«Ես եւ աուտիզմը» կամ Աուտիզմի մասին՝ առաջին դեմքով
«Ես եւ աուտիզմը»․ 17 ամյա Վահագն Սեմերջյանի բանախոսության թեման այս խորագիրն ուներ։ Երեւանի հայ-հունական պետական քոլեջի երրորդ կուրսի ուսանողը ներկայացնում է իր կյանքի ճանապարհը մեծ լսարանի առաջ, խոսում սեփական առանձնահատկություններից, պատմում իր աշխարհի, կյանքի նկատմամբ սեփական ընկալումների, զգայնությունների մասին, կիսվում դժվարություններով՝ ինչն է իրեն նյարդանացնում ու ինչը՝ ոգեւորում, խորհուրդներ է տալիս լսարանին, մարդկանց, աշխարհին․․․
Հրաշալի այս տղայի ելույթին հաջորդում է բուռն ծափահարություններ, ինքն համեստորեն գլուխ է խոնարհում, հետո իջնում բեմից ու փարվում մորը՝ Կարինե Մարությանին։
Մասնագիտությամբ հաշվապահ Կարինեն, ով որդու՝ Վահագնի հետ մի ամբողջ հատուկ մանկավարժական դպրոց է անցել՝ մանկապարտեզից, տարբեր զարգացնող կենտրոններով՝ մինչեւ քոլեջ, հիմա նաեւ մագիստրոսական կրթություն է ստանում․ կորակավորվի որպես հատուկ մանկավարժ եւ վստահ է, որ կօգնի ոչ միայն որդուն, այլ բազմաթիվ որդիների ու մայրերի, ովքեր կարծում են, որ աուտիզմը դատավճիռ է։
«Աուտիզմը դատավճիռ չէ․ սերը եւ աշխատանքը հրաշքներ կարող են գործել, եթե հանդիպում ես ճիշտ մարդկանց»,-վստահ է Կարինե Մարությանը։
«Քույրս հատուկ մանկավարժ է՝լոգոպետ Մարինե Մարությանը։ Նա միանգամից նկատել էր տարբերությունը, թեեւ ամուսինս երկար ժամանակ չէր հավատում, ասում էր՝ մեր բալիկը յուրահատուկ չէ։ Մայրս մինչեւ հիմա չի ուզում ընդունել,որ Վահագնը յուրահատուկ է։ Նա ինձ երկար ժամանակ համոզում էր, որ Վահագնին տանեի դաշնամուրի։ Ես բացատրում էի, որ չի կարող։ Տեղի տվեցի, տարա, եւ ի՞նչ ստացվեց․ բանից դուրս եկավ, որ նա կարող է նվագել»։
Վահագնի մոր խոսքերով յուրահատկությունը ընդունելը, բալիկին իր առանձնահատկություններով հանդերձ շատ սիրելը եւ նրա հետ քայլելը շատ կարեւոր է։ Նա ասաց, որ կան անուններ, որոնց ո՛չ ինքը, ո՛չ Վահագը ու ընտանիքը երբեք չեն մոռանա։
«Լավ մանկավարժների ենք հանդիպել, իմ բախտը բերել է։ Եւ ես պետք է հնչեցնեմ նրանց անունները։ Մանկապարտեզում նա ընկեր Աննան էր։ Երբ հանդիպեցինք, ես սկսեցի շնչել․ Վահագնին պետք էր ներառել։ Մասնակցում էր բոլոր հանդեսներին ․ տարբերությունն այն էր, որ խոսքը քիչ էր ու չափսերով իր հասակակիցներից երկու անգամ մեծ էր իմ տղան»։
Կարինեն Վահագնին տանում էր մանկապարտեզ, իսկ ինքը գնում աշխատանքի։ Թե՛ մանկապարտեզում, թե՛ դպրոցում տղան մնում էր առանց մայրիկի։ Չնայած տղայի յուրահատկություններին՝ մայրն հավատում էր նրա հնարավորություններին․
«Ես մի սկզբունք ունեմ․ եթե ուզում եմ հասնել մի բանի, անպայման հասնում եմ։
Մանկապարտեզից մայրս էր վերցնում․ հիշում է, որ կարող է Վահագնը որոշեր ճանապարհի ուղիղ մեջտեղում պառկել։ Մայրս պայուսակը դնում էր գլխի տակ ու կանգնում մեքենաների դիմաց»։
Դրանից հետո դպրոցական տարիներն էին։ Մարինեն երկար փնտրտուքներից հետո հրաշալի մասնագետների է գտնում 100-րդ դպրոցում։ Բայց Վահագնի ու մոր կյանքում անփոխարինելի դերը Արտթերապիայի մասնագետ Արմինե Առաքելյանինն էր։ Նրա հետ հանդիպումն ու ճանապարհը՝ ծեփագործության, նկարչաթերապիայի ու երաժշտաթերապիայի ճանապարհով կերտեց այսօրվա Վահագնին։ Հաջորդը Զեմֆիրա Եգանյանն էր, ում հանդիպեցին 8-րդ դասարանի վերջում։
«Նա աշխատում է հատուկ մեթոդով։ Երբ նստեցրեց Վահագին դաշնամուր մոտ, ես ասացի՝ ինքը նոտա չգիտի։ Բայց հատուկ սխեմայով 40 րոպեում ցանկացած երաժշտություն Վահագնը նվագում է ու ձայնագրում են։ Զեմֆիրա Եգանյանի մեթոդով նա նաեւ սկսեց ելույթներ ունենալ մեծ լսարանի առաջ։ Հիմա հանդիպումների շարք ունի Ավետիք Իսահակյանի թանգարանում, կարող է ներկայանալ ու վարպետորեն ներկայացնել՝ որպես գիդ»։
Վահագնը իր սեփական յութուբյան ալիքում / https://www.youtube.com/@VAVSEM/ հիմա բազմաթիվ այդպիսի տեսանյութեր ունի։
https://www.youtube.com/watch?v=-xwFVWYtotU
Հիմա արդեն նոր շարք է սկսել։ <<Մեր մեծերը>> խորագրով Վահագնը պատմողական տեսաանդրադաձով ներկայացնում է հինգերորդ դարի պատմիչներին, նրանց գործերը, տառերի արարման ժամանակաշրջանն ու պատմությունը։
https://www.youtube.com/watch?v=mhg1UjGMVSo
Վահագնը նաեւ շատ լավ անգլերեն է խոսում, սկսում է ուսումնասիրել հունարենը։
«Աուտիզմը դատավճիռ չէ, պետք է զբաղվել երեխաների հետ, պետք է զարգացնել նրանց կարողություները, բացահայտել թաքնված հնարավորությունները։ Ես գիտեմ եւ այո, ասում եմ՝ հեշտ չէ, ես հասկանում եմ նաեւ, որ կարող են աուտիզմի տարբեր աստիճաններ լինել, որ տարբեր են մարդիկ հնարավորությունները, բայց նաեւ գիտեմ, որ սերը եւ ճիշտ աշխատանքը միանշանակ իրենց գործն անում են»,-համոզված է Կարինե Մարությանը։
Այս պատմությունը պատրաստվել է Հայկական Կարիտասի «Նպաստել Հայաստանում՝ բոլորի համար ներառական, համապատասխան և որակյալ կրթության կայացմանը» ծրագրի շրջանակում։

