Լարիսա Գրիգորյան Լարիսան 12տ․ է, մի քանի տարի եղել է թիվ 40 դպրոցի ներառական կրթության տնային ուսուցման մեջ։ Դպրոցից բավականին հեռու են ապրել ու տարվա մեջ գրեթե չի գնացել դպրոց, ուսուցիչներն են եկել տուն պարապել, երբեմն նաև աշակերտներից եկել են տեսակցության։ Երբ նա դեռ թիվ 40 դպրոցի աշակերտ էր, կատարվել է տնայց ու զրույց ծնողի հետ, ու պարզ է դարձել, որ աղջկա եղբայրը սովորում է թիվ 15 դպրոցում և ամաչել է, որ քույրը գնա այդ նույն դպրոց՝ վատ զգալով նաև դասընկերների վերաբերմունքից։
Սակայն ծրագրի շրջանակներում մեր կողմից իրականացված աշխատանքների, խորհրդատվության, ծնողի ու եղբոր հետ զրույցներից հետո հաջողվեց, որ մայրն ու եղբայրը փոխեն իրենց դիրքորոշումն ու երեխային տեղափոխեն իրենց բնակության վայրին մոտ գտնվող դպրոցը՝ թիվ 15 դպրոց, որտեղ ձևակերպվեց Ներառական կրթություն, բայց ոչ տնային ուսուցում։
Սեպտեմբերից Լարիսան սկսեց հաճախել թիվ 15 դպրոց՝ նստելով և՛ դասարանում ու որոշ չափով մասնակցություն ունենալով դասին, և՛ ԲՄԹ-ի անհատական պարապմունքներին, այժմ աղջիկն ամեն օր ամենաքիչը 4 ժամ լինում է դպրոցում։ Նա ունի սիրելի ու սիրված դասընկերներ, ովքեր ամեն քայլի պատրաստակամ են նրան օգնելու ու աջակցելու։ Նրան սիրում ու ընդունում են մանկավարժները՝ ուրախանալով նրա հաջողություններով։
Փետրվարի 1-ին դպրոցի կողմից կազմակերպվեց Ներառական գեղեցիկ միջոցառում՝ Լարիսայի դասարանի երեխաների մասնակցությամբ, որտեղ գլխավոր դերերից մեկը Լարիսայինն էր։ Միջոցառման ընթացքում մի դեպք գրավեց մեր ուշադրությունը, երբ Լարիսան իր խոսքերը սկսեց արտասանել, ինդեքսի թիմի համակարգողը մեծ ոգևորությամբ սկսեց ծափահարել, այնուհետև միանգամից դադար տվեց ու շշուկով ասեց, թե՝ «Վա՜յ, չպետք է ծափահարեի ու դրանով առանձնացնեի նրան» ։
Սա վառ ապացույց է այն բանի, որ համընդհանուր ներառման շրջանակներում քիչ-քիչ, սակայն ամուր քայլերով ձևավորվում է ներառական միջավայր, ներառականության արժեքներ ու հավասար վերաբերմունք՝ յուրաքանչյուր երեխայի նկատմամբ դպրոցում։ Եվ, որ ներառականության արժեքն առաջնային դեր ունի դպրոցում ու դպրոցից դուրս։
Սա կարևոր ու մեծ ձեռքբերում է թե՛ Լարիսայի, թե՛ նրա ընտանիքի, դպրոցի ու թե՛ մեզ համար՝ համընդհանուր ներառման ճանապարհին։