Մենք պարտավոր ենք ապրել, այլ տարբերակ չկա

 


Մանուկ Եսայանի ընտանիքը ծնունդով Երազգավորսից է, բայց 1999 թվականին տեղափոխվել էին Արցախ՝ մշտական բնակության։ Նա կնոջ ու ավագ որդու հետ ապրել է մի գյուղում, իսկ կրտսեր տղան՝ կնոջ ու երեք երեխաների հետ՝ մեկ այլ։ Արցախում ընտանիքը ունեցել է տնտեսություն, տներ, պտղատու այգիներ։

Երկու տղաներն էլ զինվորական են եղել։ Հոկտեմբերի 4-ին երկու տղաններն էլ մասնակցել են մարտերի, և հայտնվել շրջափակման մեջ։ Կրտսեր որդու՝ Գևորգը աչքի առաջ զոհվում է եղբայրը՝ Դավիթը։ Անզոր լինելով տեղափոխել եղբոր դին՝ Գևորգը թաղում է Դավիթին ու խոստանում հետ գալ նրա հետևից։ Հրադադարից հետո, երբ ադրբեջանական կողմը թույլատրում է դիերի դուրսբերումը, Գևորգը գնում է եղբորը բերելու, բայց, ցավոք, չի կարողանում գտնել այն վայրը, որտեղ թաղել է նրան։ Երկրորդ անգամ, երբ թշնամու կողմը կրկին թույլատրում է որոնողական աշխատանքերը, Գևորգը կարողանում է գտնել եղբոր դին, փաթաթում է վերարկուի մեջ ու բերում Հայաստան։

Մանուկ և Վարդուհի Եսայանները պատերազմի հետևանքով կորցրել են իրենց ավագ որդուն, իսկ կրտսեր տղան դադարեցրել է ծառայությունը։ Ընտանիքը թողել է ամեն ինչ Արցախում, վերադարձել Երազգավորս և մշտական բնակություն հաստատել Մանուկի հայրական տանը։ Բնակարանը տարիներ շարունակ լքված լինելու պատճառով բնակության համար ոչ պիտանի էր։ Ընտանիքը հարազատների օգնությամբ վերանորոգում է բնակարանի մեկ սենյակ և այն դարձնում Դավիթի հիշատակի անկյուն։

«Հայկական Կարիտասի» աջակցությամբ բնակարանը ապահովվում է ջեռուցման համակարգով։

Վարդուհին ասում է․ ««Հայկական Կարիտասը» գարուն էր մեր համար, որ օգնեց կրկին ապրել»։

Մանուկը քրտնաջան աշխատում է ու չի ուզում մնալ այլոց հույսին․ վերադառնալով Երազգավորս՝ նա ջանք չի խնայում կրկին տնտեսություն ստեղծելու համար։ «Հայկական Կարիտասի» աջակցությամբ ընտանիքը կարողացավ ձեռք բերել 110 հավ, 12 հնդկահավ ու վեց ամսվա կեր։ Մանուկը ու որդին՝ Գևորգը, հիմա օր ու գիշեր զբաղված են իրենց փոքրիկ տնտեսությունով։ Մանուկն ասում է․ «Մենք պարտավոր ենք ապրել, այլ տարբերակ չկա, ապրել հանուն մեր Դավիթի հիշատակի ու մեր երեք թոռների»։