Արշակունի Սեդան ծնվել է 1927թ.-ի հունվարի 24-ին Գյումրի քաղաքում: Հայրը ծնունդով Ղարսից էր, արհեստավոր, մայրը գյումրեցի՝ տնային տնտեսուհի: 1918թ.-ին Կարսից Սեդայի հայրը ընտանիքի հետ միասին փախել են Հայաստան, եկել են Գյումրի, որտեղ էլ հանդիպել է ապագա կնոջը՝ Սեդայի մորը: «Մեծ ցավով է հայրս թողել հայրենի Կարսը, միակ երազանքն ետ գնալն ու Կարսում ապրելն է եղել, ինձ միշտ ասում էր, «Եթե մահանամ, գերեզմանիս հողից մի քիչ կտանեք Կարս», պատմում է Սեդա տատիկը: Այդպես էլ չի իրականացել արհեստավոր մարդու երազանքը՝ Կարս գնալու եւ մշտապես նորից բնակվելու։ Մի օր էլ, երբ գնացել է, թուրքերին է տեսել՝ դեմ դիմաց կանգնած:
Արշակունիները ունեցել են 8 երեխա՝ 4 տղա, 4 դուստր, որոնցից մեկն էլ Սեդան է: Սեդան ստացել է միջնակարգ կրթություն՝ Գյումրու Երկաթգծի դպրոցում, այնուհետեւ ուսումը շարունակել Հաշվապահական միջին մասնագիտական հաստատությունում: Սովորելու տարիներին ունեցել է ընկերուհի, ով եղել է Սեդայի ապագա ամուսնու քույրը, հենց նրա միջոցով էլ Սեդան ծանոթացել է ապագա ամուսնու հետ: Ու վերջապես, 1947թ.-ին ամուսնացել են, ունեցել երեք երեխա։ 50 տարի աշխատել է մանկապարտեզում, որպես խոհարար, իսկ վերջում՝ որպես լավ աշխատող պարգեւատրվել է մեքենայով: – Մեքենա նվեր ստացա, որպես լավ աշխատող,- պատմում է Սեդա տատիկը հպարտ,- այն ժամանակվա լավ մեքենաներից՝ «Վոլգա»:
Աշխատել է վաղ տարիքից, արել ամեն հնարավոր բան ընտանիքին օգնելու համար:
Սակայն, դեռ չի հասցրել լիարժեք վայելելու ամուսնական երջանիկ կյանքը, երբ նույն թվականին աքսորել են Ռուսաստանի Ալտայի հեռավոր շրջան:
«Գիշերը դուռը թակեցին, սկեսրայրս բացեց, ասեցին որ եկել են մեզ աքսորելու, արագ հավաքվեցինք, գրկել էի մանկահասակ երեխայիս, աչքիս ոչ մի բան չէր երեւում միայն ուզում էի երեխայիս պաշտպանել: Տարան անտառ, թղթեր տվեցին ստորագրելու, որ համաձայն ենք ցմահ մնալ այնտեղ՝ աքսորված: Շատ էինք վախեցած, հիշում եմ, կրակոցի ձայներ լսեցինք, իսկ աքսորողների ձեռքին էլ հրացաններ կային, երեխայիս ամուր սեղմել էի կրծքիս, ասում էի, որ կրակեն ինձ կպնի, գոնե ձեռքերով տղայիս կպահեմ»,- պատմում է 90- ամյա Սեդա տատիկը: «Տասներեք օր ճանապարհ ենք գնացել, շատ դժվար էր, չէինք դիմանում սովին, ցրտին…»:
Աշխատել են դաշտերում՝ գոյատեւելու համար, աշխատել են դաժան պայմաններում։
«Շատ ենք աշխատել, շատ ենք տանջվել, հիշում եմ գնում էինք դաշտեր, ցորեն մշակում, տարբեր աշխատանքներ անում ու այնքան ցուրտ էր, որ մի օր ոտքերիս եղունգները սառնությունից կպչել էին վալենկաներիս, եկա տուն, հանեցի արնաշաղախ ոտքերիցս, ցավին չէի դիմանում, եղունգներս բոլորը ընկան ու մինչև հիմա չեն աճել: Սկեսրայրս բուժում էր եղունգներս բույսերով, իսկ վերջին ժամանակներս «Հայկական Կարիտաս»-ից եղունգների բուժման համար մի դեղ ստացա, որի համար շատ շնորհակալ եմ»,- հիշում է Սեդան:
Յոթ տարի դաժան ու երկարուձիգ չարչարված տարիներից հետո նորից բռնում են հայրենիքի ճանապարհը, վերադառնում Գյումրի: Արդեն երեք զավակ ունեցած, ընտանեկան ավելի շատ կարիքներով վերադառնում են, հույս ունենալով հանգիստ օթեւան գտնել հայրենիքում, բայց ավաղ, ավերիչ երկրաշարժն էլ հաջորդ հարվածն է հասցնում ընտանիքին: Երկու զավակները մնում են փլատակների տակ, իսկ երրորդը՝ եղբայրների կորստի հետ չհամակերպվելով հիվանդանում է, ձեռք է բերում շաքարային դիաբետ, երեք տարի անկողնային հիվանդ, եղբայրներից հետո մնացած տան միակ զավակն էլ մահկանացուն կնքում է 2011թվականին:
Այժմ էլ թոռներն իրենց պարտքն են տալիս հայրենիքին, ծառայելով Հայոց Բանակում, երկուսը՝ Լեռնային Ղարաբաղում են, երկուսն էլ Էջմիածնում:
«Երկուսի գերեզմանն էլ կարողացա սարքել, իսկ փոքրինս դեռ չեմ կարողանում, միակ ցանկությունս դա է, որ կարողանամ սարքել տղայիս գերեզմանը, մնացածը կարեւոր չէ, ես կգոյատեւեմ…»,- արցունքոտ աչքերով պատմեց Սեդա տատիկը:
Պատրաստեց՝ Ստելլա Անտոնյանը