Շահերի պաշտպանություն, լոբբինգ եւ ցանցային համագործակցություն

«Հայկական Կարիտաս»-ը որպես ձայն է ծառայում նրանց համար, ովքեր ի զորու չեն խոսելու եւ «ուսումնասիրելով, վերլուծելով ու գործողություններ կատարելով» նպաստում է ավելի արդար եւ համերաշխ հասարակության կայացմանը:

Շահերի պաշտպանությունը կազմակերպված փորձ է փոխելու քաղաքականությունը, պրակտիկան եւ/կամ վերաբերմունքը, որն արվում է վկայություններ եւ փաստեր ներկայացնելու միջոցով` որպես ապացույց այն բանի, թե ինչպե՞ս եւ ինչո՞ւ պետք է փոփոխությունը կատարվի: Շահերի պաշտպանության հիմքում ընկած է այն միտքը, որ փոփոխությունների կարելի է հասնել իրազեկվածության բարձրացման, փոփոխությունների կատարման անհրաժեշտությունը ապացուցող վկայությունների եւ փաստերի ներկայացման եւ այն մարդկանց ներգրավման միջոցով, ովքեր ի զորու են կատարելու այս փոփոխությունները:

«Հայկական Կարիտաս»-ի Շահերի պաշտպանության բաժինը ձգտում է հասնել կառուցվածքային փոփոխությունների`սկսելով համայնքային մակարդակից եւ ընդլայնվելով դեպի գլոբալ մակարդակ, որը նպատակ ունի բարելավել աղքատության եւ մարգինալացման հետ մաքառող մարդկանց եւ հասարակությունների կյանքի որակը: Ուստի, «Հայկական Կարիտաս»-ը իրականացնում է շահերի պաշտպանությունը նրանց հետ եւ նրանց համար, ովքեր ձգտում են ստեղծել ավելի ազնիվ ու ընդգրկուն հասարակություն:

«Հայկական Կարիտաս»-ի շահերի պաշտպանության ընդհանուր նպատակը 2016-2018թթ.-ի համար հետեւյալն է` «Հայաստանում ապրող խոցելի բնակչության կյանքում հաստատել հարատեւ դրական փոփոխություններ` ընդյալնելով վերջիններիս հասանելիությունը սոցիալական պաշտպանության ծառայություններին եւ ապահովելով նրանց կայուն զարգացման հնարավորություններով»: