- Նպատակ
Կարիտասը ճանաչում է երեխաների և խոցելի չափահաս անձանց պաշտպանված լինելու իրավունքը՝ անկախ նրանց սեռից, ռասայական և մշակութային պատկանելությունից և հաշմանդամության տեսակից: Կարիտասը գիտակցում է երեխաների և խոցելի չափահաս անձանց հետ աշխատանքի հնարավոր վտանգները, ինչպես նաև շահառուների՝ իրենց հետ աշխատող անձնակազմի կողմից բռնության և շահագործման ենթարկվելու ռիսկերը։
Կարիտասը կոչված է ստեղծելու և պահպանելու այնպիսի միջավայր, որտեղ խրախուսվում են կազմակերպության հիմնարար արժեքները և կանխարգելվում մարդկանց նկատմամբ բռնության և շահագործման դեպքերը: Կարիտասի անձնակազմը[1] և գործընկերները[2] պարտավոր են հարգել բոլոր անձանց արժանապատվությունը՝ մշտապես դրսևորելով անձնային և մասնագիտական բարձր որակներ: Միևնույն ժամանակ նրանք պարտավոր են իրենց պարտականությունները կատարել բարձր պատասխանատվությամբ և սրտացավությամբ` կառուցելով ճիշտ հարաբերություններ:
Կարիտասը ճանաչում է երեխաների և խոցելի չափահաս անձանց հատուկ կարիքները և, հետևաբար, պարտավորվում է ստեղծել և պահպանել այնպիսի միջավայր, որտեղ պաշտպանված է յուրաքանչյուր անհատ:
- Ազդեցության ոլորտ
Այս քաղաքականությունն ուղղակիորեն կիրառելի է hետևյալ խմբերի համար.
- Միջազգային Կարիտասի գլխավոր քարտուղարության անձնակազմ և գործընկերներ,
- Միջազգային Կարիտասի հատուկ մեխանիզմների միջոցով լիազորված և գործուղված անձինք,
- Անդամ կազմակերպությունների անձնակազմ և գործընկերներ։
Գլխավոր քարտուղարությունն աջակցում է անդամներին՝ ըստ կարիքի;
- Երեխաների և խոցելի չափահաս անձանց պաշտպանություն
Միջազգային Կարիտասն արգելում է բռնության և շահագործման բոլոր դրսևորումները, մասնավորապես.
- Կարիտասի անձնակազմին և գործընկերներին արգելվում է իրականացնել սեռական բնույթի ցանկացած գործողություն երեխաների նկատմամբ (երեխա է համարվում 18 տարին չլրացած անձը՝ անկախ տեղական օրենսդրությամբ համաձայնության կամ չափահասության տարիքի ամրագրումից)։ Երեխայի տարիքի թյուրըմբռնումը չի ազատում պատասխանատվությունից:
- Կարիտասի անձնակազմին և գործընկերներին արգելվում է ցանկացած տեսակի ֆիզիկական կամ հոգեբանական վնաս պատճառել երեխաներին կամ խոցելի չափահաս անձանց:
- Կարիտասի անձնակազմին և գործընկերներին արգելվում է գումար, ապրանք կամ աշխատանք առաջարկել սեռական բնույթի որևէ գործողության դիմաց (այդ թվում՝ սեռական ծառայությունների)։
- Կարիտասի անձնակազմին և գործընկերներին արգելվում է դրսևորել նվաստացում, ստորացում կամ շահագործում ենթադրող վարքագիծ երեխաների, կանանց և խոցելի չափահաս անձանց նկատմամբ:
- Կարիտասի անձնակազմը և գործընկերներն իրավունք չունեն չարաշահել իրենց լիազորությունները կամ պաշտոնեական դիրքը՝ ցուցաբերելով կողմնակալ վերաբերմունք կամ չտրամադրելով ծառայություններ ու աջակցություն:
- Կարիտասի անձնակազմին և գործընկերներին արգելվում է չարաշահել իրենց լիազորությունները կամ պաշտոնեական դիրքը՝ խնդրելով կամ պահանջելով գումար, ծառայություն կամ ցանկացած այլ տեսակի շահույթ:
- Կարիտասի անձնակազմին և գործընկերներին արգելվում է ներգրավվել մարդկային թրաֆիքինգ ենթադրող ցանկացած գործողության մեջ:
Նույն տրամաբանությամբ՝ Կարիտասի անձնակազմին և գործընկերներին արգելվում է սեռական հարաբերություններ ունենալ այն անձանց հետ, որոնց հետ աշխատում են, քանի որ նմանատիպ հարաբերությունները հիմնված են ի սկզբանե անհավասար ուժային հարաբերակցության վրա։ Նմանատիպ հարաբերությունները հակասում են Կարիտասի սկզբունքներին ու արժեքներին և խարխլում են կազմակերպության աշխատանքի հուսալիությունն ու ամբողջականությունը:
- Զեկուցելու պատասխանատվություն
Կարիտասի անձնակազմը և գործընկերները պարտավորվում են զեկուզել երեխայի կամ խոցելի չափահաս անձի շահագործման կամ նրա հանդեպ բռնության ցանկացած կասկածի կամ մտահոգության մասին: Չզեկուցելը կրկնակի վտանգի է ենթարկում և զոհին, և Կարիտասին, համարվում է սույն Պաշտպանության քաղաքականության, ինչպես նաև Վարվեցողության կանոնների խախտում:
Կարիտասի անձնակազմը և գործընկերները պետք է զեկուցեն ոչ անդամ կազմակերպության կամ կառույցի անձնակազմի մտահոգությունների մասին՝ նախապես հաստատված զեկուցման ընթացակարգերի միջոցով:
- Կանխարգելում
Կարիտասը ցուցաբերում է հետևողականություն մարդկային ռեսուրսների հավաքագրման և չափորոշիչների ընտրության գործընթացում՝ բռնությունից և շահագործումից պաշտպանելու այն մարդկանց, որոնց հետ աշխատում է: Սա ներառում է.
- Անվտանգ հավաքագրում. թափուր հաստիքի համար դիմած համապատասխան թեկնածուների նախկին փորձառության ուսումնասիրություն և ոստիկանական ստուգում՝ առանձնահատուկ անդրադարձ կատարելով նախկին փորձառության ընթացքում դրսևորած վարքագծի համապատասխանությանը Վարվեցողության կանոններով ամրագրված չափանիշներին: Կարիտասը կիրառում է «չարաշահումների բացահայտման միջկազմակերպական ընթացակարգը»:
- Ընթացակարգերի/քաղաքականությունների ներկայացում նոր անձնակազմին. անձնակազմի բոլոր նոր անդամներին ներկայացվում են «Վարվեցողության կանոնները», «Բողոքարկման քաղաքականությունը», «Երեխաների և խոցելի չափահաս անձանց պաշտպանության քաղաքականությունը», «Երեխաների հետ վարվելակերպի կանոնները» և «Եզրույթների մեկնաբանությունը»։
- Հաստատում՝ Կարիտասում գործող քաղաքականություններին ծանոթանալու վերաբերյալ. անձնակազմի բոլոր անդամները կարդացել, հասկացել և ստորագրել են «Երեխաների և խոցելի չափահաս անձանց պաշտպանության քաղաքականություն» և «Վարվեցողության կանոններ» փաստաթղթերը:
- Տվյալների պաշտպանություն
Կարիտասը անձնական տվյալների մշակման գործընթացում պահպանում է առավելագույն գաղտնիություն:
«Վարվեցողության կանոնների» և «Երեխաների և խոցելի չափահաս անձանց պաշտպանության քաղաքականության» խախտման դեպքերի հետաքննության ընթացքում ձեռք բերված անձնական տեղեկությունների նկատմամբ կիրառելի է «Անձական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքը։
Հաստատվել է 2018թ. հոկտեմբերի 11-ին Վարչական խորհրդի կողմից
Հավելվածներ.
Հավելված 1 – Եզրույթների բառարան
Հավելված 2 – Երեխաների հետ վարվելակերպի կանոններ
Հավելված 3 – Ծանոթացման թերթիկ
Հավելված 4 – Զեկուցման ձևաթուղթ
Հավելված 1
Եզրույթների բառարան
Երեխա։ 18 տարին չլրացած ցանկացած անձ։ Չնայած կարող են գործածվել տարբեր սահմանումներ՝ համաձայն տվյալ երկրի օրենսդրության կամ տեղական սովորույթների, այնուամենայնիվ, Կարիտասը հստակ սահմանում է՝ պետք է հավասարապես ապահովել 18 տարին չլրացած բոլոր անձանց պաշտպանությունը և անվտանգությունը՝ անկախ տվյալ վայրում ընդունված տարիքային սահմանափակումներից։
Խոցելի չափահաս անձ։ Խոցելի չափահաս անձինք 18 տարին լրացած այն անհատներն են, որոնք ավելի շատ են ռիսկի ենթարկվում մի շարք գործոնների պատճառով, ինչպիսիք են սեռը, տարիքը, մտավոր կամ ֆիզիկական առողջությունը, աղքատությունը, անհավասարությունը, տեղահանված լինելը կամ ճգնաժամը։
Անվտանգության ապահովում։ Կազմակերպությունների ստանձնած պատասխանատվությունն է՝ համաձայն որի կազմակերպության աշխատակազմը և ծրագրերը խթանում են երեխաների և խոցելի չափահաս անձանց բարեկեցությունը և պաշտպանում են նրանց բռնության կամ շահագործման ենթարկվելու ռիսկից։ Այս եզրույթը սովորաբար ներառում է նաև սեռական շահագործման կամ բռնության կանխարգելումը և երեխաների պաշտպանությունը։
Պաշտպանություն։ Այն պատասխանատվությունը կամ միջոցներն են, որոնք ձեռնարկվում են՝ կանխարգելելու և արձագանքելու երեխաների և խոցելի չափահաս անձանց շահագործման և բռնության դեպքերին։ Սա ներառում է իրազեկվածության բարձրացում, դասընթացների մասնակցության խրախուսում, բողոքների վերլուծություն և արձագանքում, պաշտպանության համակարգի մշտադիտարկում և գնահատում, ինչպես նաև անձնական պատասխանատվության ստանձնում։
Երեխաների պաշտպանություն։ Երեխաների պաշտպանությունը ենթադրում է բռնության, շահագործման ու չարաշահումների կանխարգելում և արձագանքում նմանատիպ դեպքերի՝ ներառյալ սեռական շահագործումը և բռնությունը, թրաֆիքինգը, մանկական աշխատանքը և վնասակար ավանդական սովորույթները։ Երեխաների պաշտպանությունն ավելի մեծ աշխատանքային դաշտի՝ անվտանգության ապահովման մի մասն է հանդիսանում։
Պաշտպանություն սեռական շահագործումից և բռնությունից։ Այն բոլոր միջոցառումները, որոնց իրականացման արդյունքում ճգնաժամային իրավիճակում հայտնված համայնքների բնակիչները պաշտպանվում են տարբեր կազմակերպությունների անձնակազմերի կողմից հավանական սեռական շահագործումից և բռնությունից (օրինակ՝ ՀԿ-ներ, ՄԱԿ և այլ դերակատարներ)։
Բռնություն։ Ցանկացած գործողություն կամ անգործություն, որը վնաս է պատճառում մեկ այլ անձի։ Սա կարող է ներառել ֆիզիկական բռնություն, հուզական բռնություն, սեռական բռնություն և անտեսում։ Այն նաև ներառում է առցանց և/կամ բջջային տեխնոլոգիաների միջոցով կիրառվող բռնությունը։ Գոյություն ունեն բռնության տարբեր տեսակներ, ներառյալ.
- 1. Սեռական բռնություն։ Սեռական բնույթ ունեցող ցանկացած գործողություն կամ սպառնալիք երեխայի կամ չափահասի հանդեպ՝ ուժի, հարկադրանքի կիրառմամբ կամ անհավասար պայմանների արդյունքում։ Սեռական բռնության օրինակները ներառում են բռնաբարությունը, անցանկալի սեռական կոնտակտը, ինչպիսիք են անցանկալի հպումները կամ առանց ֆիզիկական կոնտակտի սեռական բռնությունը, օրինակ՝ սեքստինգը[3], վերբալ (խոսքային) կամ վարքային (ոչ վերբալ) սեռական ոտնձգությունները։
- 2. Ֆիզիկական բռնություն։ Երեխային կամ չափահաս անձին պատճառած կամ սպառնացող ֆիզիկական վնասը, օրինակ՝ խփելը, ոտքով հարվածելը կամ թափահարելը, երբ կա հստակ տեղեկություն կամ հիմնավոր կասկած այն մասին, որ վնասը պատճառել են գիտակցաբար կամ այն գիտակցաբար չեն կանխել։
- 3. Հուզական բռնություն։ Շարունակական կամ խիստ բացասական հուզական վերաբերմունքի կամ մերժման արդյունքում պատճառած վնաս, ինչպիսին է նվաստացնող պատիժը, սպառնալիքները, բուլլինգը, խնամքից կամ զգայական ջերմությունից զրկելը։
- 4. Անտեսում։ Հիմնական պահանջմունքներից զրկելը, ինչպիսիք են սնունդը, ջերմությունը կամ բժշկական խնամքը, կամ ցանկացած տեսակի վտանգ չկանխարգելելը։
Հավելված 2
Երեխաների հետ վարվելակերպի կանոններ
Կարիտասի անձնակազմը[4] և գործընկերները[5] պետք է մշտապես զգուշավորություն ցուցաբերեն իրենց բառապաշարի, գործողությունների հանդեպ, ինչպես նաև երեխաների հետ հաղորդակցվելու ընթացքում և ապահովեն նրանց անվտանգությունը։ Անձնակազմը և գործընկերները պետք է մշտապես պաշտպանեն յուրաքանչյուր երեխայի արժանապատվություն և բոլոր երեխաներին վերաբերվեն հարգանքով։
Անձնակազմից և գործընկերներից ակնկալվում է խստորեն հետևել ներքոնշյալ ձևակերպումներին՝ երեխաների հետ (18 տարին չլրացած ցանկացած անձ) հաղորդակցվելիս։