Հովհաննա Հակոբյան

Հովհաննա Հակոբյան Մայիսի 15-ն Ընտանիքի միջազգային օրն է, որն հռչակվել է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կողմից 1993 թվականին: Այն հնարավորություն է տալիս բարձրացնել իրազեկվածությունը ընտանիքի խնդիրների և դրա վրա ազդող հասարակական, սոցիալ-տնտեսական, ժողովրդագրական և այլ գործոնների վերաբերյալ: ՄԱԿ-ի կողմց այս տարվա թեման հռչակվել է «ընտանիքը և ներառական հասարակությունը»:

Անկախ վերջին տասնամյակների ընթացքում մարդկային փոխհարաբերություններում տեղի ունեցող փոփոխություններից, ընտանիքը շարունակում է մնալ հասարակության հիմքը և դրա կայուն զարգացման երաշխիքներից մեկը:

Առաջին հերթին մեծ է ընտանիքի դերն ու կարևորությունը երեխայի կյանքում, սակայն այդ դերն էլ ավելի է մեծանում, երբ խոսքը վերաբերում է երեխաներին, ովքեր ապրում են իրենց ուրույն աշխարհում, շրջապատող միջավայրն ընկալում են այլ կերպ:

Հովհաննան և Աննան երկվորյակ քույրեր են, ընտանիքի 5-րդ և 6-րդ երեխաները: 2008 թվականին իրենց ծնունդով փոքրիները նոր հույսեր, երջանկություն և ապրելու մղում պարգևեցին ծնողներին և ընտանիքին: Սակայն ամեն ինչ փոխվեց մի քանի ամիս անց, երբ բժիշկները Հովհաննայի մոտ ախտորոշեցին կուրություն: «Մի պահ աշխարհը կարծես մթագնեց, վերացան գույները, մոռացվեց աշխարհում ամեն ինչ և ամեն ոք,- պատմում է տիկին Նարինեն՝ երեխայի մայրիկը,- էլ ի՞նչ իմաստ ուներ իմ ապրելը կամ ինչպե՞ս ապրել»:

Կարծես սա էր ամենասարսափելին, որ ծնողները կարող էին լսել, բայց ոչ, սա ուղղակի մի պահ էր, որից պետք էր ուշքի գալ, հարմարվել նոր իրողությանը և նայել առաջ: Հաջորդ և ավելի խոցելի հարվածը ընտանիքի համար շրջապատողների «բարի և սրտացավ» խորհուրդներն էին՝ հրաժարվել, ազատվել երեխայից՝ թողնելով նրան մանկատանը: Ի՞նչ էր սա նշանակում, ինչպես հրաժարվել այն էակից ում դու ես կյանք տվել կամ ինչո՞ւ հրաժարվել: Արդյոք կարելի էր հրաժարվել սեփական երեխայից և զրկել նրան ընտանիք ունենալու իրավունքից: Այս հարցում ծնողների որոշումը անբեկանելի էր. երեխան ապրելու էր ընտանիքում՝ շրջապատված սիրով, ջերմությամբ և երբեմն նույնիսկ չափից շատ հոգատարությամբ: Չէ՞ որ աչքերում լույս չունեցող փոքրիկը ինքն էր դարձել լույս ընտանիքի համար:

«Բժիշկները խորհուրդ տվեցին վիրահատություն, որն իրականացվելու էր արտերկրում,-աչքերում հայտնված արցունքները նրբորեն թաքցնելով պատմում էր երեխայի մայրիկը,- աննշան հույս տվող այդ վիրահատությունը պահանջում էր մեծ ծախսեր՝ մանավանդ 8 զավակ ունեցող ընտանիքի համար: Սակայն, երբ խոսքը վերաբերում է երեխայիդ պատրաստ ես հնարավոր և անհնար ամեն ինչ անել, ցանկանում ես նույնսիկ արևի անմար լույսից մի շող էլ նրան նվիրել, բայց չես կարող»: Չնայած ֆինանսական դժվարություններին՝ երեխայի ընտանիքը կարողացավ հոգալ արտերկրում իրականացվող մի քանի վիրահատությունների ծախսերը, որոնք, ցավոք, որևէ դրական արդյունք չտվեցին: Բայցևայնպես, ծնողները գոնե հանգիստ են, որ արել են ամենը, ինչ կախված է իրենցից:

Հաջորդ դժվարությունը կապված էր երեխայի դպրոց գնալու հետ: Այդ ժամանակ դեռևս ներդրված չէր համընդհանուր ներառական կրթական համակարգը, և դպրոցները օբյեկտիվ ու սուբյեկտիվ մի շարք պատճառներով չէին ընդունում երեխային: Հովհաննային պատրաստ էր կրթություն մատուցել միայն Երևանի հատուկ դպրոցներից մեկը, բայց երեխան մնալու էր այնտեղ: Նորից սկսվեցին խորհուրդները՝ թող երեխան կրթություն ստանա, այնտեղ կան լավ պայմաններ, երեխան կդիմանա առանց ձեզ: «Չնայած, որ բացառվում էր երեխայիս մեզնից բաժանելը, այնուամենայնիվ այս խոսքերը ինձ ստիպեցին մտածել, որ գուցեև նա առանց մեզ դիմանա, բայց արդյո՞ք մենք կկարողանանք առանց նրա, և ես հասկացա, որ մենք ունենք Հովհաննայի կարիքը ոչ պակաս, քան նա մերը»,-պատմում է Հովհաննայի մայրիկը:

Ի վերջո, երեխային ընդունեց Գյումրու թիվ 40 դպրոցը, որտեղ էլ այժմ նա սովորում է: Երեխայի մասին խոսելիս տիկին Նարինեի աչքերում նշմարվում էր և´ հույս, և´ կամք, և´ անսահման սեր իր երեխայի հանդեպ:

Այսօր Հովհաննան ապրում է ընտանիքում, հաճախում է դպրոց, շփվում է իր հասակակիցների հետ և, անկասկած, ընտանիքի միասնականության, սիրո և հոգատարության շնորհիվ է, որ Հովհաննայի համար աշխարհը լուսավոր է թեկուզև առանց լույսի, բազմագույն է առանց գույների, գեղեցիկ է առանց պատկերների:

Պատրաստեց Անի Մաղաքյանը