Արսեն Ղազարյան

«Աջակցել հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառմանը Ամասիա խոշորացված համայնքում» ծրագրի շահառու Ա.-ն 6 տարեկան է, ով ունի մտավոր զարգացման հապաղում: Երեխայի զարգացումը Ամասիա համայնքում առավել արդյունավետ կազմակերպելու համար ծրագրի բազմամասնագիտական թիմը հնարավորություն է տվել նրա ընտանիքին զարգացման հապաղում ունեցող երեխաների առողջական խնամքի տրամադրումը հասանելի դարձնել համայնքային մակարդակում և ապահովել նրա սոցիալական ներառումը:

Ա.-ի ծնողները ևս ունեն մտավոր զարգացման խնդիրներ և ընտանիքին մշտապես աջակցում են մոտ հարազատները:
Ա.-ն և նրա խնամողները՝ մայրը և մոտ հարազատը, Ամասիա համայնքի նախակրթարանի վերականգնողական սենյակի առաջարկած մասնագիտական ծառայություններից սկսեցին օգտվել փետրվար ամսից: Թեև առաջին այցելությունների ընթացքում երեխայի, նրա մոր ու ուղեկցող հարազատի մոտ նկատելի էին վախ ու անհանգստություն, սակայն վերականգնողական սենյակի հոգեբանի, երաժշտաթերապևտի, արտթերապևտի, լոգոպեդի մասնագիտական միջամտությունների շարքը հնարավորություն տվեցին վստահություն ստեղծել մատուցվող ծառայությունների արդյունավետության հանդեպ, ակտիվացնել երեխայի ընկալունակությունը, ուշադրության կենտրոնացումը, վերլուծական մտածողությունը, հզորացնել ծնող-երեխա փոխհարաբերությունները և խորհրդատվությունների միջոցով աջակցել ծնողավարման հմտությունների զարգացմանը:

Համայնքի բուժկետում տեղակայաված էրգոթերապևտիկ ծառայությունների շնորհիվ իրականացվեց Ա.-ի կարիքների գնահատում՝ ըստ ԱՀԿ ՖՄԴ մեթոդաբանության, կատարվեցին զգեստափոխման հմտությունների ուսուցմանը և ուշադրության կենտրոնացմանն ու պահպանմանն ուղղված աշխատանքներ:
Թեև համավարակը խոչընդոտեց Ա.-ին և նրա ընտանիքին դեմառդեմ վերականգնողական շարունակական միջամտություն տրամադրել, այդուհանդերձ հեռավար սկզբունքով մատուցվող մասնագիտական միջամտությունը առավելապես խորհրդատվական բնույթի էր և ուղղված էր Ա.-ի հաշմանդամության իրավական կարգավիճակի ձեռքբերմանը: Այն հնարավորություն կտա Ա.-ին և նրա ընտանիքին այս սոցիալական խմբին տրամադրվող արտոնությունների համակարգից օգտվել և ապահովել հաշմանդամ երեխաներին ուղղված տարատեսակ համայնքային ծառայություններին հասանելիությունը: