Հերթական անգամ «Հայկական Կարիտասի»-ի աշխատակիցներն ու կամավորներն այցելեցինք Հայրապետյանների տուն` երեւանաբնակ անոնիմ բարերարի կողմից փոխանցելու ամեն ամիս նրանց ուղարկվող օգնությունը:
Ինչպես ամեն ամիս, այս այցելության ժամանակ եւս, տարեց ու հիվանդ ամուսինները մի պահ, կարծես, կտրվեցին իրենց առօրյա կյանքի դառը մտորումներից, բյուր հոգսերից ու ցավից` եւս մեկ անգամ տեսնելով ու գիտակցելով, որ այնուամենայնիվ միայնակ չեն, իրենց եւս հիշողներ եւ ինչ-որ չափով հոգսը կիսողներ կան:
Խաչատուր Հայրապետյանը եւ Թերեզա Աննախասյանը, արդեն երկար տարիներ ամուսիններն են, համատեղ ամուսնությունից երեխաներ չունեն եւ ապրում են միայնակ: Ընտանիքը գտնվում է ծանր սոցիալական վիճակում:
Խաչատուր Հայրապետյանը երկար տարիներ՝ մոտ 42 տարի, աշխատել է Լենինականի կաթի գործարանում, այնուհետեւ գուլպայի ֆաբրիկայում՝ որպես բանվոր: Անցյալի մասին հիշողությունները ստիպում են Խաչատուր պապին կրկին հուզվել, վերհիշել անցած անհոգ օրերը, անցյալի ընկերներին, բարեկամներին, ովքեր այսօր իր կողքին չեն: Նրանց մի մասը, գուցե, այսօր չկա, իսկ ոմանք էլ, ինչպես համոզված է Խաչատուր պապը, ուղղակի հարկ չեն համարում հիշել օգնության կարիք ունեցող այս ընտանիքին:
Թերեզա Աննախասյանը զավակներ չունի, իսկ Խաչատուր Հայրապետյանը առաջին ամուսնությունից ունի մեկ աղջիկ` Օհաննա, որը սակայն, մոր մահանալուց հետո այլեւս չի տեսնվել հոր հետ: Կյանքի ծանր պայմաններին գումարվել է նաեւ միակ աղջկա հանդեպ ունեցած անսահման կարոտը, որը թերեւս, մեծագույն ցավն է ծնողի համար:
Մինչեւ վերջերս ընտանիքի միակ եկամուտը չնչին թոշակն է եւ ամեն ամիս անանուն բարերարի կողմից «Հայկական Կարիտասի»-ի միջոցով ուղարկվող օգնությունը: Սոցիալական դժվարություններին գումարվում են նաեւ առողջական խնդիրները:
Թերեզա Աննախասյանը տառապում է «կարմիր քամի» կոչվող հիվանդությամբ, իսկ Խաչատուր Հայրապետյանը, ոտքը կոտրելուց հետ,ո դժվարությամբ է քայլում եւ ունի մշտական ցավեր:
Մոտ երկու տարի առաջ, 2014թ. ապրիլի 23-ին, այս ընտանիքի մասին ԳԱԼԱ հեռուստաընկերությամբ հեռարձակված տեսանյութն ակտիվ տարածում գտավ մամուլում: Արդյունքում հայտնվեցին սրտացավ մարդիկ, ովքեր անտարբեր չմնացին, ցանկանալով իրենց օգնությունը տրամադրել կարիքի մեջ գտնվող Հայրապետյանների ընտանիքին: Բարերարարն անմիջապես կապ հաստատեց «Հայկական Կարիտասի»-ի հետ եւ խնդրեց կազմակերպել իր կողմից հատկացվելիք ամենամսյա օգնության տրամադրումը:
Վերջինս, մինչ օրս, ամեն ամիս հատկացնում է որոշակի գումար` Հայրապետյանների ընտանիքին անհրաժեշտ սննդով ապահովելու համար:
Այս պատմությունը գալիս է եւս մեկ անգամ փաստելու, որ մեր իրականությունը ամենեւին էլ անհույս չէ, քանի որ եւ քանի դեռ մեր կողքին կան սրտացավ եւ մերձավորի կարիքին անշահախնդիր արձագանքող մարդիկ: Հայրապետյանների, ինչպես նաեւ մեր անունից ցանկանում ենք խորին շնորհակալություն հայտնել բարերարին իր մեծահոգության եւ տրամադրած օժանդակության համար:
Այսպիսին էր Խաչատուր ու Թերեզա Հայրապետյանների պատմությունը` հուզիչ ու տխուր, բայց միաժամանակ հույսով ու հավատով լեցուն:
Պատրաստեց՝ Անի Մաղաքյանը