Նպատակ՝ Հայաստանում հաստատել ու բարեփոխել միգրացիոն քաղաքականությունն ու փորձը:
Միգրացիա ու վերաինտեգրում ռազմավարական ուղղության ընդհանուր նպատակն է հետևողական աշխատանքով նպաստել մի կողմից՝ միգրանտների իրազեկվածության բարձրացմանը, շահերի ու իրավունքների պաշտպանությանը, մյուս կողմից՝ անհատ միգրանտներին ինտեգրման կայուն աջակցություն տրամադրելուն: Մի դեպքում ազգային մակարդակում միգրացիային առնչվող քաղաքականությունը կա՛մ բացակայում է, կա՛մ լիարժեք չէ, մեկ այլ պարագայում միգրանտները պետք է պատշաճորեն տեղեկացված լինեն անվտանգ միգրացիայի հնարավորությունների մասին կամ բավականաչափ հմտություններ ու գիտելիք ունենան՝ հայրենիքում հաստատվելու համար: Այս նպատակով առաջին հերթին պետք է անցկացվեն միգրանտների շահերի պաշտպանության թիրախավորված գործողություններ: Երկրորդ՝ միգրանտների համար պետք է անցկացվեն իրազեկվածության բարձրացմանն ուղղված արշավներ: Երրորդ՝ անհրաժեշտ է կիրառել վերադարձողների անհատական վերաինտեգրման պլանների պրակտիկան: Չորրորդ՝ պետք է համագործակցություն հաստատվի Ռուսաստանի Դաշնությունում գործող ՀԿ-ների հետ աշխատանքային միգրանտների շահերի և իրավունքների պաշտպանության նպատակով: Ի վերջո ամենակարևորը՝ պետք է ֆինանսավորվեն համայնքային զարգացման, ինչպես նաև եկամտաբերության խթանման նախաձեռնությունները:
Արդյունք 6.1 (արտագաղթի վերաբերյալ). Անվտանգ միգրացիան կիրառվում է պոտենցիալ միգրանտների հզորացման և միգրացիոն քաղաքականության բարելավման շնորհիվ:
Արդյունք 6.1-ի նպատակն է նպաստել միգրանտներին առնչվող իրավական ոլորտի բարելավմանը: Մյուս կողմից՝ այն ձգտում է ուժեղացնել պոտենցիալ միգրանտներին՝ մեկնելուց առաջ տրամադրելով տեղեկություններ, կազմակերպելով դասընթացներ և իրազեկվածության բարձրացմանն ուղղված արշավներ: Պոտենցիալ միգրանտներին հզորացնելու նպատակով կարևոր է նպաստել համայնքային դիմակայունության բարձրացմանը և արտագաղթի ծավալների կրճատմանը: Դեռ ավելին, ռուսաստանյան գործընկեր ՔՀԿ-ների հետ համագործակցելով, ՀՀ աշխատանքային միգրանտներն ավելի պաշտպանված կլինեն Ռուսաստանի Դաշնությունում: Բացի այդ, համայնքներն ու միգրանտները (նաև պոտենցիալ) աջակցություն կստանան կայուն եկամտի աղբյուրների ստեղծման և ենթակառուցվածքների պահպանման գործում:
Արդյունք 6.2 (ներգաղթի վերաբերյալ). Վերադարձողներն ու փախստականներն ստանում են կայուն (վերա)ինտեգրման աջակցություն:
Արդյունք 6.2-ի շրջանակում իրականացվում են առավելապես անհատական բնույթի գործողություններ, ինչպես, օրինակ՝ ԵՄ երկրներից վերադարձող ՀՀ քաղաքացիների համար նախատեսված սոցիալական, իրավական աջակցության փաթեթների տրամադրում, ինչպես նաև փախստականների կամ փախստականի իրավիճակում հայտնված անձանց մասնագիտական վերապատրաստման դասընթացների կազմակերպում և անհրաժեշտ գործիքների տրամադրում: Բացի այդ, իրականացվելու են շահերի պաշտպանության գործողություններ ոլորտում գործող կառույցների կողմից վերադարձող միգրանտների վերաինտեգրման և փախստականների/միգրանտների իրավունքների հասանելիության միասնական մոտեցումների մշակման և ընդունման ուղղությամբ՝ միգրացիայի բացասական հետևանքների կանխարգելման նպատակով: