Սոցիալական աշխատանքի ծագումն Արցախում որպես արձագանք հետպատերազմյան ճգնաժամերին

2021թ.-ի դեկտեմբերին «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի օժանդակությամբ «Եվրոպեան Վեյս» հասարակական կազմակերպությունը (Գերմանիա) նախաձեռնեց «Տրավմաթերապիան կոնֆլիկտային և հետկոնֆլիկտային տարածաշրջաններում» դասընթացներ, որին մասնակցեցին նաև Հայասանից և Արցախից 4 հոգեբաններ, սոցիալական աշխատողներ և կամավորներ: Ծրագիրը միտված էր մասնակիցների մասնագիտական որակավորման բարձրացմանը՝ մեդիացիայի, սուպերվիզիայի, հուզական այրման ոլորտներում: Հանդիպումը տեղի ունեցավ Աղվերանում: Ծրագրի իրականացման ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան մասնակցելու առցանց ձևաչափով կազմակերպված թվով 6 թեմատիկ դասընթացներին, որոնք վարում էին միջազգային դասընթացավարներ` Ուկրաինայից և Ռուսաստանից:

Դասընթացների ավերտից հետո մասնակիցներին շնորհվեց հավաստագրեր:

Սա շատ ողջունելի էր, քանի որ ստեղծված իրավիճակում անհրաժեշտություն էր առաջացրել Արցախում գործող սոցիալական պաշտպանության համակարգը համալրել ընտանիքների ամրապնդման համայնքահեն սոցիալ-հոգեբանական ծառայություններով, որոնք կկարողանային լիարժեք կերպով արձագանքել հիմնախնդիրներին` նպաստելով ընտանիքների կենսունակության և դիմակայության բարձրացմանը:

2020թ.-ին, 44-օրյա պատերազմը էականորեն ու ակնթարթային ազդեց ու չմորմոքվող հետևանքներ թողեց արցախահայության հոգեհուզական և սոցիալական կարգավիճակի վրա: Պատերազմական իրավիճակներին բնորոշ բոլոր կորուստներին ու սահմանափակումներին ավելացել էր նաև ֆիզիկական անվտանգության հետ կապված խնդիրները, բնակչության առանձին անդամների պոտենցիալի լիարժեք իրականացման բացը:

Նշված խնդիրները պահանջում էին հնարավորինս արագ ու պատշաճ մակարդակով միջամտություն, որը թույլ կտար նպաստել բնակչության սոցիալ-հոգեբանական բարեկեցության բարելավմանը:

Վիրավոր Արցախին օգնելու առաջին արձագանքողը Հայաստանի Սոցիալական Աշխատողների Ասոցիացիան էր, ի դեմս ասոցիացիայի նախագահ Մ. Անտոնյանի:

Ասոցիացիայի արցախյան ծրագիրն ուղղված էր սոցիալական ոլորտի աշխատուժի կարողությունների զարգացմանը, սոցիալական ծառայությունների համակարգի արդյունավետ ներդրմանը, ինչպես նաև սոցիալական, կրթական, առողջապահական ոլորտի մասնագետների շրջանում սթրեսի հաղթահարմանը: Նպատակային թիրախում սոցիալական աշխատողների պատրաստումն էր, ովքեր ի վիճակի կլինեին աշխատել պատերազմի հետևանքով ստեղծված տրավմատիկ իրավիճակների, կորուստների հետ, կունենային մասնագիտական հմտություններ աջակցելու Կառավարությանը, Սփյուռքի և միջազգային դոնորներին` օգնելու, սատարելու, խթանելու ազգաբնակչությանը վերագտնելու իրենց կյանքը նոր իրավիճակում, ապագայի պլաններ կազմելու, դիրքավորելու և մասնակիցը լինելու բոլոր այն փոփոխություններին, որոնք անհրաժեշտ են Արցախը կենդանի պահելու համար:

Հարցազրույցներն անցկացվել են Արցախում տուն առ տուն հերթականությամբ այցերով:

Ծրագրի հաջորդ փուլը սոցիալական աշխատողների մասնագիտական խմբի պատրաստման աշխատանքներն էին:

2021թ. ընթացքում երեք փուլով` 50 հոգանոց խմբերով իրականացվել են վերապատրաստման դասընթացներ: Մասնակցներից ընտրվել և  հնարավորություն է տրվել ԱՀ աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության աշխատակազմում զբաղվելու սոցիալական աշխատանքով:

Այս համատեքստում 2021թ. իրականացված <<Արցախյան պատերազմ 2020. Կորուստներ, մարտահրավերներ և դիմակայության զարգացման հնարավորություններ>>  հետազոտությունը նպատակ ուներ պարզել պատերազմից տուժած արցախցի ընտանիքների ժողովրդագրական պատկերը և սոցիալ-տնտնեսական կարիքները, պատերազմի պատճառած կորստի ծավալներն ու տեսակները, պատերազմական և հետպատերազմական իրադրություններում դրսևորվող տագնապներն ու դրանց տարածվածությունտ և ապագայի պլանավորման համատեքստում արցախցիների մտադրությունները:

Սեպտեմբերից Մեսրոպ Մաշտոց Համալսարանում պաշտոնապես մեկնարկեց սոցիալական աշխատողների ուսուցման մագիստրոսական ծրագիրը` 20 ուսանողների ընգդրկմամբ, որն առաջին քայլն էր ուղղված Արցախում սոցիալական ոլորտի մասնագիտական աշխատուժի ձևավորմանը:

Սոցիալական աշխատանքը մասնագիտական գործունեություն է և ակադեմիական գիտակարգ, որ օգնում է անհատներին, խմբերին կամ համայնքներին լուծել այն սոցիալական հիմնախնդիրները, որոնք խոչընդոտում են սոցիալական արդարության, սոցիալական ինտեգրման, սոցիալական մասնակցության և սոցիալական համերաշխության սկզբունքների իրականացմանը: Վերոնշյալ ստանդարտները առավելապես խոցելի են դառնում հետտրավմատիկ իրավիճակներում: Մասնավորապես խնդիրը բարդանում է հակամարտության գոտիներում ռազմական գործողությունների սրացմամբ, երբ մարդիկ ստիպված են լինում առերեսվելու բոլորովին նոր իրադրությունների, որում տեղ են գտնում անձնական ու տարածքային կորուստներ:

Այս առումով սոցիալական աշխատանքի դերը արցախյան ներկա իրականությունում խիստ պահանջված ու օրակարգային է:

Նարինե Ս. Բեգլարյան

Արցախի Հանրապետության` Սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարություն` «Սոցիալ հոգեբանական աջակցության կենտրոն»-ի սոցիլական աշխատող,  <<Սոցիլական աշխատանք>> մագիստրատուրա  1-ին կուրսի ուսանողուհի