Բայց այսօր դեռ ապրել է պետք․․․

Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում Հայաստանում  ապաստան գտած արցախցիների թիվն անցնում էր 90000-ից։ Պատերազմի ավարտից հետո նրանց մի մասը ետ վերադարձավ․ Հայաստանում ներկա պահին ապրում է մոտ 25000 արցախցի, որոնք ֆիզիկապես Հայաստանում են, հոգով և էությամբ՝ Արցախում՝ թշնամու գերության մեջ գտնվող իենց քաղաքներում ու տներում։

Մեր պատմությունը Հայաստանում ապաստան գտած երիտասարդ մի ընտանիքի մասին է, որն անցել է պատերազմի դժոխային ճանապարհներով, կռվել ամենաթեժ կետերում ու հրաշքով կենդանի մնացել։

Ընտանիքի մայրը՝ 30-ամյա Աննան պատմում է, որ Ջրականում (Ջաբրայիլ) սկսել է ապրել ամուսնությունից հետո։ Փոքրիկ այդ բնակավայրում ամուսինները զբաղվել են զինվորական աշխատանքով (ամուսինը եղել է զորամասի հրամանատար, կինը՝ նույն զորամասում բուժքույր), աշխատանքից ազատ ժամանակ ՝ այգեգործությամբ։

Մոտալուտ պատերազմի մասին լուրերն արագ տարածվեցին, և 2020թ սեպտեմբերի 26-ին բոլորն արդեն գիտեին, որ բախումներ են լինելու, բայց պատերազմի սարսափեցնող մասշտաբների ու հետևանքների մասին ոչ ոք պատկերացնել անգամ չէր կարող։

«Այդ գիշեր պատահածը սարսափելի  մարտաֆիլմի էր նման։ Երկնքից ասես կրակ էր թափվում․ հանկարծահաս աղետից խուճապահար մարդիկ փորձում էին փրկել գոնե իրենց երեխաներին»,- հիշում է Աննան։

Սեպտեմբերի 27-ին Աննան և ամուսինը երկու անչափահաս երեխաներին և ամուսնու տարեց ծնողներին մի կերպ տեղափոխում են Գորիս, որտեղից էլ աղջկա ծնողները երեխաներին տանում են Գյումրի։ Ամուսինների 25 օր շարունակ կռվում են պատերազմի ամենաթեժ կետերում, կորցնում իրար, նորից գտնում։ Սակայն անմնացորդ մաքառման արդյունքում նրանք կորցնում են գրեթե ամեն ինչ՝ հայրենիք, տուն, հարազատներ ու ընկերներ։ Միայն անձնական փաստաթղթերի փոքրիկ տրցակով Աննան և նրա ընտանիքը ապաստան են գտնում Հայաստանում՝ Գյումրիում։

Այժմ ընտանիքն ապրում է վարձակալվող բնակարանում։ Ամուսնու ժամանակավոր աշխատանքը և  կնոջ՝ պաշտոնապես զինվորական ծառայություն համարվող աշխատանքի դիմաց  տրվող աննշան վարձատրությունը դժվարությամբ են ապահովում ընտանիքի  կեցությունը։ Մյուս կողմից էլ նոր պատերազմի վտանգը և սահմանային լարումները մշտական տագնապի մեջ են պահում ամուսիններին։ Որպես պատերազմի հետևանքով տեղահանվածներ՝ ընտանիքը որևէ լուրջ աջակցություն չի ստացել պետությունից, բացի տան վարձակալության համար սկզբնական շրջանում տրված 1-2 ամսվա գումարը։ “Հետպատերազմյան ընթացքում,- պատմում է երիտասարդ կինը,- «Կարիտաս» ԲՀԿ-ն միակ կազմակերպությունն էր,  որի օգնությունը, հոգատար, սրտացավ ու իրապես մարդասիրական վերաբերմունքը սփոփող եղավ դժվարին կացության մեջ հայտնված ընտանիքիս համար։ Ներկայում երեխաներս (որդի՝4 տարեկան, դուստր՝ 2 տարեկան) օգտվում են նաև «Կարիտաս» ԲՀԿ-ի «Մեծանալ առողջ» ծրագրի օժանդակությունից Գյումրու «Մանկիկ» ՆՈՒՀ-ում»։

Այսօր Աննայի ընտանիքում ապագա կյանքի հեռանկարները մշուշոտ են, լավատեսությունը՝ խիստ իրատեսական, երջանկությունը՝ միայն որդու և դստեր ժպիտներում, իսկ անցյալի հիշողություններն անասելի ցավոտ․․․«Հիմա ու միշտ այդ հիշողություններն ինձ տանելու են Ջրական դեպի տխուր այն երեկոն, երբ չարագույժ տագնապը խափանեց զինվորների վերջին ընթրիքը․ հիմա ես նրանց շիրիմներին ծաղիկների փոխարեն հաց է տանում․․․Հիշելու եմ իր սիրելի տունն ու նռան այգին՝ 360 նռնենիներով, որոնց քաղցրությունն ու բույրը հայրենիքից էր և հայրենիքում էլ մնաց․․․Հիշելու եմ եղբորս, որ չհասցրեց տեսնել նորածին աղջկան և որի փոքրիկ որդին ամեն օր սպասում է , որ հայրիկը աշխատանքից տուն պիտի դառնա․․․Հիշելու եմ բոլոր իմ զիվորներին՝ անուն առ անուն, ժպիտ առ ժպիտ, շիրիմ առ շիրիմ․․․Հիշելու եմ․․․ մի օր ետ վերադառնալու կարոտով ու ոչ մի պատերազմում չսպանվող հավատով․․․»։

Բայց այսօր դեռ ապրել է պետք․․․