ես նորից սիրել սովորեցի…

Մայրը մահացել էր կրտսեր քրոջը լույս աշխարհ բերելուց օրեր անց, երբ ինքը հինգ տարեկան էր։ Աղջիկը նրան չէր հիշում։ Մորից իբրև հիշատակ մնացել էր միայն մի փոքրիկ լուսանկար՝ սիրված գրքի էջերում, և նրա զույգ ականջօղերից մեկը, որ խնամքով կրում էր վզնոցից կախ՝ սրտին մոտիկ։ Աղոտ հիշում էր տատիկի դեմքը, ով մոր մահից հետո զբաղվում էր իր, երկու կրտսեր քույրերի և եղբոր խնամքով։ Հետո, տխուր մի օր հեռացավ նաև տատիկը։ Նրա  մահից ամիսներ անց, հրաժեշտ տվեց նաև հորն ու  եղբոր ձեռքը բռնած մտավ անծանոթ մի շենք, ուր իր նման բազմաթիվ երեխաներ կային։ Հետո երազանքով պիտի հիշեր նաև այդ օրը, որովհետև ամիսներ անց ծանր հիվանդությունից մահացավ նաև հայրը։ Հարվածները հաջորդում էին մեկը մյուսին․ երկու կրտսեր քույրերը որդեգրվեցին և տեղափոխվեցին ուրիշ երկիր, եղբոր հետ հարաբերություններն այլևս առաջվա նման ջերմ չէին։

Նարեն «Սաբինե» սոցիալական փոքր տուն եկավ 2020թ-ի ձմռանը։ Լուռ, հավասարակշռված, կազմակերպված, զուսպ․ այսպիսին էր նա։ Անդադար կորցնելու վախը նրան դարձրել էր զգուշավոր, իսկ մենակությունը ստիպում էր հաշվարկել բոլոր քայլերը՝ կրկին չվնասվելու համար։ Հետո՝ ամիսներ անց, երբ « Սաբինեն» դարձավ նրա տունը, հարազատ մարդիկ ու ընկերներ հայտնվեցին նրա կյանքում, աղջիկը խոստովանեց. «Սաբինեում ես նորից սիրել սովորեցի…»։

Բնատուր խելքով, աշխատասիրությամբ և նպատակասլացությամբ օժտված Նարեն զգալի հաջողություններ ունեցավ  ուսման մեջ։ «Սաբինե» սոցիալական տան ջանքերով ու աջակցությամբ ընդգրկվելով լրացուցիչ դասընթացներում՝ նա կարողացավ համալրել գիտելիքները, և դարձավ մանկատան այն սակավաթիվ սաներից մեկը, որ  շարունակեց ուսումը ԲՈՒՀ-ում։

Փոքր խմբով  տանն ապրելու ժամանակահատվածում աշխատանքային թիմի աջակցությամբ վերականգնվեցին նաև դրական հարաբերությունները եղբոր հետ։

Շուրջ  մեկ տարի է՝ Նարեն ապրում է եղբոր հետ։  Նա շարունակում է խորացնել   անգլերեն լեզվի իր իմացությունը, ինչը նրա համար լուրջ հեռանկարների, լավ աշխատանքի և նոր հաջողությունների գրավականն է։ «Սաբինեում» ձեռք բերած հնտություններն ու կարողությունները նրան դարձրել են ուժեղ, ինքավստահ, նվիրված,  ով մեծ պատրաստակամությամբ իր վրա է վերցրել իր և եղբոր փոքր ընտանիքի մեծ պատասխանատվությունը։ Հիմա նրա համար ամենահաճելի պահը նաև հեռավոր Իտալիայում ապրող քույրերի հետ զրույցներն են տեսակապի միջոցով (կապը վերականգնվել և մշտական է դարձել ՓԽՏ-ում ապրելու տարիներին), ում հպարտությամբ ցույց է տալիս իր թխած խմորեղենն ու հիշեցնում. «”Սաբինեում” եմ սովորել…»։