Նոյեմբերի 20-ը երեխաների համաշխարհային օրն է: Նոյեմբերի 20-ին Կարիտաս Հնդկաստանը կազմակերպեց Երեխա առաջնորդների համաշխարհային գագաթնաժողով՝ հրավիրելով Կարիտաս Կոնֆեդերացիայի երկրների երեխաներին ամբողջ աշխարհից: Գագաթնաժողովին մասնակցում էին գրեթե 100 երեխա առաջնորդներ, ՔՀԿ-ների, միջազգային ՀԿ-ների, Հնդկաստանի և այլ երկրների պետական կառուցների ներկայացուցիչներ: Գագաթնաժողովին Հայկական Կարիտասը ներկայացրեց խոսնակ Տաթևիկ Ասատրյանը, ով նաև «Իմ իրավունքը: Ներառական կրթություն Հայաստանում և Կոսովոյում» ծրագրի շրջանակներում կազմված երիտասարդական ակումբի անդամ է: Տաթևիկը խոսեց Հայաստանի և Արցախի բոլոր երեխաների անունից և ներկայացրեց այն բոլոր խնդիրները, որոնց առջև կանգնեցին երեխաները COVID 19 համաճարակի և Արցախում պատերազմի հետևանքով:
Իր ելույթում Տաթևիկը կոչ արեց մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող բոլոր կազմակերպություններին ավելի մեծ ուշադրություն դարձնել մեր հասարակության ամենախոցելի խմբին՝ երեխաներին:
«… Այսօր, ավելի քան երբևէ, մեր երեխաները աջակցության կարիք ունեն:
Այսօր, ավելի քան երբևէ, ես ուզում եմ տեսնել այնպիսի աշխարհ, որտեղ մարդկային կյանքերը, երեխաների կյանքերը կարևոր են գոնե այնքանով, ինչքանով Ավստրալիայի կենգուրուները և կոալաները, Փարիզի Նոտր Դամը, Ամազոնի անտառները:
Այսօր, ավելի քան երբևէ, ես ուզում եմ ապրել այնպիսի աշխարհում, որտեղ իմ ձայնը լսելի կլինի և իմ իրավունքները պաշպանված կլինեն մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների կողմից և առկա բոլոր կոնվենցիաներով:
Դուք ասում եք՝ ներդնել մեր ապագայի մեջ, նշանակում է ներդնել մեր երեխաների մեջ: Այսօր, Երեխաների համաշխարհային օրը, ես խնդրում եմ Ձեզ Ձեր ապագայի համար ներդնել խաղաղություն, սեր, միմյանց նկատմամբ հոգատարություն, կրթության հնարավորություններ, և ես միլիոնավոր երեխաների անունից խոստանում եմ, որ Դուք կստանաք աշխարհ, որում խտրականությունը, պատերազմները, բռնությունը տեղ չեն ունենալու, որովհետև մենք ենք այս աշխարհի ապագան:
Այսօր, Հայաստանի և Արցախի երեխաների անունից, ես կոչ եմ անում բոլոր միջազգային իրավապաշտպան կառույցներին անշեղորեն հետևել իրենց իսկ սահմանած չափանիշներին, և քաղաքական շահը չգերադասել մարդկային իրավունքներից։ Եւ ես հույս ունեմ, որ այդ կառույցները նման ձախողումից հետո, կկարողանան վերագտնել իրենց իրական արժեքները, որոնց մինչև այժմ մենք հավատում էինք առանց որևէ կասկածի:»
Երեխա առաջնորդների համաշխարհային գագաթնաժողովը նպատակ ուներ՝
- Ամբողջ աշխարհի երեխա առաջնորներին տրամադրել հարթակ՝ բարձրաձայնելու իրենց խնդիրները և առաջարկությունները՝ ուղղված երեխաների նկատմամբ բռնության վերացմանը:
- Երեխաների նկատմամբ բռնությունը դադարեցնելու վերաբերյալ առաջարկությունների համաշխարհային խարտիայի մշակում և շահագրգիռ կողմերի հետ երկխոսություն ամբողջ աշխարհում:
«Իմ իրավունքը: Ներառական կրթություն Հայաստանում և Կոսովոյում» ծրագիրը ֆինանսավորվում է Ավստրիական զարգացման գործակալության և Կարիտաս Ավստրիայի (Ինսբրուկ) կողմից:
Ելույթում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել Ավստրիական զարգացման գործակալության, Կարիտաս Ավստրիայի և Հայկական Կարիտասի տեսակետների հետ: