2026 թվականի հունիսի 8-12-ը Հայաստանում պաշտոնական այցով գտնվեց Գերմանիայի Կաթողիկէ Եպիսկոպոսների Խորհրդաժողովի Բարեսիրական հանձնախմբի պատվիրակությունը։ Պատվիրակությունը գլխավորում էր Ֆրայբուրգի Արքեպիսկոպոս և հանձնախմբի նախագահ Ստեֆան Բուրգերը։ Պատվիրակության կազմում էին նաև Բամբերգի Արքեպիսկոպոս և հանձնախմբի փոխնախագահ Հերվիգ Գյոսլը, Ֆրայբուրգի Արքեպիսկոպոսության օգնական եպիսկոպոս դոկտոր Քրիստիան Վյուրցը, Գերմանիայի «Կարիտաս» ասոցիացիայի նախագահ Եվա Մարիա Վելսկոպ-Դեֆաան, ինչպես նաև սոցիալական ոլորտի մասնագետներ, գիտնականներ և Գերմանիայի Կաթողիկէ Եկեղեցու ու «Կարիտաս Գերմանիայի» ներկայացուցիչներ։
Այցի նպատակն էր տեղում ծանոթանալ Գերմանիայի Կաթողիկէ Եպիսկոպոսների Խորհրդաժողովի ֆինանսավորմամբ «Հայկական Կարիտաս» բարեսիրական կազմակերպության կողմից իրականացվող ծրագրերի ընթացքին և արդյունքներին։
Հունիսի 9-ին պատվիրակությունը այցելեց Գյումրիի Սրբոց Նահատակաց Հայ Կաթողիկէ Աթոռանիստ Տաճար, որտեղ նրանց հյուրընկալեց Հայաստանի, Վրաստանի և Արևելյան Եվրոպայի Կաթողիկէ Հայոց Առաջնորդ, «Հայկական Կարիտաս» բարեսիրական կազմակերպության նախագահ Արհ. Տ. Գևորգ Արքեպիսկոպոս Նորատունկյանը։Պատվիրակության անդամները, «Հայկական Կարիտասի» անձնակազմի հետ միասին, մասնակցեցին Սուրբ Պատարագին, որը մատուցվեց Արհ. Տ. Գևորգ Արքեպիսկոպոս Նորատունկյանի հանդիսապետությամբ և համապատարագությամբ գերմանացի երեք եպիսկոպոսների, Հայաստանի հայ կաթողիկէ համայնքների ավագերեց Գերհ. Հ. Ներես Ծ. Վրդ. Գալստյանի և Փանիկի ժողովրդապետ Արժ. Տ. Միքայել Քհն. Դոմբուրյանի։
Իր քարոզում Սրբազանը կարևորեց Եկեղեցու և «Կարիտասի» առաքելության միասնությունը՝ ընդգծելով, որ բարեսիրական ծառայությունը քրիստոնեական վկայության անբաժանելի մասն է։
Առաջնորդ Հայրը հիշեցրեց, որ «Հայկական Կարիտասը» ավելի քան երեք տասնամյակ սերտ համագործակցություն է ծավալում Գերմանիայի Կաթողիկէ Եկեղեցու և «Կարիտաս Գերմանիայի» հետ՝ շնորհակալություն հայտնելով տարիների շարունակական աջակցության և վստահության համար։ Որպես երախտագիտության նշան՝ Սուրբ Պատարագից հետո նա պատվիրակության անդամներին հանձնեց հուշանվերներ, իսկ երեք եպիսկոպոսներին նվիրեց Տ. Միքայել Քհն. Դոմբուրյանի հեղինակած յուղանկար և մանրանկար սրբապատկերներ։ Ի պատասխան՝ Արքեպիսկոպոս Ստեֆան Բուրգերը Արհ. Տ. Գևորգ Արքեպիսկոպոս Նորատունկյանին նվիրեց Կաթողիկէ Եկեղեցու սրբեր՝ Սուրբ Բոնիֆացիոսի և Սուրբ Էդիթ Շտայնի պատկերներով գեղազարդված հուշամեդալ՝ այն բնութագրելով որպես «սրտից սիրտ փոխանցվող աստվածային սիրո գեղեցիկ արտահայտություն»։
Այցի ընթացքում պատվիրակությունը հանդիպումներ ունեցավ նաև «Հայկական Կարիտասի» Երևանի և Գյումրիի գրասենյակների աշխատակիցների հետ, ծանոթացավ կազմակերպության ընթացիկ ծրագրերին և այցելեց շահառուների ընտանիքներ։ Մասնավորապես, հյուրերը ծանոթացան Արտակարգ իրավիճակների օգնության ծրագրին, ինչպես նաև «Տնային խնամքի խթանումը Հայաստանում» ծրագրին, որն իրականացվում է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ), «Կարիտաս Գերմանիայի», «Կարիտաս Վրաստանի» և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աջակցությամբ։ Տնայցերի ընթացքում պատվիրակության անդամները հնարավորություն ունեցան անմիջականորեն հանդիպելու միայնակ և տարեց շահառուներին, գնահատելու բուժքույրական, սոցիալական և խնամքի ծառայությունների կարևորությունը նրանց առօրյա կյանքում։ Ծրագրի նպատակն է Հայաստանում զարգացնել տնային խնամքի կայուն և որակյալ համակարգ՝ բարելավելով տարեցների կյանքի որակը և նպաստելով նրանց սոցիալական ներառմանը։
Պատվիրակությունն այցելեց նաև Գյումրու «Փոքրիկ Իշխան» սոցիալական կենտրոն, որտեղ ծանոթացավ երեխաների և ընտանիքների համար իրականացվող սոցիալ-հոգեբանական աջակցության ծրագրերին։ Կենտրոնը նպաստում է կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաների սոցիալական պաշտպանությանը, զարգացմանը և հասարակության մեջ լիարժեք ինտեգրմանը։
Հանդիպումների ընթացքում Արհ. Տ. Գևորգ Արքեպիսկոպոս Նորատունկյանը բարձր գնահատեց Գերմանիայի Կաթողիկէ Եպիսկոպոսների Խորհրդաժողովի և «Կարիտաս Գերմանիայի» ներդրումն ու աջակցությունը՝ վստահություն հայտնելով, որ համագործակցությունը կշարունակի զարգանալ նաև ապագայում։ Իր հերթին պատվիրակության անդամները շնորհակալություն հայտնեցին «Հայկական Կարիտասի» անձնակազմին նվիրված և արդյունավետ աշխատանքի համար՝ ընդգծելով, որ Հայաստանում իրականացվող ծրագրերը վկայում են երկարամյա գործընկերության հաջողության մասին։
Այցի ավարտին կողմերը վերահաստատեցին իրենց պատրաստակամությունը շարունակելու փոխադարձ վստահության, համերաշխության և քրիստոնեական արժեքների վրա հիմնված համագործակցությունը՝ ի բարօրություն Հայաստանի առավել խոցելի խմբերի։


















