Մինչ Արցախյան երկրորդ պատերազմը, Նիկոլ Մարուքյանը ընտանիքի հետ բնակում էր Կովսականում: Զբաղվում էր սիրած աշխատանքով մեղվապահությամբ՝ արդար քրտիքնով ու մեղվի տված բարիքով ապրում ու հոգում էին իրենց ապրուստը: Պատերազմը շատ բան փոխեց նրանց կյանքում՝ ստիպված էին Կովսականում թողնել ամեն ինչ ու գալ Հայաստան: «Մեղուները մնացին այն կողմում, չկարողացանք փեթակաները տեղափոխել»,-պատմում է 53-ամյա Նիկոլը, նշելով, որ այստեղ՝ Լոռու մարզում, ուր ընտանքի հետ կարողացել է տեղափոխվել, ամենամեծ ցանկությունը նախկին կյանքին վերադառնալն էր՝ կրկին սիրած զբաղմունքով զբաղվելը: Դա է պատճառը, երբ Հայկական Կարիտասի աշխատակիցներից իմանալով աջակցության ծրագրի մասին, ցանկություն է հայտնում զբաղվել մեղվապահությամբ: «Բիզնես սկսելու համար մասնակցեցի դասընթացներին ու ներկայացրի իմ բիզնես գաղափարը, ինչը կյանքի կոչելու համար ստացա գումար ու ձեռք բերեցի մեղվափեթակներ»,-պատմում է Նիկոլը հույս հայտնելով, որ հաջորդ տարի աշնանն արդեն կքաղի իր ու մեղուների աշխատանքի պտուղները: «Անշուշտ, Հայկական Կարիտասի աջակցությունը բավական մեծ էր՝ միանգամից ավելացավ իմ փեթակների թիվը, հիմա՝ ցրտերին զուգահեռ դեռ հնարավոր չէ եկամուտից խոսել, բայց հաջորդ աշնանը, վստահ եմ՝ ամեն ինչ ավելի լավ է լինելու: Գարունը կբացվի ու նոր փեթակները ձմեռանոցից կհանենք ու կփորձենք վերագտնել այն, ինչ կորցրել ենք»,-ասում է Նիկոլը, չմոռանալով շնորհակալություն հայտնել Հայկական Կարիտասի ողջ անձնակազմին և հատկապես դասընթացավարին, ում շնորհիվ ավելացան իր բիզնես գիտելիքները: