Ըստ ավանդության, երբ Նոյն իջավ Արարատին, տեսավ, որ Տապանի հատակին ինչ-որ գործվածք է առաջացել, շոշափեց, տեսավ, որ բուրդը խոնավությունից սեղմվել է եւ առաջացել է թաղիք՝ առաջին կտորը: Սա մի վկայություն է, որը թաղիքի առաջացումը կապում է Հայկական լեռնաշխարհի հետ: Ժամանակին Հայաստանում թաղիքագործությամբ են զբաղվել բացառապես տղամարդիկ: Թաղքադիր կամ լպուտ լինելու համար ուժ էր պետք բուրդը թաղքելու համար. գզած բուրդը համաչափ փռում էին հատակին, գերանը գլորում վրայով` մինչև ամբողջովին թաղքվելը: Հատկապես հայտնի էին Բիթլիսի լպուտները: Ժամանակին զուգընթաց տղամարդիկ «հետ մնացին» այս արհեստից՝ իրենց տեղը զիջելով կանանց: Հայաստանի տարբեր բնակավայրերում հայտնաբերված թաղիքե գորգերը, նախշազարդ թանթանաներն ու վերմակները խոսուն վկաներն են այն փաստի, որ այս արհեստը մեծ տարածում է ունեցել Հայաստանում: Ցավոք, այսօր այս արհեստն անհետացման եզրին է: Արհեստը պահպանելու համար Վալերյա Մելքոնյանը կամավորական հիմունքներով որոշեց իր գիտելիքները փոխանցել նրանց, ովքեր ցանկություն ունեն «բուրդն իրենցով անելու»:

«Հայկական Կարիտաս»-ի Գյումրիի Տարեցների Ցերակային Հոգածության Կենտրոնի շահառուներ Աիդա Մարտիրոսյանին /80 տ/, Սանդուխտ Ամիրխանյանին /75տ/, Թամարա Կարապետյանին /71տ/ ու Անահիտ Պետրոսյանին /65 տ/ անմիջապես գրավես թաղիքը: «Եթե ինձ մի քանի տարի առաջ ասեին, որ ես 80 տարեկանում նոր մասնագիտություն եմ ձեռք բերելու, կծիծաղեի, բայց հիմա արդեն հողաթափեր եմ պատրաստում: Անհամբեր սպասում եմ, երբ ենք նորից մեր վարպետին հանդիպելու»,-ասում է տիկին Աիդան:

Թաղիքը թանկ չէ, նույնիսկ շատ դեպքերում ավելի մատչելի է, քան արհեստականը, բայց սեփական ձեռքերով պատրաստած հողաթափերն ավելի են արժեվորվում՝ ասում են կանայք:

Շիրակի գավառը հայտնի է եղել վարպետ լպուտներով: Այսօր էլ մարզի որոշ գյուղական համայնքերում կամ էլ Գյումրու հին տների մառաններում հնարավոր է սանդերքներ կամ թաղիքե հին իրեր գտնել՝ փռոցներ, բայց թաղիքագործ վարպետները մեկ-երկուսն են: Նվիրվածության ու մեծ ցանկության դեպքում հնարավոր է պահպանել ունեցածը՝ զարգացնելով այն: Կանայք հուսով են, որ նաև իրենց համատեղ ջանքերով առաջիկայում թաղիքագործությունը Հայաստանում մեծ տարածում կստանա: