37 ամյա Էլինա Գասպարյանն իր 3 անչափահաս երեխաների հետ Գյումրի է տեղափոխվել Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանի Սարալանջ գյուղից՝ պատերազմից մի քանի օր անց:
«Սեպտեմբերի 27-ի առավոտն էր, բոլորս արթնացել էինք, սովորական առավոտ էր, սակայն, մի քանի րոպե անց, զգացինք մի տարօրինակ աղմուկ, հետո տրաքոցներ, նույնիսկ ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին նման աղմուկ չէինք լսել՝ հետո իմացանք, որ դրանք ադրբեջանական անօդաչուների հարձակումներն էին »,-պատմում Էլինան, փաստելով՝ իրենց ողջ կյանքի ապրուստը՝ տունն ու տեղը ստիպված են թողել ու Հայաստան եկել՝ երեխաների անվտանգության համար: «Չէինք կարող այս անգամ չգալ, լրիվ ուրիշ պատերազմ էր, հակառակորդի տեխնիկան զորեղ էր, ականները մեր տանը շատ մոտ էին ընկնում: Խուճապահար Հադրութի շրջանի բոլոր գյուղերից կանայք, ծերերն ու երեխաները փախչում էին: Վախն այնքան մեծ էր, որ նույնիսկ տաք հագուստ չվերցրեցինք: Սկզբում գնացինք Ստեփանակերտ, բայց այնտեղ էլ հրթիռակոծություն ու կրակոցներ էին, ի վերջո Հայաստան տեղափոխվեցինք»:
Քանի որ Երևանում արդեն ազատ հյուրանոց չկար, ընտանիքին առաջարկեցին Գյումրի տեղափոխվել: «Գյումրիում հարազատ կամ բարեկամ չենք ունեցել. Սկզբում՝ մոտ 3 ամիս, բարեգործական հյուրատներից մեկում տեղավորվեցինք, հետո արդեն էլ չէինք կարող մնալ հյուրատանը՝ իրենց ծրագիրն ավարտվեց: Անելանելի վիճակ էր, ստիպված էինք կրկին նոր բնակության վայր գտնել»:
Էլինայի 3 երեխաներից 2-ը՝ 11 ամյա Վերոնիկան ու 9 ամյա Միլենան այդ ընթացքում տեղավորվեցին քաղաքի հանրակրթական դպրոցներից մեկում, իսկ ավագը՝ 15 ամյա Նարեկը, Գյումրիի խորացված ֆիզիկա և մաթեմատիկական թեքումով դպրոցում, որտեղ տղային կարճ ժամանակում այնքան սիրեցին, որ իմանալով ընտանիքը ստիպված է լինելու բնակության այլ վայր փնտրել, փորձեցին իրենք ճանապարհներ գտնել հարցը լուծելու: «Որդուս ուսուցչուհին ինձ պատմեց Հայկական Կարիտասի մասին ու խորհուրդ տվեց դիմել ու չսխալվեց՝ 3 ամսվա տան վարձի խնդիր կազմակերպությունը լուծեց ու ոչ միայն դա»: Հայկական Կարիտասի կողմից նախատեսված վարձավճարն այնքան է, որ բավարարել է վարձակալել բոլոր հարմարություններով, լուսավոր ու տաքուկ բնակարան՝ երեխաների դպրոցներին մոտ:
Ծրագրի շրջանակներում, ընտանիքը, հատկացված գումարով, ձեռք է բերել նաև կենցաղային իրեր, ստացել է սննդային ու հիգիենիկ փաթեթներ: «Սկզբում թերահավատորեն մոտեցա, չէի կարծում, որ արագ կարձագանքեն: Ես նման վերաբերմունք չէի սպասում, դիմեցի ու անմիջապես արձագանքեցին ու ամեն ինչ անում են մեր կարիքից ելնելով: Շատ բան էր իրենց աջակցությունից կախված, իսկ ամենակարևորը՝ իմ որդու ապագան՝ այն կրթությունը, որ Նարեկս ստանում է այս դպրոցում անհամեմատելի է մեր փոքրիկ գյուղի կրթության հետ, մանկավարժները շատ են աշխատում, ինքն էլ սովորող է ու արդեն մաթեմատիկայից բավական լավ արդյունքներ է ցուցաբերում»,-ասում է մայրը:
Սկզբում Էլինան ու երեխաները մտածում էին, որ 3 օրից ավել չեն մնա Հայաստանում, սակայն պատերազմի արդյունքում պարզվեց, որ Հադրութի շրջանի շատ գյուղերի նման իրենց գյուղը ևս այլևս հայերինը չէ ու վերադառնալ Լեռնային Ղարաբաղ ընտանիքը այդքան շուտ չեն կարող:
Էլինան շատերի նման դեռ անորոշության մեջ է՝ ի՞նչ է լինելու, ու՞ր են գնալու: Նոր բնակարանի համար թեև առցանց գրանցվել են, սակայն ե՞րբ տան խնդիրը կլուծվի Ղարաբաղում, ընտանիքը դեռ չգիտի, մինչ այդ իրենք որոշել են մնալ Գյումրիում՝ ադրբեջանական հարձակման վտանգն այստեղ չկա, երեխաների ապագան ավելի լուսավոր է ու Կարիտասի նման կարիքի մեջ գտնվողին հասնող կազմակերպություն կա: