Հունիս ամսվա կամավոր է ճանաչվել Արմիդա Միրզոյանը

Արմիդան 2021թ.-ի Հունվարից հանդիսանում է «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի կողմից իրականացվող Գավառի «Փոքրիկ Իշխան» երեխաների սոցիալական կենտրոնի կամավոր:

Կենտրոնում կամավոր հիմունքներով աշխատում է որպես Ինտերակտիվ ակումբի խմբավար: Խմբի գործունեության շրջամնակներում ուսումասիրվում են տարաբնույթ թեմաներ, որոնք նպատում են երեխաների մտքի, ինտելեկտի, աշխարհայացքի և հաղորդակցման հմտությունների զարգացմանը: Արմիդան նաև ակտիվորեն մասնակցում է կենտրոնի կողմից իրականացվող բոլոր սոցիալական, մշակութային և կրթական բնույթի միջոցառումների կազմակերպմանն ու իրականացմանը, օժանդակում է սոցիալական աշխատողներին որոշակի գործողություններում, հաճախակի հանդես է գալիսն նախաձեռնություններով երեխաների ազատ ժամանցի կազմակերպման համար:

«Նախկինում ինքս եմ եղել կենտրոնի սան և ավարտելուց հետո ցանկացել եմ կապը պահպանել և իմ ներդրումը ունենալ հարազատ կազմակերպությունում: Կամավոր դառնալու առաջարկը ստանալուն պես անմիջապես համաձայնվել եմ: Ցանկացա ինչպես որ ժամանակին կենտրոնում ինձ մեր մասնագետներն էին գիտելիքներ տալիս, այնպես էլ ես իմ ունեցած գիտելիքները ու սերը փոխանցեմ կենտրոնի մյուս երեխաներին:

Կամավորությունը ինձ համար զուտ աշխատանք չէ: Կամավորությունը ինձ ընձեռնում է լայն հնարավորություներ, տալիս է հմտություններով հարուստ կյանքի փորձ: Կամավոր լինելով ես հնարավորություն եմ ունենում ոչ միայն կիսվել իմ գիտելիքներով մեր կենտրոնի սաների հետ , այլ նաև ինքս եմ ձեռք բերում բազում այլ գիտելքիներ ու միշտ կարողանում եմ իմ հասակակիցներից մի քայլ առաջ լինել»-ասում է Արմիդան: