2023 թվականին, շատերի նման տուն-տեղ թողնելով, Գայանե Հարությունյանը Ստեփանակերտից իր սկեսրոջ ու երեք դստրերի հետ բռնի տեղահանվեց Հայաստան: Ընտանիքին տեղափոխողը միջնեկ դուստրն էր՝ 20-ամյա Անուշը:

«Հագի շորերով ենք փախել, ոչինչ մեզ հետ չենք վերցրել՝ միայն մի քանի կտոր տաք հագուստ (որքան կտեղավորվեր մեքենայի բեռնախցիկում) ու մեր թխած հացը։ Սակայն այն սարսափը, որն ապրեցինք մինչև Հայաստանի սահմանին հասնելը, անհնար է նկարագրել։ Ղեկին թոռնուհիս էր։ Ադրբեջանցի սահմանապահները, տեսնելով նրան, կանգնեցրին մեքենան։ Ապա տեսնելով, որ տղամարդ չկա, միայն կանայք ու աղջիկներ են, նախ փորձեցին իրենց լեզվով խոսել։ Մենք հասկացրինք, որ չենք հասկանում։ Ոչինչ չասացին, բայց ես զգացի, որ ուզում էին մեքենայում որևէ անթույլատրելի բան գտնել, որ մեզ չթողնեն անցնել… Սարսափ էր, շունչներս պահած մնացինք։ Ի վերջո, ոչ մի արգելված կամ կասկածելի բան չգտնելով, թողեցին մեզ։ Թե ինչ ձևով ենք եկել-հասել, միայն մենք ու Աստված գիտենք»,-սարսափով հիշելով, թե ինչ կարող էր պատահել, եթե մեքենան չթողնեին շարժվել, պատմում է 72-ամյա Լուսյա Հարությունյանը:

Ընտանիքի վերջին լուսանկարը Արցախում/անձնական արխիվ

 

«Այն, ինչ թողել ենք Արցախում, ոչ մի բանի համար չեմ ափսոսում, ոչինչ… Միայն երիտասարդ տարիքում զոհված ամուսնուս ու զոհված որդուս գերեզմանների համար եմ ցավում։ Նույնիսկ մի բուռ հող չկարողացանք բերել։ Միայն մեր սրտում ու մտքում ենք հետներս բերել։ Ոչ մի բան աչքիս չի երևում․ կարևորը՝ թոռներիս ողջ-առողջ հասցրինք այստեղ»,- աչքերն արցունքոտված հավելում է տիկին Լուսյան:

Երևանում որոշ ժամանակ նախ մնում են ծանոթի տանը, հետո վարձով բնակարան են տեղափոխվում։ Սակայն տան վարձի թանկացման պատճառով ստիպված են լինում հաճախ տեղից տեղ փոխադրվել։ Հիմա էլ դեռ վարձով են ապրում՝ պետության տրամադրած գումարը բավարար չէ մայրաքաղաքում բնակարան գնելու համար․ անհրաժեշտ է լրացուցիչ գումար, իսկ դրա համար՝ կայուն եկամուտ:

Ստեփանակերտում երիտասարդ ընտանիքը ծրագրել էր սեփական վարսավիրանոցը բացել՝ ավագ դուստրը ծրագիր էր շահել, տարածք էին վերցրել ու պատրաստվում էին վերանորոգել, սակայն այդպես էլ չհասցրին։ «180 աստիճանով մեր կյանքը 2023 թվականին փոխվեց։ Հիմա չեմ կարող ասել, թե ինչ սպասելիքներ ունեմ, բայց հետ գնալ, որքան էլ մեզ համար ցավոտ է, որ մեր տունն ու գերեզմաններն ենք թողել այնտեղ, չենք կարող։ Ադրբեջանցիների հետ կողք կողքի ապրելն իրատեսական չեմ համարում՝ դեռ պատերազմի վերքերը չեն սպիացել, հիշողությունն էլ չի մթագնել»,-ասում է Գայանեն՝ պատմելով, որ ամուսինը երկար ժամանակ անհետ կորած էր։ Մահվանից ամիսներ անց են գտել ադրբեջանցիների կողմից սպանված ամուսնու դին և ութսուն օր անց հողին հանձնել։

 

Երևանում ընտանիքի միակ աշխատողն այժմ Գայանեն է՝ փորձում է անել ցանկացած աշխատանք՝ կար, հաշվապահություն։ Հիմա, երբ ընտանիքի հոգսն ամբողջությամբ իր վրա է, Գայանեն որոշել է խորացնել մասնագիտական գիտելիքները: Ընկերուհին, որը նախկինում եղել էր «Հայկական Կարիտաս»-ի շահառու, պատմում է նրան կազմակերպության մասին: Գայանեն որոշում է դիմել։ Ծրագրի աշխատակցի կողմից իրավիճակի ուսումնասիրությունից ու կարիքների գնահատումից հետո նրան ընդգրկում են ծրագրում: Դասընթացն արդեն անցել է ու վերապատրաստվել։ Հիմա այս վարձակալած բնակարանում է հաճախորդներ ընդունում՝ հարդարում, սանրում, կտրում կամ ներկում մազերը։ Երբ նոր բնակարան ձեռք բերեն, կունենա իր առանձին սենյակը, իսկ «Կարիտաս»-ը խոստացել է առաջիկայում Գայանեին տրամադրել նաև վարսահարդարման համար անհրաժեշտ գործիքներն ու պարագաները:

Իր նպատակներն այժմ Գայանեն կապում է աղջիկների հետ․ մեծը՝ Լուսինեն, ամուսնացել է, միջնեկը՝ Անուշը, մասնագիտություն է ձեռք բերել, իսկ փոքրը՝ 10-ամյա Լենան, դպրոց է հաճախում:

Ստացած նոր մասնագիտությունը Գայանեին հնարավորություն կտա ամուր կանգնել աղջիկների կողքին, հույս տալ նրանց, նրանցով ապրեցնել նաև սկեսրոջը։ Գիշերը՝ արցունքն աչքերին ու հիշողություններով, իսկ ցերեկը՝ առաջ նայելով ու  աղջիկներին հուսադրելով։

Արմենուհի Մխոյան