Նպատակ՝ հզորացնել հաշմանդամություն ունեցող անձանց կարողությունները և նրանց համար ստեղծել հասանելի միջավայր:
Հաշմանդամություն ունեցող անձինք, հատկապես երեխաներն ու նրանց ընտանիքները, այն խոցելի խմբերից են, որ աջակցություն են ստանում ՀԿ-ի կողմից: Հիշյալ անձինք ու նրանց ընտանիքները շատ հաճախ առանձնացված ու մեկուսացված են հասարակությունից, քանի որ նրանց համարում են թույլ օղակ ողջ հասարակության համար: Շատ դեպքերում ընտանիքի մեկ անդամի ուսերին է դրվում հաշմանդամություն ունեցող անձի հոգածության ամբողջ պարտասխանատվությունը: Մյուս խնդիրն այն է, որ հասարակության անդամները հիմնականում լավ տեղեկացված չեն հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներին: Հասարակության մեջ անհատները դժվարություն ունեն ընդունելու հաշմանդամություն ունեցող անձանց (հատկապես բազմակի հաշմանդամություն ունեցողների), և միայն մի քանի կազմակերպություններ կան, որոնք կրթում են հասարակությանը կամ համախմբում այդ մարդկանց: Ներառման գործընթացը հնարավոր դարձնող միջավայր ունենալու համար ՀԿ-ն կշարունակի որակյալ ու աջակցող ծառայություններ տրամադրել հաշմանդամություն ունեցող անձանց, ջանքեր կգործադրի նրանց աշխատաշուկա ներգրավելու և երկրում ուժեղ իրավական դաշտ ստեղծելու համար:
Ռազմավարական այս ուղղության ամբողջական իրականացման համար ՀԿ-ն հետևում է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների կոնվենցիային՝ խթանելու, պաշտպանելու և ապահովելու մարդու իրավունքների լիարժեք ու հավասար պայմանները և հաշմանդամություն ունեցող անձանց հիմնարար ազատությունները՝ չվնասելով նրանց արժանապատվությունը: Ուղղությունը կունենա մարդու իրավունքների վրա հիմնված մոտեցում՝ խթանելով հաշմանդամների՝ որպես հասարակության լիիրավ անդամների իրավունքները:
Արդյունք 2.1. Հաշմանդամություն ունեցող անձանց ու երեխաների համար մատուցվում են որակյալ ու աջակցող ծառայություններ:
Հաշմանդամություն ունեցող անձինք առօրյայում զգում են որակյալ աջակցող ծառայությունների մատուցման կարիք, որը կօգնի ինտեգրվելու սոցիալական, մշակութային, կրթական ու տնտեսական միջավայրին և օգտվելու ֆիզիկական հարմարությունների հասանելիությունից: Այսպիսի ծառայությունները բարելավում են հաշմանդամություն ունեցող երեխաների կարողությունները ինքնորոշված կյանք վարելու առումով: Թերապևտիկ ծառայությունները նպաստում են երեխաների ֆիզիկական ու մտավոր զարգացմանը, նաև աջակցում նրանց ինքնարտահայտման կարողությունների բարելավմանը:
«Էմիլի Արեգակ» կենտրոնը կշարունակի իրականացնել սոցիալական միջոցառումներ` նպատակ ունենալով հասարակության մեջ հաշմանդամություն ունեցող անձանց հանդեպ ձևավորել դրական վերաբերմունք: Հաշմանդամություն ունեցող երեխաները հասարակության մյուս անդամների հետ կշարունակեն մնալ կենտրոնում կազմակերպվող հասարակական միջոցառումների անբաժանելի մասը՝ ձևավորելով հասարակության պատկերացումներն այն մասին, թե ինչպե՛ս պետք է ստեղծվի բարենպաստ միջավայր, ի՛նչ պատասխանատվություն պետք է կրի հասարակությունն այդ գործընթացն իրականացնելիս՝ ընդգծելով դրանց կարևորությունը: Այսպիսի միջոցառումները կներառեն (բայց չեն սահմանափակի) ֆիլմերի շնորհանդեսներ, տարբեր ցուցահանդեսներ, խորհրդակցություններ ու ներկայացումներ: Նման հասարակական միջոցառումների նպատակը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ու «ներառականություն» հասկացույթի (կոնցեպտ) մասին իրազեկվածության մակարդակի բարձրացումն է: «Էմիլի Արեգակ» կենտրոնի արտթերապիան, անշուշտ, կընդլայնվի՝ մասնավորապես ներառելով թերապևտիկ բնույթի ձեռքի աշխատանք:
Ձեռքի փոքր ու հասարակ աշխատանքները, օրինակ՝ ամանորյա բացիկներ, խեցեղեն կամ փոքր մոմեր, կպատրաստվեն կենտրոնի շահառուների հետ ձեռագործ աշխատանքների ժամանակ իրականացվող թերապիայի շրջանակում: Այս ամենի դրական կողմն այն է, որ Գյումրիում հասարակությունն ավելի տեղեկացված կլինի հաշմանդամություն ունեցող անձանց կարողություններին:
Արդյունք 2.2. Հաշմանդամություն ունեցող անձինք ինտեգրված են աշխատաշուկայում:
Հայաստանում աշխատաշուկան հաշմանդամություն ունեցող անձանց կանգնեցնում է մի շարք մարտահրավերների առջև: Այդ մարտահրավերները ներառում են աշխատաշուկայում անհավասարություն և աշխատանքի անհասանելի տեղաբաշխում: Հետազոտություններն ու ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Հայաստանում հարկավոր է աջակցել հաշմանդամություն ունեցող անձանց հմտությունների զարգացմանն ու արհեստագործական կրթության ձեռքբերմանը: «Էմիլի Արեգակ» կենտրոնն աջակցելու համար այն շահառուներին, որ ցանկանում են զարգացնել իրենց հմտություններն ու գիտելիքները և ձեռք բերել աշխատանք, պատրաստ է համագործակցելու արտաքին ուսումնական կենտրոնների հետ, քանի որ նրանք հնարավորություն ունեն կազմակերպելու լրացուցիչ դասընթացներ: Շահառուները կմասնակցեն այս դասընթացներին և ձեռք կբերեն հմտություններ, որոնք կօգնեն նրանց մուտք գործելու աշխատաշուկա:
Գյումրիում կստեղծվի սահմանափակումներից ազատ սրճարան-փուռ, որ միտված կլինի հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց ծնողներին աշխատանքով ապահովելու հիմնախնդրի լուծմանը: Սրճարան-փուռը՝ որպես առաջին ներառական աշխատավայր, նրանց համար թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես կլինի մատչելի: Բացի այդ՝ այն Գյումրիում կծառայի որպես հասանելի պայմաններ ունեցող աշխատավայրի մոդել, որը կբարձրացնի արտադրողականությունը, իսկ հաշմանդամություն ունեցող անձանց կօգնի գիտակցելու իրենց ներուժը:
Արդյունք 2.3. Հաշմանդամություն ունեցող երեխաներն օգտվում են կրթություն ստանալու իրավունքից:
Մինչև 2022 թ. Կառավարությունը պարտավորվում է դպրոցական ողջ համակարգը դարձնել ներառական: Սակայն ներկայումս ակադեմիական կրթության ձեռքբերման նկատմամբ անհատական մոտեցման բացակայության, ինչպես նաև դպրոցներում ու համայնքներում ֆիզիկական անհասանելիության պատճառով պարզ է դառնում, որ Հայաստանում հաշմանդամություն ունեցող որոշ երեխաներ ընդհանրապես կրթություն չեն ստանում: Մյուսները, ովքեր ընդգրկված են, այսպես կոչված, «ներառական» համայնքային դպրոցներում, դպրոց ի վիճակի են հաճախելու օրական ընդամենը մի քանի ժամով կամ շաբաթական մի քանի օր: Հաշմանդամություն ունեցող երեխաները հաճախ չեն մասնակցում դասերին մյուս երեխաների հետ, իսկ եթե նույնիսկ նրանք գտնվում են դասասենյակում, չեն ստանում այնպիսի ծառայություններ, որոնք պետք է նրանց ակադեմիական ուսումնական ծրագրին մասնակցելու համար: Փոխարենը՝ նրանց զբաղեցնելու համար տալիս են ասեղնագործության, նկարչության դասեր կամ առաջարկում ժամանցի այլ միջոցներ: Այսպիսով՝ հաշմանդամություն ունեցող շատ երեխաների համար ուսուցումը հիմնականում սահմանափակվում է ընդամենը մեկ ժամով կամ շաբաթական մեկ կամ մի քանի անգամյա հաճախականությամբ անհատական կարճատև պարապմունքներով: Համայնքի դպրոցները հաճախ չունեն համապատասխան մասնագետներ և մասնավորապես՝ օգնականներ, որոնք կարող են անմիջական աջակցություն ցուցաբերել մեկ կամ ավելի երեխաների: Որոշ դեպքերում ծնողը, հատկապես երեխայի մայրը, մնում է դասասենյակում՝ երեխային անհրաժեշտության դեպքում աջակցություն ցուցաբերելու համար: Հաշմանդամություն ունեցող որոշ երեխաներ ստանում են ոչ ստանդարտ տնային ուսուցում: Ուսուցիչները, տնայցեր կատարելով, երեխաներին միայն սովորեցնում են տարրական գրագիտություն և հաշվել:
Միջազգային չափորոշիչների համաձայն՝ դպրոցը պետք է ամբողջովին հասանելի լինի և տրամադրի մատչելի հարմարություններ` աջակցելու աշակերտներին՝ անկախ հաշմանդամության տեսակից: Հաշմանդամություն ունեցող երեխաներին տրամադրվող աջակցության միջոցները պետք է լինեն անհատականացված՝ հաշվի առնելով յուրաքանչյուր երեխայի ուսուցման հատուկ կարիքները և ապահովելով նրա լիարժեք մասնակցությունը դասերին: