Հուլիս ամսվա կամավոր է ճանաչվել Արփինե Թումանյանը

Ես Արփինե Թումանյանն եմ: 2019 թվականի սեպտեմբերից մինչ օրս «Հայակական Կարիտասի» ԲՀԿ-ի «Սաբինե» փոքր խմբով տանը կամավորական հիմունքներով անց եմ կացնում անգլերենի և պարի դասեր:

Կամավորությունը իմ կյանքում մեծ տեղ և դեր է զբաղեցնում: Այն գործունեությունը, որ ես կատարում եմ «Սաբինե»-ում, միայն կամավորական աշխատանք չէ ինձ համար, այն միջոց է օգնելու և աշխատելու երեխաների հետ: Մոտ 2 տարվա ընթացքում ինձ համար մեծ ձեռքբերում է ճանաչել ու սիրել տարբեր երեխաների, հասկանալ նրանց, փորձել ցույց տալ ճիշտ ճանապարհ և օգնել հաղթահարել տարբեր դժվարություններ: Մեր հանդիպումների արդյունքում երեխաները սկսել են հասկանալ և սիրել անգլերեն լեզուն: Իսկ մշակութային արժեքներից նրանք արդեն բարձր են գնահատում տարբեր ազգերի պարերը: Աղջիկներից մեկը, ով սովորում է 10-րդ դասարանում, դպրոցում անգլերեն լեզու առարկայի ինքնուրույն աշխատանք ընտրել էր պարի թեման: Նա այնքան մեծ ոգևորությամբ էր ներկայացրել իր աշխատանքը և այն գիտելիքները, որ սովորել էր մեր դասերից, որ ստացել էր ամենաբարձր գնահատականը: Դա ևս մեկ անգամ ինձ ապցուցեց, որ երեխաները հաճույքով են մասնակցում մեր դասերին և կարողանում են համատեղել իրենց նոր ձեռք բերած հմտությունները:
«Սաբինե»-ում ձեռք եմ բերել նաև այնպիսի հմտություններ, որոնք ես կարող եմ օգտագործել հետագայում:

Կամավորական աշխատանք կատարելը միշտ բարձր է գնահատվել իմ կողմից, քանի որ այդպես կարող եմ օգտագործել իմ կարողությունները ոչ թե որպես պարտականություն, այլ որպես հաճելի զբաղմունք: