«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ն հայտարարում է մրցույթ «Եվրամիության վերաինտեգրման ծրագրի» հաշվետվության ներկայացման պատասխանատուի պաշտոնի համար
Վայրը՝ ք. Երևան
Տևողությունը՝ 2 ամիս /հնարավոր երկարացմամբ 1 տարի/
Զբաղվածությունը՝ Շաբաթական 30 ժամ (75% ներգրավվածություն)
Պայմանագրի տեսակը՝ Ծառայությունների մատուցման պայմանագիր
Դիմելու վերջնաժամկետը՝ 05.02.2026 /ներառյալ/
Աշխատանքի սկիզբը՝ 10.02.2026-31.03.2026
Ներածություն
«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ն հիմնվել է 1995 թ-ին Հայ Կաթողիկե Եկեղեցու կողմից՝ Կաթոլիկ օգնության ծառայության լայնածավալ աջակցությամբ: «Հայկական Կարիտաս»-ը, ունենալով բարեգործական ՀԿ-ի կարգավիճակ, կենտրոնացնում է իր ջանքերը առավել խոցելի սոցիալական խնբերի պաշտպանության, խնամքի եւ ներառման, առաջնային առողջության պահպանման, համայնքահեն զարգացման ծրագրերի, հայրենիք վերադարձողների կայուն վերաինտեգրման միջոցառումների, մարդասիրական ու զարգացման գործողությունների իրականացմանը:
Ծրագրի հակիրճ նկարագրություն
«Եվրոմիության վերաինտեգրման ծրագրի» ֆինանսավորումը ու համակարգումը իրականացնում է Եվրոպական Frontex կազմակերպությունը, որը անմիջական պատասխանատու է Եվրոպական Շենգեն սահմանների հսկման համար՝ համագործակցությամբ տվյալ երկրի սահմանապահների։
Ծրագրով նախատեսվում է աջակցել կամավոր և ոչ կամավոր վերադարձողների վերաինտեգրմանը։
Աշխատանքի հակիրճ նկարագրություն
Կազմել ու ներկայացնել ծրագրի շրջանակներում կամավոր ու պարտադիր վերադարձած միգրանտների ֆինանսական հաշվետվությունները, ըստ պահանջվող ձևաթեևթիկների: Պատասխանատու է շահառուների ծախսերի ճիշտ համակարգման, փաստաթղթավորման և դոնորի պահանջներին համապատասխան ժամանակին ներկայացման համար։
Աշխատանքի նկարագրությունը՝
- Կարգավորել վերադարձողների անձնական գործերի փաստաթղթերը, պահպանել ֆայլերը և ստեղծել անձնական տվյալների բազա։
- Վերաինտեգրման ամբողջ փուլի ընդացքում թարգմանել շահառուների պատմողական ու ֆինանսական փաստաթղթերը հատուկ ձևաթերթիկների մեջ։
- Կազմել յուրաքանչյուր շահառուի համար անհատական ֆինանսական հաշվետվություն՝ արտացոլելով ծրագրի շրջանակներում կատարված բոլոր ծախսերը և ներկայացված փաստաթղթերը (հաշիվ-ապրանքագրեր, անդորրագրեր, ստացականներ և այլն)։
- Ստուգել շահառուներին հատկացված գումարների համապատասխանությունը հաստատված անհատական բյուջեի և ամսական արտարժույթի փոխարժեքի հետ:
- Համեմատել ծախսված գումարը վերադարձնող երկրի կողմից նախօրոք հաստատված աջակցության գումարի չափի հետ և ապահովել, որ հաշվետվությունը ճշգրիտ արտացոլի ծախսերի մնացորդը (եթե այդպիսին կա)։
- Ծախսերը դասակարգել ծրագրի բյուջետային հատվածներին համապատասխան (օրինակ՝ բնակարան, կրթություն, բժշկական ծառայություններ, բիզնես-նախագծեր և այլն) և համոզվել, որ դրանք համապատասխանում են Եվրոմիության վերաինտեգրման ծրագրի կանոններին ու ուղեցույցներին։
- Վերջնական հաշվետվություն ներկայացնելուց առաջ ստուգել, որ բոլոր անհրաժեշտ ֆինանսական փաստաթղթերը (հավաքագրված վարորդ/սոց աշխատողի օգնականի կողմից) ներառված են և ճիշտ համակարգված։
- Ապահովել, որ հաշվետվությունների բոլոր թվային տվյալները, շահառուների անձնական տեղեկությունները և ծախսերի նկարագրությունները ճշգրիտ և ամբողջական են։
- Ամսական կտրվածքով բոլոր լրացված ֆինանսական ձևաթղթերը ամփոփել անհատական գործերի մեջ:
- Շահառուների ավարտված գործերի ֆինանսական ու պատմողական հաշվետվությունները ներկայացնել ծրագրի ղեկավարին:
- Ծրագրի իրականացման տարբեր փուլերում աջակցել ծրագրի մյուս անդամներին:
- Մասնակցել Հայկական Կարիտասի կամ այլ կազմակերպությունների կողմից կազմակերպվող թեմատիկ կարողությունների զարգացմանը նվիրված դասընթացներին:
- Ժամանակին տրամադրել տեղեկատվություն, փաստաթուղթ կամ այլ հաշվետվություն գրասենյակի ֆինանսիստի, ծրագրի ղեկավարի, գլխավոր հաշվապահի ու ՀԿ գործադիր տնօրենի պահանջով:
- Կատարել ծրագրի ղեկավարի կողմից հանձնարարված այլ պարտականություններ, որոնք բխում են ծրագրի նպատակներից և շահերից։
Անհրաժեշտ որակավորումները.
- Տնտեսագիտական կրթություն,
- հաշվապահական վերապատրաստումների առկայությունը կդիտարկվի որպես առավելություն,
- ծանրաբեռնվածությամբ աշխատելու կարողություն,
- անձնական պատասխանատվության բարձր զգացում և նախաձեռնողականություն,
- անգլերեն լեզվի իմացությունը պարտադիր է,
- համակարգչից օգտվելու կարողությունը պարտադիր է /MS Word, Excel/։
«Հայկական Կարիտաս»-ի Ապահով հավաքագրման և ընտրության քաղաքականության համաձայն բոլոր ընտրված թեկնածուները պարտավորվում են ներկայացնել Չդատվածության մասին տեղեկանք ոստիկանության բաժանմունքից: Բացառապես բոլոր աշխատակիցները պարտավորվում են հետևել «Հայկական Կարիտաս»-ի Վարվեցողության կանոններին, որին կարող եք ծանոթանալ այստեղ։
Դիմելու գործընթաց՝
Աշխատանքի համար կարող են դիմել միայն համապատասխան կրթությամբ մասնագետներ՝ ինքնակենսագրություն և հետաքրքրության նամակ ուղարկելով՝ m.hakobyan@caritas.am և hr@caritas.am էլ. հասցեներին մինչև 2026թ․-ի փետրվարի 5-ը վերնագրում նշելով՝ «Reporting specialist»:
Միայն հայտարարության պահանջներին համապատասխանող և նախնական փուլն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի: