«Ոչ թե գիտությունը և տեխնոլոգիան կամ տնտեսական և նյութական զարգացման միջոցները, այլ մարդ անհատը և, հատկապես, անհատների խմբերը, համայնքները և ազգերն են վճռելու ապագան՝ Աստծո կամքով և ազատորեն որոշելով միասնաբար առերեսվել խնդիրներին»:
Հայկական Կարիտասը (այսուհետ՝ ՀԿ) կիսում է Միջազգային Կարիտասի տեսլականը՝ տարածելով շրջակա միջավայրի արդարության արժեքներն ու սկզբունքները և ձգտում է դեպի մի աշխարհ, որտեղ մեր շրջակա միջավայրի փոխկապակցվածությանը հետևում է «միասնական պատասխանատվությունը, իսկ մեր ընդհանուր ճակատագրին ընդառաջ ենք գնում համերաշխությամբ», որտեղ երկրի բարիքներից օգտվում են բոլորը և որտեղ ամբողջ արարչագործությունը փայփայում են և պահում վստահելի ձեռքերում՝ հանուն ապագա սերունդների համընդհանուր բարիքի:
ՀԿ-ն ինքն իրեն համարում է ուժեղ և ազդեցիկ դերակատար՝ Հայաստանի Հանրապետությունում սոցիալական արդարության և սոցիալական պաշտպանության ամրապնդման հարցում: ՀԿ-ն նպատակ ունի զարգացնել կայուն համայնքներ: ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի և զարգացման խորհրդաժողովը «Մեր ընդհանուր ապագան» վերտառությամբ զեկույցում «կայուն» հասկացությունը բնորոշել է հետևյալ կերպ. «Կայուն զարգացումն այն զարգացումն է, որն արձագանքում է ներկայի կարիքներին՝ առանց վնասելու ապագա սերունդների՝ սեփական խնդիրները լուծելու կարողությունները»: Կայունության կարելի է հասնել՝ հիմնվելով հետևյալ սյուների վրա.
–տնտեսական կայունությունն այն կարողությունն է, որն անժամկետ ապահովում է տնտեսական արտադրողականության որոշակի մակարդակ,
–սոցիալական կայունությունը սոցիալական համակարգի, օրինակ՝ պետության, կարողությունն է՝ անժամկետ ապահովելու բարեկեցության որոշակի մակարդակ,
–շրջակա միջավայրի կայունությունն այն կարողությունն է, որը անժամկետ կառավարում է վերականգնվող պաշարների հարստահարման, աղտոտվածության և չվերականգնվող պաշարների սպառման ցուցանիշները:
ՀԿն հանձնառու է լինել պատասխանատու իր և՛ դրական, և՛ բացասական ազդեցությունների համար, ներառյալ ազդեցությունը շրջակա միջավայրի վրա:
Հայկական Կարիտասն ընդունում է, որ իր գործողություններն ու նպատակները կարող են հետևանքներ թողնել շրջակա միջավայրի վրա և ջանում է նվազագույնի հասցնել դրանք:
Հայկական Կարիտասը հետևում է Միջազգային Կարիտասի՝ շրջակա միջավայրի արդարության վերաբերյալ ուղեցույցներին և, ավելին, իր գործողություններում պահպանում է սույն փաստաթղթով սահմանված կետերը:
Շրջակա միջավայրի էթիկայի նպատակը և ազդեցության ոլորտը
Շրջակա միջավայրի էթիկայի նպատակը մարդկային արժանապատվության և կայուն զարգացման սկզբունքների հետ միասին շրջակա միջավայրի արդարության ներառումն է ՀԿ-ի աշխատանքի բոլոր մակարդակներում՝ նվազագույնի հասցնելով իր գործողությունների բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա, ինչպես նաև աշխատելով այլ կառույցների հետ միասին, որոնք կիսում են նույն տեսլականը:
Այս ամենի գործադրումը կունենա հետևյալ արդյունքները.
- կօգնի պահել ՀԿ-ի դրական կերպարը՝ որպես շրջակա միջավայրի համար պատասխանատու կազմակերպություն,
- կառաջարկվի ուղեցույցների և խորհրդատվության փաթեթ՝ ՀԿ-ի ամենօրյա գործողությունների համար,
- կօգնի ՀԿ-ին լինել հետևողական և հավատարիմ մնալ կազմակերպության արժեքներին,
- կառաջարկվի գրասենյակի և ծրագրերի կառավարման այնպիսի ուղեցույց, որը կհամապատասխանի շրջակա միջավայրի պահպանության տրամաբանությանը:
Շրջակա միջավայրի էթիկայի պահպանումը խորհուրդ է տրվում ՀԿ-ի անձնակազմի բոլոր անդամներին, ՀԿ-ի բոլոր գործընկերներին և ՀԿ-ի բոլոր գործողությունների միջոցով:
Շրջակա միջավայրի էթիկայի թեմատիկ շրջանակները և առաջարկվող գործողությունները, ինչպես շեշտադրված են Միջազգային Կարիտասի ուղեցույցներում
Ա) Կլիմայի փոփոխությունը, ապագայի պլանավորումը և որոշումների կայացումը
1.Կլիմայի փոփոխության վերաբերյալ նկատառումները պետք է կարևոր տեղ զբաղեցնեն ՀԿ-ի քաղաքականությունների մշակման և պլանավորման գործընթացներում, ինչպես նաև որոշումների կայացման մեջ:
2.Կլիմայի փոփոխության կառավարման գործողություններում պետք է հզորացվի շահերի պաշտպանությունը ազգային մակարդակում՝ հանուն պատշաճ կառավարման:
3.Հարկ է մշակել և ՀԿ-ի ծրագրային պլանավորման և, մասնավորապես, կայուն զարգացման ռազմավարությունների մեջ ներառել պատշաճ արձագանքման միջոցառումներ՝ կանխարգելու կլիմայի փոփոխությունների բացասական հետևանքները:
4.Ազգային մակարդակում իրականացվող գործողություններում հարկ է ներառել ջերմոցային գազերի արտանետումների նվազեցման միջոցառումներ, և այս խնդրի վերաբերյալ հարկ է զարգացնել շահերի պաշտպանություն ազգային մակարդակում:
Բ) Կլիմայի փոփոխությունները. վերապատրաստում և իրազեկում
1.ՀԿ-ն պետք է վստահ լինի, որ քաջատեղյակ է Հայաստանում և տարածաշրջանում կլիմայի փոփոխությունների խնդիրներին:
2.Հարկ է հզորացնել մարդկային կարողությունները՝ դիտարկելու և գնահատելու կլիմայական փոփոխությունների միջավայրային, սոցիալական և տնտեսական ռիսկերը և հետևանքները:
3.Ծրագրերի միջավայրային ազդեցության գնահատումը պետք է ընդլայնվի և ներառի նաև կլիմայական փոփոխությունների ազդեցությունները:
Գ) Շահերի պաշտպանություն՝ ադապտացիոն ռեսուրսների և համընդհանուր ջերմոցային գազերի արտանետումների նվազեցման ուղղությամբ
1.ՀԿ-ն իր ծրագրերում և, եթե հնարավոր է, երկրում պետք է զարգացնի էներգիայի արդյունավետ օգտագործումը՝ որպես կլիմայի փոփոխություններին արձագանքման բաղադրիչ:
2.ՀԿ-ն ազգային և տեղական մակարդակներում պետք է իրականացնի շահերի պաշտպանություն կլիմայի փոփոխությունների խնդիրների վերաբերյալ՝ ներառյալ անտառահատումները:
Դ) Կլիմայի փոփոխությունը՝ միավորումներ և համագործակցություն
1.Ազգային մակարդակում հարկ է հզորացնել միավորումները և համագործակցությունը Եկեղեցու այլ համապատասխան կառույցների, այլ դավանանքների հաստատությունների և կազմակերպությունների հետ:
Գրասենյակային գործողությունները միջավայրի համար ունեն բացասական հետևանքներ: Տարածքների ջեռուցման և հովացման, տպագրության, սարքավորումների օգտագործման և թափոնների օպտիմալացումն այն ուղղություններից են, որոնք կարող են նվազեցնել միջավայրի վրա ազդեցությունները և խնայել կազմակերպության ռեսուրսները: Էներգախնայողությունը, վերաօգտագործումը և վերաշրջանառությունը, անցումը էլեկտրոնային փաստաթղթավորմանը և համագործակցությունը շրջակա միջավայրի հանդեպ պատասխանատու ձեռներեցների հետ արդյունավետ ճանապարհներ են նվազեցնելու միջավայրի վրա ունեցած բացասական հետևանքները:
ՀԿ-ն, մասնավորապես, պետք է վարվի հետևյալ կերպ.
- տպել թղթի երկու կողմերին և օգտագործել վերաօգտագործվող թուղթ, երբ հնարավոր է,
- հնարավորինս օգտագործել/պահել բոլոր փաստաթղթերի էլէկտրոնային տարբերակները՝ թղթե տարբերակների փոխարեն,
- առանձնացնել և նորից օգտագործել թուղթը և այլ թափոնները, եթե հնարավոր է,
- ընտրել էներգիայի արդյունավետ օգտագործման սարքեր. էներգիայի արդյունավետության ցուցանիշները կարող են օգնել ընտրության հարցում,
- փոխարինել բոլոր լամպերը LED լամպերով. սա կնվազեցնի էներգիայի օգտագործումը և կխնայի էլեկտրաէներգիայի վրա ծախսվող գումարը,
- օգտագործել էներգախնայող ջեռուցման և հովացման համակարգեր. պետք է հնացած համակարգերը փոխարինել էներգախնայող համակարգերով,
- օգտագործել ծրագրավորվող թերմոստատներ՝ նվազեցնելու համար էներգիայի ծախսն այն ժամերին, երբ շինությունը չի օգտագործվում,
- ավելի արդյունավետ ջերմամեկուսացնել շենքը և/կամ փոխել պատուհանները, եթե դրանք արդյունավետ կերպով չեն ջերմամեկուսացնում,
- շենքերի ջեռուցման և հովացման համար, եթե հնարավոր է, օգտագործել վերականգնվող էներգիայի աղբյուրներ, օրինակ՝ օգտագործելով արևային, գեոթերմիկ կամ հողմային էներգիա,
- օգտագործել ջրի խնայողության ծորակներ,
- օգտագործել տեղական արտադրողների արտադրանքը և ծառայությունները, երբ հնարավոր է,
- գնումները կատարել այն մատակարարներից/արտադրողներից, որոնք ունեն շրջակա միջավայրի պահպանության հիմնարար քաղաքականություն,
- խուսափել օգտագործել այն արտադրանքները, որոնք փաթեթավորված կամ պատրաստված են պլաստիկով:
ՀԿ-ն ձգտելու է նվազեցնել ճամփորդության հետևանքով շրջակա միջավայրին հասցվող բացասական ազդեցությունը: Ճամփորդության բացասական հետևանքները կարող են նվազեցվել հետևյալ կերպ.
- նվազեցնել հանդիպումներ կազմակերպելու համար ճամփորդությունների քանակը, եթե հնարավոր է, և հաղորդակցման և հանդիպումների համար օգտագործել թվային տեխնոլոգիաները: Web 2.0 տեխնոլոգիաները հնարավորությունների լայն շրջանակ են ընձեռում համագործակցային կամ հեռավար աշխատանքի համար,
- ճամփորդել խմբերով/ համատեղել տրանսպորտը,
- հնարավորինս համատեղել մի քանի ճամփորդությունները,
- գնումներ կատարելիս օգտվել առցանց գնումների կամ առաքման ծառայություններից՝ ճամփորդելու փոխարեն,
- կարճ հեռավորությունների դեպքում խուսափել ինքնաթիռով ճանապարհորդելուց,
- օգտագործել հանրային տրանսպորտը, որովհետև այն ավելի քիչ բացասական ազդեցություն ունի, քան անհատական մեքենան կամ տաքսին:
ՀԿ-ի կողմից կազմակերպվող միջոցառումները ևս ունեն ազդեցություն շրջակա միջավայրի վրա: Դրանք նվազեցնելու համար ՀԿ-ն պետք է վարվի հետևյալ կերպ.
- ընտրել վայր, որն առավել մոտ է մասնակիցների մեծ մասին՝ կրճատելով հեռավորությունը,
- կազմակերպել խմբային տեղափոխումներ հանդիպումների համար,
- ընտրել վայրեր, որտեղ գործում է շրջակա միջավայրի պահպանության հիմնարար քաղաքականություն, օրինակ՝ օգտագործում են վերականգնվող էներգիայի աղբյուրներ,
- պատվիրել ճաշեր՝ պատրաստված տեղական արտադրողների մթերքով և շրջակա միջավայրի վրա ավելի ցածր բացասական ազդեցությամբ (օր.՝ մրգերով, բանջարեղենով),
- նվազագույնի հասցնել մսի օգտագործումը առաջարկվող ճաշերում. մսով արտադրանքը պահանջում է ավելի շատ ռեսուրսներ, քան այլ մթերքով արտադրանքը: Բուսական կամ բանջարեղենի հիմքով պատրաստված ճաշերը կարող են էապես նվազեցնել բացասական հետևանքները շրջակա միջավայրի վրա,
- նվազեցնել սննդի վատնումը,
- խուսափել փոքր փաթեթավորումով մթերքից (օր.՝ ըմպելիքներից). գնել մեծ փաթեթավորումով մթերք/ըմպելիք, օր.՝ գնել 2լ տարայով ջուր՝ 5 լ տարայի փոխարեն,
- նվազագույնի հասցնել պլաստիկից պատրաստված արտադրանքի օգտագործումը: