«Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի «Աշխատանքային միգրանտների պաշտպանության ամրապնդում Հայաստանի, Ղրղզտանի եւ Ռուսաստանի համագործակցության միջոցով» ծրագրի շրջանակներում նոյեմբերի 7-ից 10-ը Հայաստանում էր գտնվում Վալենտինա Չուպիկը, ով ներկայացնում է Թոնգ Ջահոնի միջազգային ՀԿ-ի Մոսկովյան գրասենյակը: Վալենտինա Չուպիկը փորձառու իրավապաշտպան է, ով Ռուսաստանում մասնագիտացված է միգրանտների իրավունքների պաշտպանության ոլորտում: Այսպիսով, նրա այցի նպատակն էր անցկացնել վերապատրաստման դասընթացներ ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալության աշխատակիցների, ինչպես նաեւ «Հայկական Կարիտաս»-ի եւ այլ ՀԿ-ների աշխատակիցների համար: Հնարավորինս լայն ընդգրկում ապահովելու համար դասընթացներից երկուսն անցկացվեցին Երեւանում, իսկ մյուս երկուսը՝ համապատասխանաբար Շիրակի եւ Գեղարքունիքի մարզերում: Դասընթացի ընթացքում մասնակիցները, ովքեր զբաղվում են Ռուսաստան մեկնող միգրանտներին նախամեկնումային խորհրդատվություն տրամադրմամբ, ստացան գիտելիքներ եւ ձեռք բերեցին հմտություններ՝ ինչպես վարվել, եթե ոստիկանը պահանջում է փաստաթղթեր, ինչպես պաշտպանել իրավունքները դատարանի դահլիճում, կամ ինչպես խաբեության զոհ չդառնալ տուն եւ աշխատանք փնտրելիս: Չափազանց արդյունավետ էր դասընթացի մեթոդաբանությունը, որը հիմնված էր տարբեր խաղարկային իրավիճակների վրա, որոնց անմիջական մասնակիցները հենց վերապատրաստվողներն էին: Վալենտինան ստանձնում էր դերեր, օրինակ՝ պետական մարմնի ներկայացուցչի, ոստիկանի, գործատուի, տանտիրոջ կամ դատարանի աշխատակցի: Այդ դերերից ելնելով՝ ստեղծում էր համապատասխան իրավիճակներ, որոնց միգրանտները կարող են բախվել: Այնուհետեւ դերերը փոխվում էին, եւ Վալենտինան, իր վրա վերցնելով միգրանտի կարգավիճակն, ինքն էր պատասխանում նույն հարցադրումներին՝ այդպիսով ցույց տալով, թե ինչպես պետք է վարվի միգրանը նպանատիպ իրավիճակներում:
Ռուսաստանում գտնվող ՀՀ քաղաքացիները կարող են զանգահարել +7 903 148 9636 եւ +7 926 834 7602 ՇՈՒՐՋՕՐՅԱ, ԱՆՎՃԱՐ թեժ գծի համարներով, եթե իրենց իրավունքները խախտում են.
- – ոստիկանության աշխատակիցները
- – միգրացիոն ծառայության աշխատակիցները
- – սահմանապահները եւ մաքսային ծառայողները
- – գործատուն կամ գործընկերները
- – վարձակալած բնակարանի սեփականատերը
- – այլ անձինք