Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է Վանաձորում գործող «Սաբինե» փոքր խմբով տուն, որը նախատեսված է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների համար։
2018 թվականին «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի կողմից հիմնադրված այս հաստատությունը գործում է «Ավստրիական Կարիտասի (Ինսբրուք)» ֆինանսական աջակցությամբ՝ որպես ընտանեկան տիպի այլընտրանքային խնամքի ծառայություն։
Ծրագրի ղեկավար Թամարա Սիմոնյանի և անձնակազմի ուղեկցությամբ Պաշտպանը շրջել է հաստատությունում, ծանոթացել շենքային պայմաններին, ենթակառուցվածքներին և երեխաների խնամքի կազմակերպման առանձնահատկություններին։ Այցի ընթացքում Անահիտ Մանասյանը ջերմ ու անմիջական զրույց է ունեցել սաների հետ, հետաքրքրվել նրանց առօրյայով ու նախասիրություններով, ինչպես նաև նրանց հրավիրել հյուրընկալվել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում։
Անձնակազմի հետ քննարկումների առանցքում եղել են երեխաների իրավունքների պաշտպանությանն առնչվող համակարգային հարցերը։ Անդրադառնալով ոլորտի մարտահրավերներին՝ Անահիտ Մանասյանը նշել է. «Երեխայի լավագույն շահի առաջնահերթության ապահովումը պետք է լինի պետության անընդհատ ուշադրության կենտրոնում։ Մեզ համար սկզբունքային է երեխայի ձայնի լսելիության, որակյալ կրթության, առողջության պահպանման և լիարժեք սոցիալական ներառման իրավունքների իրացումը։ Առկա համակարգային խնդիրները պահանջում են շուտափույթ լուծումներ և հետևողական քայլեր»։
Մարդու իրավունքների պաշտպանի շփումները երեխաների հետ կրում են շարունակական բնույթ, իսկ նրանց իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրները Պաշտպանի կողմից հասցեավորվում են ամենօրյա ռեժիմով։













