…դուք այնքա՛ն նման եք մայրիկիս

Սահակյան եղբայրները հայտնվեցին մանկատանը, երբ 4 եղբայրներից ավագը տասը տարեկան էր, իսկ կրտսերը՝ ընդամենը մեկ։ Ընտանիքի սոցիալական ծանր վիճակը և ծնողների բարդ փոխհարաբերությունները երեխաներին «նվիրեցին» մանկատներում մեծացող երեխաներին հատուկ տխուր մանկություն, որտեղ երազանքներ ու նպատակներ գրեթե չկային։ Փոխարենը չորս եղբայրներով դարձան ամուր բռունցք՝ վտանգների հանդեպ զգոն, դժվարությունների ժամանակ ուժեղ ու միասնական։

Մանկատանը եղած ժամանակ մայրը երբեմն այցելում էր երեխաներին, սակայն աշխատանքի պատրվակով այլ երկիր տեղափոխվելուց հետո կապը գրեթե ընդհատվեց։

2020 թ-ի նախօրեին երեխաները մանկատնից տեղափոխվեցին «Կարիտաս» ԲՀԿ-ի «Սաբինե» փոքր խմբով տուն։ Նոր միջավայրը երեխաներին նոր հմտություններ և նոր հեռանկարների հնարավորություններ տվեց։ Արդյունքում ավագ երկու եղբայրներն ինքնուրույն կյանք ոտք դրեցին ինքնավստահ, համարձակ, պատրաստ նոր կյանքի մարտահրավերներին։ Այժմ նրանք պարտադիր զինծառայություն են անցում ՀՀ զինված ուժերում, իսկ նրանցից մեկը մասնակիցն է սեպտեմբերյան կարճատև պատերազմի։

Սակայն մյուս երկու եղբայրների, մասնավորապես 12- ամյա Նարեկի համար, կյանքը շարունակում էր մնալ երկար ու հուսահատ սպասում, և ապահով ու հոգատար միջավայրը, որտեղ ապրում էր երեխան, ոչ միշտ էր կարողանում լրացնել մայրիկի բացակայությունը։ Թեև  լավ հիշում էր անունը, սակայն ժամանակը մանկական հիշողությունից ջնջել էր մոր դիմագծերը՝ թողնելով միայն ջերմության ու կարոտի անանց մի զգացողություն։ Ու ամեն անգամ «Սաբինե»-ի աշխատակիցներից ստանալով փնտրված գուրգուրանքը՝ մանկական պարզությամբ թաքուն շշնջում էր նրանց ականջին. «Գիտեք…դուք այնքա՛ն նման եք մայրիկիս… ուզում եմ իմ մայրիկը լինեք»։

Երեխաների՝ «Սաբինե» սոցիալական տանը գտնված ժամանակահատվածում աշխատակազմն արեց հնարավոր ամեն ինչ  հոր հետ հոգեհուզական կապը կայունացնելու, մորը վերադարձնելու և ընտանիքը վերամիավորելու համար։ Հեռախոսազանգերի, տեսակապի միջոցով տարվող աշխատանքների արդյունքում կինը վերադարձավ Հայաստան։ Սպասված այդ լուրը որքան ուրախալի, այնքան էլ անհավանական էր թվում․ դա էր պատճառը, որ ավագ եղբայրները մինչև վերջին րոպեն այդ մեծ անակնկալը գաղտնի էին պահում փոքրիկից։

Այսօր արդեն  մեկ ամիս է՝ Անահիտ Սահակյանն ապրում է երկու կրտսեր որդիների հետ և սպասում ավագների վերադարձին։ Փորձում է սատարել որդիներին, ուղղել անցյալի սխալները, լրացնել բաց թողնվածը և, որ ամենակարևորն է, վերադարձնել տղաներին ջերմ ու ապահով այն ընտանիքը, որի մասին նրանք երազում էին։