Բռնությունը որպես կենսակերպ

 

Մինչ բուն թեմային անցնելը կցանկանայի նշել, որ հոդվածի գաղափարը ծնվեց European Ways  կազմակերպության և Հայկական Կարիտասի կողմից կազմակերպած “Trauma therapy through mediation in conflict and post-conflict regions” ինֆորմատիվ և հետաքրքիր վեցօրյա թրեյնինգի ընթացքում, որտեղ արծարծվեցին և քննարկվեցին մեր տարածաշրջանին վերաբերող, հետպատերազմյան իրավիճակին առնչվող խիստ մտահոգիչ խնդիրներ:

Բազմաթիվ դեպքերում բռնությունը դառնում է սովորական երևույթ և վերածվում կենսակերպի: Բռնությունը ոչ միայն ֆիզիկական կոշտ ուժի գործադրումն է, ինչպես մենք սովոր ենք համարել, այլև հոգեբանական ներգործության առավել բազմաբովանդակ ձև է։ Բռնությանը վերաբերող սոցիոլոգիական տվյալներն, ըստ էության, չեն համապատասխանում իրականությանը և ակնհայտորեն ցածր են, քանի որ այդ խնդիրը հազվադեպ է երևան բերվում, հատկապես, եթե այն վերաբերում է ընտանիքին։ Ըն տանեկան բռնությունը տեղ է գտնում հիմնականում անապահով ընտանիքներում, սակայն լինում են նաև բացառություններ, որոնց թիվը գնալով ավելանում է։

Բռնությունն, առաջին հերթին, սոցիալական խնդիր է և անհրաժեշտ է այն դիտարկել, որպես բազմաբնույթ խնդիր, որը ներառում է անձի՝ որպես քաղաքացու կյանքի անվտանգության, ազատության և արժանապատվության իրավունքի ապահովմանն, ինչպես նաև սոցիալական կանխարգելմանն ուղղված միջոցառումների շարք։

Բռնությունը կրկնվող շրջափուլ է, այսինքն ունի շարունակական կամ քրոնիկական  բնույթ: Այն ամբողջությամբ հիմնված է ֆիզիկական, հոգեբանական ուժի գործադրման  և վերահսկողության վրա: Ունենալով շատ մեծ տարածում՝ վերջինիս մասին ավելի քիչ է խոսվում և առավել ևս խոստովանվում, քանի որ շատ անգամ ոչ զոհերն են ճանաչում իրենց զոհի կարգավիճակը, ոչ էլ առավել ևս բռնարարները, որոնք շատ հաճախ վերագրում են սեփական վարքը հոգատարության, ուշադրության և սիրո դրսևորմանը:

Բռնությունը ենթադրում է ինչպես միջանձնային, այնպես էլ միջազգային, միջէթնիկական, միջռասսայական անհավասար հարաբերություններ: Ցանկացած տիպի բռնություն լուրջ սպառնալիք է, որը ժամանակի ընթացքում ավելի է խորանում և սրվում:

Բռնության տեսակները բազմաթիվ են, սակայն մենք կանդրադառնանք հիմնական երեքին՝

1․ ֆիզիկական՝ երբ մեծահասակներն իրենց իրավունք են վերապահում երեխաների, ինչպես նաև որոշ մեծահասակների (թե′ կանանց, թե′ տղամարդկանց) հետ վարվել սեփականատիրոջ դիրքից, ինչը հանգեցնում է վատ վերաբերմունքի, ծեծի, ծանրության տարբեր աստիճանի մարմնական վնասվածքների կամ, ինչպես մենք ենք սովոր անվանել տրավմաների,

2․ սեռականացված՝ երբ երեխայի կամ մեծահասակի մարմինը դիտարկվում է, որպես սեռական օբյեկտ և դիտավորյալ մանիպուլացվում մյուսների կողմից՝ սեռական բավարարվածություն կամ որևէ այլ օգուտ ստանալու նպատակով, ինչպես նաև  սեռական մտերմություն առանց երեխայի, կնոջ կամ տղամարդու համաձայնության և վերջիններիս ցանկությանը հակառակ,

3․ հոգեբանական (վարքային, ինտելեկտուալ, զգացմունքային և այլն)՝ առավել մեծ տարածում գտած տեսակ է և ոչ բոլորը գիտեն, ինչպես վարվել դրա հետ։ Մեծահասակների կողմից երեխայի կամ մեկ այլ մեծահասակի հանդեպ դիտավորյալ մանիպուլյացիաների կիրառումն է, երբ անտեսվում են  անձի սուբյեկտիվ գործոնները՝ ազատությունը, արժանապատվությունը, իրավունքները և այլն: Բռնության այս տեսակը ենթադրում է վերբալ վիրավորանքների, շանտաժի, վախի տարածման, տարբեր ճանապարհներով հետապնդման և զոհի առօրյա կյանքի տոտալ վերահսկողության առկայությունը: Բռնարարը ստիպում է զոհին իրեն մեղավոր և պատասխանատու զգալ ստեղծված իրավիճակի համար:

Բռնությունը մեկ օրում չէ իրականանում: Այն բոլորաշրջան է, որը բաղկացած է փուլերից և կարող է կրկնվել ամսվա մեջ երկու անգամ.

Նկար 1. Բռնության բոլորաշրջան

Այսպիսով, խոսելով բռնության մասին՝ ակամայից հասկանում ենք, որ այն սերտորեն կապված է տրավմայի հետ, քանի որ բռնությունն ինքնին տրավմատիկ երևույթ է և հիմնականում հանգեցնում է տրավմայի առաջացմանը, լինի այն ֆիզիկական, թե հոգեբանական։ Ընդ որում այս երկուսը նույնպես կապված են, քանի որ ֆիզիկականը հիմնականում առաջացնում է հոգեբանական տրավմա, մինչդեռ հակառակ տարբերակը՝ ոչ միշտ։ Ընդ որում, ֆիզիկական տրավման ժամանակի ընթացքում կարող է լավանալ՝ առանց հետք թողնելու, իսկ հոգեբանականը առաջացնում է սպի, որն  անտեսանելի է, սակայն խիստ զգալի:

 

ԵՊԲՀ Բժշկական հոգեբանության

ամբիոնի ավագ դասախոս,

հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

Քրիստինե Սամվելի Ավետիսյան