«Նպաստել Հայաստանում բոլորի համար ներառական և համապատասխան որակյալ կրթության կայացմանը» ծրագրի համագաղափարակիրները ոչ միայն ակտիվ մասնակցում են կազմակերպվող բազմաբնույթ միջոցառումների, այլ նաև իրենց գիտելիքներով, փորձով և ներաշխարհի փոփոխություններով կիսվում են այլ ուսանողների հետ: «Իմ հաջողված պատմությունը» խորագրի ներքո կներկայացնենք համագաղափարակիրների հույզերը եւ ապրումները՝ առ այն, թե ինչպես է ներառումը դարձել ապրելակերպ:
Տարիներ առաջ սոցիալական մի հարցման մասնակցեցի, որը վերաբերվում էր, ըստ երևույթին, ներառական կրթությանը։ Մի հարց հնչեց, թե՝ եթե ես ունենայի հաշմանդամություն ունեցող երեխա ու նրան արգելեին սովորելու հանրակրթական դպրոցում, արդյո՞ք դա չէր լինի իմ երեխայի իրավունքների խախտում, իսկ ես պատասխանեցի. «Ո՛չ, եթե թույլ տային, ապա դա՛ կլիներ մյուս երեխաների իրավունքների ոտնահարում…»
Այսպիսին է մեր հասարակությունը, այսպիսին էի նաև ես, երբ դեռ գաղափար անգամ չունեի, թե ինչ է ներառական կրթությունը։
Համարյա երկու տարի է՝ ինչ մասնակցում եմ Հայկական Կարիտասի այս ծրագրում, ու, եթե իմանաք՝ որքա՜ն եմ ամաչում իմ տված պատասխանի համար…
Մի շատ լավ խոսք կա, ասում է՝ եթե տուփի մեջ աղբ դնենք, այն կդառնա աղբաման, եթե զարդ դնենք, կդառանա զարդատուփ։ Մենք այն ենք, ինչ դնում ենք մեր գլխի մեջ…
Ինձ թվում է՝ ծրագիրը իմ գլխում զարդ է դրել…
Նարինե Ապոյան