«Նպաստել Հայաստանում բոլորի համար ներառական և համապատասխան որակյալ կրթության կայացմանը» ծրագրի համագաղափարակիրները ոչ միայն ակտիվ մասնակցում են կազմակերպվող բազմաբնույթ միջոցառումների, այլ նաև իրենց գիտելիքներով, փորձով և ներաշխարհի փոփոխություններով կիսվում են այլ ուսանողների հետ: «Իմ հաջողված պատմությունը» խորագրի ներքո կներկայացնենք համագաղափարակիրների հույզերը և ապրումները՝ առ այն, թե ինչպես է ներառումը դարձել ապրելակերպ: Ստորև ներկայացնում ենք Մերիի հաջողված պատմությունը:
Հաջողության մասին պատմություններն ուժ ունեն ոգեշնչելու, դրդելու և մեզանից յուրաքանչյուրի մեջ լավագույնը բացահայտելու համար: Հաճախ ասում են, որ հաջողությունը հետքեր է թողնում, և դա, անշուշտ, ճիշտ է: Մեր կյանքում ունեցած հաջողություններից մենք կարող ենք վերցնել դժվարությամբ ձեռք բերված իմաստությունը և կիրառել: Հաջողությունները, որոնց մենք հասնում ենք դժվարությունները հաղթահարելով, հաճախ ցույց են տալիս մեզ, որ ամեն ինչ հնարավոր է, եթե մենք պարզապես հավատանք ինքներս մեզ և երբեք չհանձնվենք: Հաջողությունը բախտի խնդիր չէ, այլ՝ քրտնաջան աշխատանքի, նվիրվածության և տոկունության արդյունք: Հաջողության մասին կյանքի մեր պատմությունները մեզ հնարավորություն են տալիս քաջություն գտնել, պայքարել և նպատակին հասնել: Այդպիսին է նաև այս հաջողության պատմությունը։
Դժվարանում եմ, չգիտեմ՝ որտեղից սկսել․ երևի թե այնտեղից, երբ առաջին անգամ բախվեցի ընկերներիս կողմից ծաղրանքին, երբ ինձ անվանեցին «մտավոր հետամնացի քույր»։ Այսօրվա պես հիշում եմ՝ ինչպես էի քարացել․ արցունքները հոսում էին աչքերիցս։ Կանգնել էի անօգնական, չգիտեի ինչ ասել, ինչ անել, կիսատ թողեցի խաղս ու վազելով փախա այդ չար ու նենգ հայացքներից։ Մի քանի օր դուրս չէի գալիս բակ, որ չտեսնեի նրանց, բայց շարունակ իրենց ծիծաղի ձայներն էին ականջներիս մեջ։ Ես գիտակցում էի, որ եղբայրս «տարբերվող է», նա տարբեր է իր արտաքինով, բայց նա իմ եղբայրն է։ Ծաղրանքները շարունակվեցին նաև դպրոցում, ես ինձ անօգնական էի զգում, չգիտեի՝ ինչ անել, մեկ-մեկ մտածում էի, որ եթե ուրիշների նման լիներ իմ եղբայրը, իմ կողքին կլիներ, կպաշտպաներ ինձ, չէր թողնի, որ ինձ նեղացնեին, այլ ոչ թե հակառակը։ Չէի ուզում գնալ որևէ տեղ եղբորս հետ, չէի ուզում, որ նա գար, որ նորից չծաղրեին ինձ, կամ «հիմար» հարցեր տային ինձ, որոնց պատասխանելուց հոգնել էի։ Ես չէի ուզում, որ եղբայրս բակ դուրս գար ինձ հետ, կամ ինչ-որ տեղ գնայինք միասին, դժվար էր ինձ համար, ես ուզում էի, որ ինձ ընդունեին այնպիսին, ինչպիսին ես եմ։ Եղբայրս չկարողացավ հարմարվել դպրոցին, բայց ցանկություն կար սովորելու, իր պատրաստակամության ու համառության շնորհիվ մեծ դժվարությամբ ծնողներս եղբորս ուղարկեցին քաղաք՝ սովորելու «հատուկ դպրոցում»։ Ամեն անգամ, երբ ծուլանում էի, սովորելուց միշտ եղբայրս էր գալիս աչքիս առաջ, ու ստացվեց այնպես, որ կտրվեցի ընդունելության քննությունից, ոչ ոք կողքիս չէր, բացի եղբորս։ Մի քանի օր պետք եկավ, որ սթափվեի ու որոշեցի ձեռքիցս բաց չթողնել երկրորդ հնարավորությունը։ Եղբորս օրինակը աչքիս առաջ ունենալով՝ սկսեցի պարապել գիշեր-ցերեկ, քննությունները հանձնեցի ու ընդունվեցի համալսարան։ Ամենուր բախվել խնդիրների՝ արժանանալ հասարակության ծաղրանքին, վիրավորանքին, արհամարանքին, բայց դրա հետ մեկտեղ եղբորս շնորհիվ հասկացա, որ պետք է լինես ուժեղ, պատրաստակամ, նպատակասլաց, որ հասնես քո բոլոր նպատակներին։ Եղբայրս, ընտանիքս, մասնագիտությունս օգնեցին հասկանալու ու վերագտնելու իմ ուժերը ու իմ հնարավորությունները, հասկանալու, որ բոլորը տարբեր են ու հավասար, և ոչ ոք երաշխավորված չէ, որ նման դեպքեր իր հետ ևս կպատահեն։
Այսօր համընդհանուր ներառման շնորհիվ մեր աչքի առաջ ունենք հատուկ կարիքներ ունեցող երեխաների բազմաթիվ օրինակներ, ովքեր ապրում են մեզ հետ, մեր կողքին։