Երբ 2018թ-ի ամռանը հայտնվեց նորաբաց սոցիալական տանը, բոլորից շատ նա էր հարցեր տալիս։ Հետաքրքիր էր ամեն ինչ, ամենայն մանրամասնությամբ, որովհետև մանկատանն ապրած երեխայի անապահովության և անհանգստության մշտական զգացողությունը հետապնդում էր նրան։ Հետո հանդարտվեց, հանգստացավ, խաղաղվեց ու հասկացավ, որ… տանն է։
2014թ-ից ծնողները նրան, կրտսեր եղբորն ու քրոջը թողել էին մանկատանը։ Հոր հետ կապը մասամբ պահպանվել էր, իսկ մայրն ընդմիշտ անհետացել էր երեխաների կյանքից։
2018թ-ին Մանեն քրոջ ու եղբոր հետ տեղափոխվեց «Սաբինե» ՓԽՏ և մինչ օրս ապրում է այնտեղ։ «Ես այնքան շնորհակալ եմ ճակատագրից, որ իմ կյանքի ամենա դժվար ու ծանր ժամանակահատվածը, երբ ծնողներս կողքիս չէին, ես ապրեցի «Սաբինեում», որը փոխարինեց ինձ ընտանիքիս, դարձավ իմ տունը։ Հիմա ես միայն մի ցանկություն ունեմ․ մինչև չափահասություն մնալ այստեղ»,-մի առիթով խոստովանում է նա։
Երկու տարի առաջ՝ 2020-ին, ծրագրի ջանքերով վերականգնվեց կապը երեխաների մոր հետ։ Կրտսեր քույրն ու եղբայրը, իրենց ցանկության համաձայն,դուրս գրվելով ծրագրից, սկսեցին ապրել մոր և նրա երկրորդ ընտանիքի հետ։ Մանեն չգնաց նրանց հետ։ Ու… աշնանային մի ցուրտ օր, երբ փոքրիկ քույրը փախչողի իր ոտնաձայները խլացնելու համար գրկեց կոշիկներն ու սահմանամերձ գյուղից թշնամու նշանառության տակ փախավ մի ողջ մանկություն սպասած ու երազած մայրիկից, Մանեն հասկացավ, որ ինքը ճիշտ է վարվել։
Հիմա 17- ամյա Մանեն ապրում է «Սաբինե» սոցիալական տանը։ Չափահասության հետ կբոլորի նաև նրա՝ Փոքր խմբով տանն ապրելու և ծրագրի ծառայություններից օգտվելու 5 տարին։ Այդ ընթացքում Մանեն ավարտել է դպրոցը և շարունակում է կրթությունը բժշկական քոլեջում, ուր ձեռք է բերում իր սիրած մասնագիտությունը։ Սոցիալական տանը կազմակերպված մասնագիտական հմտությունների դասընթացների շնորհիվ նա տիրապետում է նաև դիմահարդարման արվեստին, կարուձևի գաղտնիքներին և բազմաթիվ այլ հմտությունների, որոնք կօգնեն նրան ինքնուրույն կյանքում։ Մանեն հավատում է իր ուժերին, վստահ է, լավատես ու թաքուն մի երազանք ունի․ ստեղծել իր ընտանիքը և իր երեխաներին փոխանցել այն սերն ու ջերմությունը, որ ստացել է անցնող հինգ տարիների ընթացքում։ «Ես այլևս չեմ բողոքում ինձ բաժին հասած ճակատագրից և վստահ եմ, որ Աստված ինձ շատ է սիրում, որովհետև իմ կյանքը կապել է «Սաբինեի» հետ»։