«Մինչև հիմա նկարներ կան, որ նայում եմ, ինձ մի կերպ եմ զսպում. կարոտում եմ էդ ամեն ինչը». 31-ամյա Սողոմոն Բադիկյանը ծնվել և մեծացել է Սիրիայում։ Նա պատմում է Հայաստան տեղափոխվելու, աշխատանք փնտրելու և ինտեգրվելու մասին։
Սողոմոն Բադիկյանն արդեն ութ տարի է՝ ապրում է Հայաստանում։ Սիրիայից տեղափոխվել է այստեղ երաժշտական կարիերան շարունակելու նպատակով. հարվածային գործիքներ է նվագում։ Տեսնելով, որ Սիրիայում իրավիճակը լրջանում է, այլևս հետ չի վերադարձել։
«Այդ ամենը շատ կարոտում ես, թեկուզ այդ չորս պատը, որ հիմա վատ վիճակում է, փլված է։ Որ նկարներն ես նայում, ասում ես՝ վայ, ես այստեղ գնդակով էի խաղում, այս սենյակում բառաբանս էր դրած, նվագում էի»,- ասում է նա։
Հայաստանում անցկացրած առաջին շաբաթը Սողոմոնի համար բարդ է եղել. «Չգիտեի՝ ում դիմեմ, ինչ անեմ, ծրագրեր չկային, ոչ մի բան չկար»։ Պատահաբար հանդիպել է մանկության ընկերոջը, վերջինս օգնել է նրան բնակարանի և աշխատանքի հարցում։
Այս տարիների ընթացքում շատ աշխատանքներ է կատարել՝ եղել է խոհարար, անվտանգության աշխատակից, զբաղվել է արծաթագործությամբ։ «Զգացի, որ մենակ երաժշտությամբ չի լինում, որովհետև լիքը պատասխանատվություն ունես, մանավանդ երբ քույրս եկավ Սիրիայից, ընտանիքս եկավ, ու շատ բարդ էր այդ ամենը», – պատմում է նա։
Սողոմոն Բադիկյանն այժմ Printing.am ընկերության գլխավոր տպագրիչն է։ Սկսել է առանց ոլորտում փորձ ունենալու։ Ընկերությունը զբաղվում է տպագրությամբ, արտաքին գովազդով, դիզայնով, բրենդինգով և լուսանկարչությամբ։
Սողոմոնը ինտեգրվելու խնդիրների չի բախվել։ Հայաստան գալը նրա երազանքն է եղել, ինչպես հազարավոր սիրիահայերինը։ Ամուսնացել է հայաստանցի Ֆլորայի հետ։ Մարդկանց վերաբերմունքը Սիրիայից եկածների նկատմամբ, ըստ նրա, հիմնականում դրական է։ «Մեկ-մեկ կան մարդիկ, որ ասում են՝ «ինչի՞ եք եկել ստեղ, մենք գործ չունենք, եկել եք մեր գործերն եք մեր ձեռից խլում», բայց մեծամասնությունը սիրով է ընդունել», – ասում է նա՝ հավելելով, որ «մի քիչ էլ պետք է համակերպվել»։
31-ամյա երիտասարդը իրեն գտել է Հայաստանում, սակայն կարոտով է հիշում տունը՝ Հալեպը։ «Այնտեղ մեծացել ես, փոքրուց ամեն ինչ ապրել, մինչև հիմա կարոտում եմ Սիրիան։ Մի օր, որ վերջանա այդ ամենը, շատ եմ ուզում գնալ ու նայել։ Հայրենիքը մնում է հայրենիք, բայց ծննդավայրն ուրիշ սեր է։ Շատ դժվար է դա մոռանալ»,- անկեղծանում է նա։
Հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսավորմամբ` «ՀայկականԿարիտաս»-ի «Ճանաչել: Պաշտպանել: Իրագործել:» ծրագրի Մեդիա արշավի շրջանակում: Ծրագիրն իրականացվում է Հայկական Կարիտասի, Կարիտաս Ավստրիայի և Կարիտաս Լիբանանի համագործակցությամբ Հայաստանում և Լիբանանում:
Մեդիա արշավի նպատակն է նպաստել միգրանտների իրավունքների վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացմանը և տարբեր ինստիտուտների ու քաղաքացիական հասարակության կառույցների միջև հանրային քննարկումների խթանմանը:
Մեդիա արշավն իրականացնում են «Վերադարձ Հայաստան» և ‘Սիվիլիթաս” (CivilNet) հիմնադրամները: