«Նպաստել Հայաստանում բոլորի համար ներառական և համապատասխան որակյալ կրթության կայացմանը» ծրագրի համագաղափարակիրները ոչ միայն ակտիվ մասնակցում են կազմակերպվող բազմաբնույթ միջոցառումների, այլ նաև իրենց գիտելիքներով, փորձով և ներաշխարհի փոփոխություններով կիսվում են այլ ուսանողների հետ: «Իմ հաջողված պատմությունը» խորագրի ներքո կներկայացնենք համագաղափարակիրների հույզերը եւ ապրումները՝ առ այն, թե ինչպես է ներառումը դարձել ապրելակերպ:
Արդեն մեկ տարի է, ինչ Հայկական Կարիտասի «Նպաստել Հայաստանում բոլորի համար ներառական և համապատասխան որակյալ կրթության կայացմանը» ծրագրի համագաղափարակիր եմ։
Անթիվ են ծրագրի շնորհիվ ձեռք բերած գիտելիքներս։ Չնայած մինչ այդ էլ ունեի որոշակի պատկերացումներ ներառականության վերաբերյալ և ներառական կրթության ջատագովներից էի՝ հակամետ լինելով այն գաղափարին, որ յուրաքանչյուր ոք անխտիր ունի կրթության իրավունք անկախ մտավոր և ֆիզիկական հնարավորություններից, այնուամենայնիվ, ծրագրին որպես համագաղափարակիր մասնակցելը թույլ տվեց, որ այդ պատկերացումները դառնան հստակ գիտելիքներ։ Վստահորեն կարող եմ ասել՝ ծրագրի շրջանակներում պարբերաբար կազմակերպվող դասընթացները, ֆլեշմոբերը, գրքի քննարկումները ընդլայնել են ոչ միայն իմ ու «առաջնագծում» ակտիվորեն գործող ընկեր-համագաղափարակիրներիս մտահորիզոնն ու հայացքները ներառականության ու ներառական կրթության մասին՝ թույլ տալով մեզ դառնալ մեծ շարժման փոքրիկ քայլերը, այլև փոխել հասարակության որոշ անդամների վերաբերմունքը այդ խնդրի վերաբերյալ։ Ծրագիրը հնարավորություն է ստեղծում բարեփոխել հասարակությունը՝ կոտրելով նրանում արմատացած կարծրատիպերը ու ոչնչով չհիմնավորվող ստիգմաները։ Պարզագույն ճշմարտություն է. եթե չես կարող փոխել աշխարհը, փոխի՛ր քեզ։ Մենք կարող ենք դառնալ և դարձել ենք այդ փոփոխության սկզբնաքարը։ Մեր նպատակն է ստեղծել հասարակություն, որ ունի կրթություն, և այդ կրթությունը հասանելի է բոլորին։ Կգա ժամանակ, երբ այլևս կարիք չի լինի խոսելու կրթության կարևորության ու ներառականության մասին։