Հոկտեմբերի 1-ը տոնվում է որպես Տարեցների միջազգային օր: Սա հնարավորություն է մեկ անգամ ևս հարգանքի տուրք մատուցելու այն մարդկանց, ովքեր վաստակել են արժանապատիվ ծերության իրավունքը, և առիթ՝ անդրադառնալու տարեց մարդկանց խնդիրներին ու գտնելու դրանց լուծման ուղիները: Հետևապես, տարեցների համար կյանքի արժանապատիվ պայմաններ ապահովելը և նրանց նկատմամբ հոգատարությունը պետության ու հասարակության պարտավորությունն են:

«Հայկական Կարիտաս»-ը հավատում է, որ Հայաստանում տարեցներն արժանի են ապրելու արժանապատիվ կյանքով, պետության կողմից ստանալու անվճար բուժօգնություն, օգտվելու սոցիալական և մշակութային, ինչպես նաև տնային խնամքի համարժեք ծառայություններից:

Այսօր էլ, օրվա խորհրդով, կենտրոնի անձնակազմն ու կամավորներն արել էին ամեն ինչ, որպեսզի շահառուների համար օրն առանձնանար։ Միջոցառումը մեկնարկեց Տեր Հովսեփ քահանա Գալստյանի ողջույնով ու աղոթքով։ «Տեսնելով մեր տարեցների պոտենցյալը ևս մեկ անգամ վստահեցնում ենք, որ նրանք այնքան ներուժ ունեն իրենց մեջ, որ կարող են մեզ՝ երիտասարդներիս, ոգևորել։ Այս տոնը մի նպատակ ունի՝ հասարակությունն իր կենտրոնում պահի Ձեզ՝ ևս մեկ անգամ փաստելով, որ մենք բոլորս Ձեզ շատ սիրում ենք»։ Տարեցներին իր և Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի անունից շնորհավորելու էր եկել նաև Գյումրու փոխքաղաքապետ Հայկ Սուլթանյանը։ «Իմ և քաղաքապետի անունից եմ շնորհավորում Ձեզ։ Հայ ժողովուրդն ավանդապաշտ ժողովուրդ է ու միշտ էլ սիրել ու հարգել է իր մեծերին։ Շնորհակալություն եմ հայտնում նաև «Հայկական Կարիտաս»-ին՝ ի բարօրություն տարեցների նմանատիպ ծրագրեր իրականացնելու համար»:

«Մենք պարտավոր ենք Ձեզ հիշել ամեն վայրկյան, քանի որ դուք մեզ հիշեցնում եք մեր անցյալն անպես, ինչպես որ կա և դրանով մեզ շատ բան եք սովորեցնում։ Դուք մեր անցյալի կերտողներն եք»,-շնորհավորելով բոլորին` առողջություն ու բարեկեցություն մաղթեց «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի «Տարեցների հոգացություն ու ներառում» ռազմավարական ուղղության պատասխանատու Ֆլորա Սարգսյանը։

Վերջում մինչ կենտրոնի շահառուներին սպասվում էր տոնական հյուրասիրություն ու ուրախ երգ ու պար, փոխքաղաքապետը, նախ ծանոթացավ «Տարեցների ցերեկային հոգածության սոցիալական կենտրոն»-ի պայմաններին, ապա Հայկական Կարիտասի Տնային խնամք ծրագրի աշխատակիցների ուղեկցությամբ այցելիեց ծրագի շահառու 100 ամյա Մարիամ Եղիազարյանին։