Ես շատ եմ սիրում Հայաստանի մարդկանց, նրանք շատ իսկական են. իրանցի փախստականի պատմությունը
2017թ․ սեպտեմբերի 21-ին` Հայաստանի անկախության օրը, իրանցի Յարգոլ Ռեզան հատեց հայ-թուրքական սահմանը, և արդեն 3 տարի է այստեղ է։
Նա Իրանում ապրում էր հոր, մոր և քրոջ հետ, զբաղվում գյուղատնտեսությամբ, ուներ սեփական խանութը։ Յարգոլ Ռեզան խրթին կյանք է ունեցել Իրանում, ենթարկվել հալածանքների, անցել բազում դժվարությունների միջով։ Ի վերջո որոշեց փախչել իր երկրից, անցնել Թուրքիա և հասնել Հայաստան։ Այստեղ էլ նրան բռնեցին ռուս սահմանապահները։ Իրանցի փախստականը Հայաստանի մասին առաջին տպավորությունը ստացավ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում, որտեղ նա անցկացրեց մոտ մեկ տարի ՀՀ սահմանն ապօրինի հատելու համար։
3 ամիս Հայաստանի միգրացիոն ծառայության հետ նամակագրակրության արդյունքում «Առաքելություն Հայաստան» ՀԿ-ի օգնությամբ Յարգոլ Ռեզան տեղափոխվեց ապաստան հայցողների կացարան։ Այստեղ նրան սենյակ տրամադրեցին, և 6 ամիս շարունակ պետությունը հոգաց նրա կոմունալ ծախսերի և սննդի հարցը։
«Ես շատ եմ սիրում Հայաստանի մարդկանց, նրանք շատ իսկական են, բայց այստեղ ապրելը դժվար է, աշխատանք գտնելը՝ նույնպես»,- ասում է նա։
Սկզբնական շրջանում Յարգոլը Իրանից տարատեսակ ապրանքներ էր պատվիրում և վաճառում Հայաստանում՝ բրինձ, գետնանուշ, կոշիկ, պայուսակ։ Երբեմն օրական վաստակում էր 100 000 դրամ։ Առևտուրը համատեղում էր երկրորդ աշխատանքի հետ. Էջմիածնի պարսկական ջերմոցում էր աշխատում։ Այժմ Յարգոլ Ռեզան աշխատանքի է անցել անասնաբուծական ֆերմայում՝ անասնաբուծությամբ է զբաղվում։
«Ես նպատակ չունեի դրանով զբաղվելու, գոհ չեմ, բայց ստիպված եմ դա անել հիմա։ Իրանում իմ ֆինանսական վիճակն ավելի լավ էր, այստեղ ամսական վաստակում եմ 170 000 դրամ»։
Աշխատանքի վայրում հաղորդակցվելը խնդիր չէ. հայերեն չի խոսում, բայց հիմնականում հասկանում է։
Հարցին, թե ինչն է պակասում իրեն այստեղ լիովին երջանիկ զգալու, Յարգոլը երկար դադարից հետո պատմում է մի աղջկա մասին, ում հետ Իրանում է ծանոթացել։
«Հիմա նա ինձ համար Հայաստան է եկել, այստեղ պսակադրվել ենք։ Քանի որ միջոցներս չեն բավականացնում իր կացարանի համար վճարելու, դիմել ենք միգրացիոն ծառայություն, որ նրան էլ փախստականի կարգավիճակ տան»,- ասում է Յարգոլն ու ավելացնում, որ իր համար խնդիր է նաև այն, որ փախստականի անձնագիրը օրինական չեն համարում, շատերը չեն ճանաչում և չի կարողանում ազատ տեղաշարժվել։
ՀՀ-ում փախստականի կարգավիճակ պետությունը շնորհում է միայն հետապնդման հիմնավոր երկյուղի դեպքում, այն էլ, երբ անձի կյանքին և ազատությանը վտանգ է սպառնում սեփական երկրում ազգային, կրոնական, ռասայական, քաղաքական հայացքների կամ սոցիալական որոշակի խմբի պատկանելության հիմքով։
Փախստականի անձը հաստատող փաստաթուղթը՝ Կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը, իսկապես ճանաչելիության խնդիր ունի Հայաստանում։ «Այն միանգամայն վավեր փաստաթուղթ է՝ գույնով և ձևով շատ նման ՀՀ քաղաքացու անձնագրին՝ որոշ հավելյալ ոսկեգույն զոլերով, սակայն ծառայություն մատուցող մասնավոր ընկերությունները, օրինակ բանկերի, հեռահաղորդակցության մատակարարների աշխատակիցները երբեմն չեն ճանաչում փաստաթուղթը։
Իր երկրի մասին Յարգոլ Ռեզան կարոտով է խոսում, բայց վերադարձի մասին դեռ չի մտածում։
Եթե ասեն՝ կարող ես գնալ Իրան, ես առանց կոշիկների էլ կգնամ, բայց դա հնարավոր չէ։
Ժաննա Ավագյան