Գաղթի և կյանքի հատվող ճանապարհին

Դա մի սովորական աղքատիկ բնակարան էր… որտեղ շուրջ 26 տարի ապրում են ծեր ամուսինները:

Մենք այցելեցինք նրանց պատահական ձմեռային մի օր: Ամասիայի դաշտերը ամբողջովին սպիտակ էին, այնքան անաղարտ, այնքան մաքուր էր ամեն ինչ: Երկինքը նույնպես սպիտակ էր, կամ էլ, գուցե, հենց երկրի ճերմակությունն էր նրան այդպիսին դարձրել: Գյուղում օդը թեթև ու եթերային էր, զարմանալի հանգստություն կար այդ խաղաղ ու սառը օդում:

Արեստ պապն ու նրա փոքրամարմին կինը սպասում էին մեզ և ողջունեցին ինչպես իրենց հարազատներին կողջունեին: Նրանց աչքերում կարոտ կար, որը, մի պահ, չկարողացա ինձ վերագրել, քանի որ առաջին անգամ էի նրանց հանդիպում:

Արեստ պապը ծնվել է Շահումյանի շրջանի Քարաչինար գյուղում՝ 1933 թվականին: Քարաչինարը Լեռնային Ղարաբաղի հյուսիս-արևմտյան մասում գտնվող 27 գյուղերից մեկն է: Նրա մանկությունն ու երիտասարդությունն անցել է հենց հարազատ գյուղում: Ստացել է շինարարի մասնագիտություն և ողջ կյանքը նվիրել սիրելի գործին:

Այնուհետև տեղափոխվել է Ադրբեջանի Մինգեչաուր քաղաք և երկար տարիներ աշխատել այնտեղ: Մինգեչաուրն Ադրբեջանի մեծությամբ չորրոդ քաղաքն է և ի շնորհիվ քաղաքով անցնող Քուռ գետի վրա տեղակայված հիդրոէլէկտրակայանի, որը քաղաքը բաժանում է ուղիղ երկու մասի, հայտնի է նաև ‹‹Լույսերի քաղաք›› անունով:

Արեստ պապը փոքր-ինչ պարծենկոտությամբ նշում է, որ ադրբեջանցիներն իրեն չէին նեղացնում և նույնիսկ սիրում էին: Այնուհետև հանդիպել է իր կնոջը՝ Նորային, ով նույնպես Շահումյանից էր: Ապրել են հաշտ ու համերաշխ, սակայն երեխաներ չեն ունեցել:

  • Կինս անընդհատ բողոքում է, – ասում է Արեստ պապը:
  • Ամբողջ կյանքում չի աշխատել, չգիտի աշխատանքն ինչ բան է: 1 կգ սնունդ կյանքում առած չկամ, միշտ ամեն ինչ առանց չափ ու քանակի եմ առել-բերել, իսկ հիմա աշխատանք չունեմ, ցանկացած կին էլ կբողոքեր:

Արեստ պապը պատմում է, որ նրանց դժվարությունները և կյանքի հետ կռիվ տալը սկսվել է Բաքվի ջարդերից, տեղահանությունից և թալանից հետո: Հակահայկական հիստերիայի ալիք բարձրացել էր դեռևս 1988 թվականի դեկտեմբերի վերջին և 1989 թվականի հունվարի սկզբին։  Բազմահազարանոց ամբոխը ներխուժել է հայերի տները, ծեծել, սպանել, կանանց բռնաբարել և ողջակիզել է:

Այդ ժամանակ նրանց հաջողվում է փախչել: Նա ու իր կինը գալիս են դեպի Շիրակի տարածաշրջան՝ Ամասիա մինչդեռ նրա հարազատները բռնում են Ռուսաստանի ճամփան:

  • Ոչ մի հարազատ չունեմ: Եղբայրս, քույրերս, նրանց երեխաները, երկու քեռիներս մահացան: Ինչ բաժանվել ենք ՝ էլ չեմ տեսել:

Երբ եկել են այն բնակարանը, որտեղ հիմա ապրում են, փոքրիկ, անմխիթար մի հյուղակ է եղել: Արեստ պապի ձեռքով այն վերածվել է բնակարանի նման մի կացարանի:

Թախիծն ու արցունքները խեղդում էին այդ մարդու կոկորդը, երբ խոսում էր երջանիկ անցյալի և ողբերգական ներկայի մասին: Մի կողմից հիվանդությունը, մյուս կողմից ծերությունը, մյուս կողմից էլ ժառանգ չունենալը, որի վրա հույս կդներ:

Դժվարին սոցիալական պայմանները, ապրելու հնար չունենալը, կողքին հարազատների բացակայությունը մեծ ցավ են պատճառում Արեստ պապին, սակայն այս ամենի հետ մեկտեղ չափազանց մեծ էր նրա սրտի երախտագիտությունն ու գնահատանքը դեպի Հայկական Կարիտասը, դեպի իրեն օր ծերության օգնության ձեռք մեկնող Ավստրիացի բարերարը: Նա շարունակ ինքն իրեն հարց էր տալիս.

  • Ո՞վ եմ ես նրանց համար՝ ոչ ոք. բայց այդ մարդիկ մեծ սիրտ ունեն: 2007 թվականից ի վեր օգնում են ինձ, դրանից առաջ էլ ես էլի աջակցություն եմ ստացել նրանցից. ես նրանց արածը երբեք չեմ մոռանա: Նրանք են իմ ու իմ պառավի տերը, ես նրանց իմ ծնողներից ավելի եմ պարտական:

Արեստ պապն իր խոսքը եզրափակեց երախտագիտություն ու օրհնանք արտահայտող բառերի շարանով, որոնք, իսկապես, սրտի խորքից էին գալիս ու հիմա չեմ զարմանում, թե ինչու էր անընհատ նշում, որ բոլորը իր հանդեպ բարի ու հոգատար են: Պատասխանը մեկն է. բարություն և գնահատելու կարողություն ունեցող մարդը միշտ բարություն ու նվիրում կստանա:

Դժվար է ասելը՝ թե ինչու մեզ ճանապարհելիս արցունքներ հայտնվեցին նրանց կնճռոտված այտերին, սակայն այն, որ այդ բարի մարդիկ ուրախությամբ և սրտի թրթիռով միշտ կսպասեն մեզ, անհերքելի ճշմարտություն է:

Պատրաստեց՝ Աննա Հակոբյանը