Շիրակի մարզը նոր ուսումնական տարվանից կանցնի համընդհանուր ներառական կրթության: Մինչ համընդհանուր կրթությանն անցնելը, մարզի 12 դպրոցներում անցկացվել է ուսումնասիրություն, որն իրականացվել է «Համայնքային գործընթաց՝ կրթության մեջ համընդհանուր ներառմանն ընդառաջ» ծրագրի շրջանակներում: Փետրվարի 22-ին Գյումրու Տեխնոլոգիական կենտրոնի դահլիճում տեղի ունեցավ ծրագրի ամփոփիչ համագումարը, որին ներկա էին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին, ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը, ՀՀ ԿԳ փոխնախարար Լուսինե Առաքելյանը, Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանը, կրթական ոլորտի ներկայացուցիչներ:
Համագումարի մեկնարկեց Արթիկի թիվ 1 դպրոցի աշակերտների հեղինակած խորհրդանշական՝ «Մենք բոլորս հավասար ենք» երգով: Տերունական միասնական աղոթքի առաջարկով և ապա ողջույնի խոսքով հանդես եկավ Հայկական Կարիտասի հոգևոր խորհրդատու Տ. Հովսեփ քհն. Գալստյանը, ով նախ փոխանցեց Հայկական Կարիտասի Ընդհանուր նախագահ Արհ. Տ. Ռաֆայել Արքեպս. Մինասյանի հայրական ողջույնը. «Հայկական Կարիտասի և «Դպրոցական ծնողխորհուրդների անդամների ազգային ասոցիացիա»-ն այսօր վերլուծում են 2017թ.-ից իրենց համատեղ իրականացրած այս ծրագրի արդյունքները, որոնք Աստծո օրհնությամբ և աշխատակիցների նվիրման արդյունքում արդեն տեսանելի են և հիմք են դարձել նոր աշխատանք սկսելու, հասարակության մեջ համապատասխան մտածելակերպ և վերաբերմունք ձևավորելու, ներառական կրթության ոլորտում լուրջ բարեփոխումներ կատարելու և մարդու համակողմանի զարգացմանը նպաստելու համար: Աստծո համար անսահման մեծ արժեք ունի յուրաքանչյուր մարդ արարած, յուրաքանչյուր անհատականություն՝ իր տեսակով, տաղանդներով կամ հաշմանդամությամբ, իր ձգտումներով և երազանքներով, իր հավատքով և նաև անտարբերությամբ: Հետևաբար, Եկեղեցու համար առանցքային կարևորություն ունի բոլո՛ր անհատների կրթության իրավունքի դրսևորման համար պատշաճ հնարավորությունների ապահովումը՝ հիմքեր ստեղծելով մարդ անհատի ամբողջական զարգացման (համար, որը Կաթողիկէ Եկեղեցու սոցիալական ուսմունքի առանցքային տեսլականներից է և հիմնված է մարդու արժանապատվության հարգման անխախտ սկզբունքի վրա, ինչն էլ իր հերթին բխում է այն ճշմարտությունից, որ յուրաքանչյուր մարդ Աստծո պատկերով և նմանությամբ արարված մի եզակի ստեղծագործություն է: Հայկական Կարիտասը՝ որպես քրիստոնեական սոցիալական առաքելության ամենախոսուն արտահայտություն, իրականացնում է հենց այս սկզբունքի կիրառությունը՝ բազում ծրագրերի միջոցով, որոնցից մեկն էլ կրթության ներառականությանը և հաշմանդամություն ունեցող անձանց հզորացմանն ուղղված այս ծրագիրն է»,-նշեց Տ. Հովսեփ քհն. Գալստյանը:
Եվրոպական միության, Ավստրիական զարգացման գործակալության և Կարիտաս Ավստրիայի ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի շրջանակներում «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունը և «Դպրոցական ծնողխորհուրդների անդամների ազգային ասոցիացիա» հասարակական կազմակերպություններն իրականացրել են ուսումնասիրություն թիրախ դպրոցներում: Ուսումնասիրությունների ընթացքում խնդիրների վերհանումը և իրավիճակի վերլուծությունը կատարվել է կոնկրետ դեպքերի հիման վրա: «2017 թվականին մեկնարկած այս ծրագրի նպատակն էր հայտնաբերել Շիրակի մարզում կրթությունից դուրս մնացած հաշմանդամություն ունեցող երեխաներին և ուղղորդել դպրոց՝ ապահովելով յուրաքանչյուր երեխայի կրթության հիմնարար իրավունքը: 2017 թվականին՝ նշված ծրագրի մեկնարկից ի վեր սկսվեց դպրոցներում ներառական կրթության բարեփոխման գործընթացը, որը նպատակ ուներ կրթությունը դարձնել հասանելի բոլոր երեխաների համար: Ծրագրի իրականացման երկամյա ընթացքում մշակվեցին գործիքներ և մատնանշվեցին ուղիներ բոլորի համար որակյալ ներառական կրթություն ապահովելու նպատակով»,-ներկայացնելով ծրագրի նպատակը՝ նշեց ծրագրի ղեկավար Գայանե Նորիկյանը: Ծրագրի պատասխանատուները առաջնորդվում են «Ներառման ինդեքս» կոչվող միջազգային ուղեցույցով, որը օգնում է դպրոցներում ներդնել ներառական կրթություն: Երկամյա ուսումնասիրությունների արդյունքներով պարզ է դարձել, որ դեռևս մեծ աշխատանք պետք է կատարվի՝ Հայաստանի հանրակրթական դպրոցներում հաշմանդամություն ունեցող երեխաների լիարժեք ներառման և այդ գործընթացի նկատմամբ հասարակության համապատասխան վերաբերմունք ձևավորելու համար:
Այս կարծիքները կոնկրետ օրինակներով և իրենց փորձառությամբ մանրամասնելով՝ կիսեցին նաև ոլորտի մասնագետները՝ ԱԺ պատագամավոր Սոֆյա Հովսեփյանը և ՀՀ ԿԳ փոխնարար Լուսինե Առաքելյանը: Հովսեփյանը կոչ արեց, որպեսզի խնդրով մտահոգ յուրաքանչյուր անհատ խոսի իր շրջապատում՝ հաշմանդամների հանդեպ հավասար վերաբերմունքի, կրթության մեջ ներառնվելու իրավունքի մասին, որպեսզի հնարավոր լինի փոփոխությունների հասնել:
Եվրոպական միությունը այսուհետ ևս պատրաստ է աջակցել ՀՀ կառավարությունը կրթական ոլորտում իրականացվող նմանատիպ բարեփոխումների իրականացման գործում: Այս մասին նշեց Պյոտր Սվիտալսկին:
«Այս հարցը չափազանց կարևոր է մեզ համար: Որպես Եվրոպական միություն, կարևորում ենք հաշմանդամության և ներառական կրթության հետ կապված հարցը: Երբ իմ որդին 25 տարի առաջ դպրոց գնաց, դպրոցը տեղափոխվեց ներառական կրթության դաշտ և ծնողներն իմացան, որ իրենց երեխաների հետ միասին սովորելու են 4-5 հատուկ կարիքներ ունեցող երեխաներ, ծնողները բողոքեցին՝ նշելով, որ այս փոփոխությունը կխոչընդոտի իրենց երեխաների կրթական որակին: Դա տարիներ առաջ էր, իսկ այսօր Եվրոպայում ոչ մի ծնող իրեն թույլ չի տա նման բողոք արտահայտել ներառական կրթության վերաբերյալ: Եվրոպական միության համար կարևոր է աջակցել երկրի կառավարությանը համընդհանուր ներառականությունը խթանելու գործում»,-նշեց ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին: «Երկար ժամանակ կրթության հատուկ կարիք և հաշմանդամություն ունեցող երեխաները կտրված են եղել հասարակությունից, փակվել հատուկ հաստատության դռների հետևում, և հասարակությունն ինքն էլ հնարավորություն չի ունեցել ծանոթանալու ու շփվելու նրանց հետ: Մենք պետք է այսօր պատրաստ լինեք բացելու մեր սրտերը և նմանատիպ երեխաներին հավասար կրթության հնարավորություն տալով»,-նշեց ԿԳ փոխնախարար Լուսինե Առաքելյանը՝ տեղեկացնելով, որ հանրապետությունում համընդհանուր ներառականության անցնելու գործընթացը արդյունավետ դարձնելու համար ՀՀ ԿԳ նախարարությունն առաջիկայում ստանձնելու է առարկայական ուսուցիչների վերապատրաստում:
Համագումարի ավարտին տեղի ունեցավ «Ներառման ինդեքս» գրքի շնորհանդեսը: