2018-ի հոկտեմբերի 17-ին Երևանի Սբ. Գրիգոր Նարեկացի հայ կաթողիկէ ժողովրդապետության կենտրոնում տեղի ունեցավ Հայկական Կարիտաս բարեսիրական հասարակական կազմակերպության գործընկերային հանդիպումը: Հանդիպմանը ներկա էին ինչպես տեղական, այնպես էլ միջազգային գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչները:
Հանդիպմանը մասնակցում էին Հայկական Կարիտասի ընդհանուր նախագահ Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանը, գործադիր տնօրեն Գագիկ Տարասյանը և ծրագրերի ղեկավարները, Կարիտաս Եվրոպայի գլխավոր քարտուղարը, Իսպանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ, Լիբանանի Կարիտասի, ավստրիական Կարմիր Խաչի, Եվրոպական զարգացման բանկի, World Vision կազմակերպության, Հայաստանի Աշխատանքի և սոցիալական հարցերի, սփյուռքի, տարածքային զարգացման նախարարությունների, Շիրակի մարզպետարանի և այլ կազմակերպությունների աշխատակիցներ, որոնք համագործակցել կամ առաջիկայում համագործակցելու են Հայկական Կարիտասի հետ: Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ սփյուռքի փոխնախարար Դավիթ Սարգսյանը և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Արսեն Մանուկյանը:
Մինչ հանդիպման մեկնարկը, մասնակիցները ներկա գտնվեցին Սուրբ Պատարագի՝ ձեռամբ Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանի և առընթերակայությամբ Հ. Գառնիկ ծ. վրդ. Հովսեփյանի և Հ. Նարեկ վրդ. Մնոյանի:
Հանդիպման բացման խոսքով հանդես եկավ Արհ. Տ, Ռաֆայել արքեպս. Մինասյանը, ով խոսեց Կարիտասի և ընդհանուր նպատակների մասին՝ շեշտելով, որ բոլորը՝ ինչպես Հայկական Կարիտասը, այնպես էլ գործընկերներ կազմակերպությունները, կոչված են Աստծո կողմից շնորհված նույն առաքելության, որն է դրական փոփոխություններ բերել հասարակության մեջ՝ օգնելով կարիքավորին դուրս գալ բարոյական և սոցիալական անառողջ հասարակական կացությունից: «Մեր հասարակությունն այսօր կորցրել է ազնիվ մարդկային արժեքները: Բոլորս միասին պետք է աշխատենք փոփոխություններ բերել հենց ա՛յս ոլորտում»,-ասաց Սրբազան Հայրը: Նա շնորհակալություն հայտնեց բոլոր գործընկերներին երկար տարիներ Հայկական Կարիտասի հետ միասին աշխատելու համար և հույս հայտնեց որ ապագայում այդ համագործակցությունն էլ ավելի արդյունավետ կլինի: «Սերն է այնկարևորագույն բաղկացուցիչը, որ մենք պետք է կառուցենք Կարիտասում: Մեր առաքելությունն է՝ վկայելԱստծո սերը, որն արտահայտվում է մեր գործերով և սրտացավությամբ»,-ընդգծեց Սրբազան Հայրը:
«Հայկական Կարիտասը 24 տարվա պատմություն ունի՝ գործունեությունը սկսել է 1995 թվականի մայիսի 10-ից՝ հայ կաթողիկէ առաջնորդարանի կողմից: Աշխատանքները սկսել ենք ընդամենը 2 հոգով: Հայաստանի համար շատ ծանր տարիներ էին, մեր համար ևս, քանի որ մենք չգիտեինք թե ինչ է իրենից ներկայացնում հասարակական կազմակերպությունը, ինչ է նշանակում Կարիտասը և հենց այդ պայմաներում մեր հիմնադիրներից մեկի՝ տիկին Զվարթ Նաջարյանի կողմից ընտրվեցին երկուսը, ովքեր մեկնեցին վերապատրաստման: Վերապատրաստումից հետո սկսեցինք մեր գործունեությունը: Հայ կաթողիկէ եկեղեցին մեզ մի փոքր տարածք տրամադրեց, ունեինք 1 սեղան և 4 աթոռ, այսօր՝ 220 աշխատակից ունի Հայկական Կարիտասը: Կազմակերպությունն իր գործունեությունը ծավալում է այս պահին Հայաստանի 4 մարզում և Երևանում: Իրականցնում է 55 ծրագիր: Ունեցել ենք շատ հաջողություններ, իսկ դա Ձեր՝ մեր գործընկերների շնորհիվ Է: Առանց Ձեր աջակցության մենք այսպիսի հաջողության չէինք հասնի»,-իր խոսքում նշեց գործադիր տնօրեն Գագիկ Տարասյանը:
Հանդիպման ընթացքում համագործակցության մասին կարևորեց նաև Կարիտաս Եվրոպայի քարտուղար Խորխե Նունո Մայերը:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչ Արսեն Մանուկյանը ներկայացրեց խոցելի խմբերի սոցիալական պաշտպանության, միգրացիայի և ինտեգրման, տնտեսական և գյուղատնտեսական զարգացման մասին: ՙՄենք շատ ենք կարևորում Հայկական Կարիտասի գործունեությունը Հայաստանում և ես հատկապես ուզում եմ նշել Կարիտասի կողմից իրականացվող Փոքր տների ծրագիրը, որն իրականացվում է Վանաձորում և մենք հաջորդ տարվանից պատրաստվում ենք միանալ այդ ծրագրին մեր ֆինանսավորմամբ, քանի որ այդ գործունեությունը համահունչ է մեր կառավարության կողմից իրակնացվող քաղաքականությանը: Գոհունակություն եմ հայտնում նաև սոցիալական կենտրոնների գործունեության հետ»,-նշեց փոխնախարարը՝ վստահեցնելով առաջիկայում էլ պատրաստ են համագործակցության:
«Հալեպ» կազմակերպության ներկայացուցիչ Սարգիս Բալյանը և Շիրակի փոխմարզպետի օգնական Սուրեն Ավդալյանը, վստահեցրին՝ նրանք ժամանակին Հայկական Կարիտասի շահառուներն էին, իսկ այսօր արդեն որպես գործընկերներ պատրաստ են համագործակցության՝ տարբեր հարթակներում:
Հանդիպման ընթացքում Հայկական Կարիտասի աշխատակիցները գործընկերների հետ միասին վերլուծեցին կատարված ծրագրերի արդյունքները, ռազմավարության և ծրագրերի գործադրման փոխադարձ համապատասխանությունը, քննարկեցին ռազմավարության կամ ծրագրային աշխատանքում անհրաժեշտ փոփոխությունների վերաբերյալ առաջարկություններ, սոցիալական աշխատանքի հետ կապված մարտահրավերները և նոր լուծումներ:
Հանդիպման երկրորդ հատվածում տեղի ունեցավ «Բաց տարածք» ձևաչափով խմբային քննարկում՝ սոցիալական խոցելի խմբերի շահերի պաշտպանության, սոցիալական փոխակերպման և նորարարության, ռազմավարական փոփոխությունների անհրաժեշտության մասին, որից հետո ներկաները, ըստ ռազմավարական ուղղությունների, ներկայացրրին իրենց ռազմավարության զարգացման տեսլականը:
Վերջին քննարկումը «Տաք աթոռ» ձևաչափով էր՝ սոցիալական պաշտպանություն և ներառում, տնտեսական զարգացում, Կարիտասը՝ որպես կամուրջ Եվրամիության և Հայաստանի միջև թեմաներով: