապահովեց տաք ու սառը ջրով, վերանորոգեց սանհանգույցը, ինչպես նաև փոխեց խարխլված հատակը։

Աննան խիզախ կին է, երբեք չի բողոքում։ Չնայած նրան, որ շատ դժվարություններ են տեսել, իրենց ընտանիքի կողքին կանգնած բարեկամներ ու աջակիցներ ունեն։ ««Հակական Կարիտասը» մեզ հսկայական օգնություն է ցուցաբերել, տունը դարձել է հարմարավետ, մեկ տարի վարձավճար չենք տալու, սա մեծապես կթեթևացնի իմ հոգսը։ Շնորհակալ ենք անչափ»։