Հաբեթնագյան Լենան ծնվել է բանվորի ընտանիքում՝ Լենինականում, 1930 թվականի ապրիլի 15-ին:
Վաղ հասակում կորցրել է ծնողներին: Լենան ունեցել է երկու քույր, երեք եղբայր, ավագն Լենան էր եւ ծնողների մահից հետո ծնողական ծանր բեռը մնաց մանկահասակ Լենայի ուսերին: Խնամել է քույրերին ու եղբայրներին: Դպրոցահասակ Լենայի համար արդեն դպրոց գնալը մեծ խնդիր է դառնում: Չորրորդ դասարանը Լենայի համար վերջին դասարանն է լինում: 18 տարեկանում Լենան ընդունվում է աշխատանքի Լենինականի Տեքստիլ կոմբինատում, որպես բանվորուհի: 28 տարի աշխատելուց հետո անցնում է թոշակի: Արդեն 1973թ.-ին Լենան հիվանդանում է, երկար ժամանակ բուժում ստանում հիվանդանոցում՝ հոդերի ցավի դեմ:
– Տեքստիլ կոմբինատում աշխատանքս ծանր էր, եւ հենց դա էր հիվանդությանս պատճառը,- պատմում է Լենան:
Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո արդեն անհնար է դառնում Լենայի աշխատելը: Երկուսից երեք տարի չաշխատելուց հետո Լենան հանդիպում է իր վաղեմի ծանոթներից մեկին, ով Լենային առավել հանգիստ աշխատանք է առաջարկում Գյումրու Գուլպայի գործարանում, որպես հսկիչ: 6 տարի աշխատում է Գուլպայի գործարանում մինչ 1988 թվականը: Իսկ 1988-ից հետո արդեն մեծացած Լենան առողջական խնդիրների պատճառով ի վիճակի չի լինում նորից աշխատելու:
– Ամուսնացրեցի եղբորս, հետո քրոջս,- պատմում է Լենա տատիկը:
Քաղցկեղից մահանում է մյուս եղբայրը, ում խնամքով նորից զբաղվում է Լենա տատիկը: Մեծ դժվարությամբ պահում է հիվանդ եղբորը:
– Պահեցի, խնամեցի, ամուսնացրեցի ու կյանքս անցավ,- պատմում է Լենան:
Իր քույրերի ու եղբայրների խնամքով զբաղված Լենան չի ամուսնացել, սակայն շատ հոգատարությամբ ու, ինչու ոչ, նաեւ հպարտությամբ պատմում է, որ ինքը քույրերի ու եղբայրների համար եղել է եւ՛ հայր, եւ՛ մայր: Զրուցելով Լենա տատիկի հետ, հասկացա, թե որքան, ինչպես ինքն ասեց «ամակ» է դրել քույրերին ու եղբայրներին մեծացնելու, յուրաքանչյուրին իր նպատակին հասցնելու համար: Այնքան շատ է եղել սերը նրանց հանդեպ, որ մոռանալով սեփական եսը, անձնական կյանքը մի կողմ դնելով, մի ամբողջ կյանք է նվիրել նրանց: Բայց նա չի զխչում։ Ինչպես ասվում է Աստվածաշնչի Կորնթացիներ 10։1 հատվածում «Ինչպես որ ես էլ ամեն ինչում հաճեցնում եմ բոլորին՝ փնտրելով ոչ թե իմ օգուտը, այլ շատերինը, որպեսզի նրանք փրկվեն։»
– Իրենք էլ ինձ չմոռացան, ինձ հարգում ու սիրում են մինչ օրս:
Այժմ Լենան ապրում է իր հայրական տանը փոքր քրոջ հետ:
«Հայկական Կարիտաս»-ի մասին իմացել է շատ վաղուց: Բացման օրվանից մինչ օրս, արդեն գրեթե 10 տարի, ուրախությամբ հաճախում է «Տարեցների ցերեկային խնամքի» Գյումրու կենտրոնը:
– Կենտրոնը մի քանի տեղ է տեղափոխվել, բայց դա ինձ համար չի ունեցել որեւէ նշանակություն, որովհետեւ ինձ շատ հարազատ եմ զգացել այստեղ, շատ գոհ եմ, ինձ շատ են օգնել, օժանդակել:
Պատրաստեց՝ Ստելլա Անտոնյանը