Հայկական Կարիտասը հպարտությամբ հայտարարում է, որ «Երիտասարդական սմարթ/խելացի գյուղ» ծրագիրն անցել է կիսաեզրափակիչ փուլ և անհամբերությամբ սպասում է նման հեղինակավոր մրցույթում Հայաստանը ներկայացնելուն: Ծրագրի նպատակը «Խելացի գյուղ»-ի մոդելի ստեղծումն է, որը ուսուցման և աշխատանքի հնարավորություններ կտա երիտասարդներին, կապահովի ՏՏ ոլորտի ապակենտրոնացումը, կբարելավի տեղական ինքնակառավարման և գյուղատնտեսության ոլորտները՝ Հայաստանի հեռավոր գյուղերից մեկում՝ երիտասարդական նորարարական տեխնոլոգիաների լաբորատորիայի ստեղծման միջոցով: Մրցույթը բավականին թեժ էր, որտեղ 39 երկրներից ներկայացված 731 ծրագրերից ընդամենը 30-ը անցան հաջորդ փուլ: «Երիտասարդական խելացի գյուղ» ծրագրի և կիսաեզրափակիչ անցած մյուս ծրագրերի համար հաջորդ կանգառը եռօրյա դասընթացն է, որը կոչվում է Ակադեմիա, որն այս տարի տեղի է ունենալու Ռումինիայի Կլուժ քաղաքում: Այստեղ ծրագրերը հնարավորություն ունեն փորձառու սոցիալական նորարարների և գործարարների կողմից ստանալ ցուցումներ և կենսունակ բիզնես ծրագրի վերածել այն, ինչն այս փուլում շատերի համար ուղղակի գաղափար է: Նրանք բոլորը հույս ունեն ապահովել իրենց տեղը եզրափակիչ տասնյակում:
«Երիտասարդական խելացի գյուղ» ծրագիրը Հայաստանում համայնքային զարգացման և երիտասարդության ներգրավման նորարարական մոդել է, որտեղ կստեղծվի նորարարական տեխնոլոգիաների լաբորատորիա, երիտասարդները գիտելիքներ կստանան միկրո ինժեներիայի, 3D մոդելավորման, վեբ ծրագրավորման ոլորտում, նրանք կկարողանան նախագծել և արտադրել ավտոմատ համակարգեր, ստեղծել առցանց վաճառքի հարթակ և այս ամենը գյուղում ներդնելով՝ որպես օրինակ ստեղծել «խելացի» համայնք, որը կունենա երկու նպատակ՝ դարձնել տեղական կառավարումը թափանցիկ և մասնակցային և բարձրացնել ու դիվերսիֆիկացնել գյուղատնտեսական արտադրողականությունը՝ ապահովելով դրա ծախսարդյունավետությունը:
Եվրոպական սոցիալական նորարարության մրցույթը Եվրոպական Հանձնաժողովի նախաձեռնությունն է, որը տարեկան երեք 50.000- ական եվրո արժողությամբ մրցանակ է շնորհում ամենանորարարական գաղափարների համար, որոնք մշակվել են ԵՄ անդամ պետություններում և դրանից դուրս սոցիալական խնդիրների լուծման համար: 2018-ին՝ մրցույթի յոթերորդ տարում, թեման է՝ «վերամտածել ելնելով տեղային կարիքներից»: Մրցույթին կարող են դիմել բոլոր այն ծրագրերը, որոնք նպատակ ունեն օգտագործել տեղական առանձնահատկությունները՝ ժամանակակից փոփոխվող տնտեսության պայմաններում երիտասարդական նոր հնարավորություններ ստեղծելու համար:
Եվրոպական սոցիալական նորարարության մրցույթը տեղի է ունենում ամեն տարի `յուրաքանչյուր անգամ տարբեր թեմաներով: Այն անցկացվում է ի հիշատակ պորտուգալացի նորարար Դիոգո Վասկենսալեսի: Այս մրցույթին կարող են մասնակցել ԵՄ անդամ բոլոր պետությունների և Հորիզոն 2020-ին միացած երկրների անհատներ, կազմակերպություններ և ընկերություններ: Սա հիանալի հնարավորություն է ոգեշնչված մարդկանց համար՝ իրենց սոցիալական նորարարական գաղափարը կյանքի կոչելու: