Աշնանային սառնաշունչ մի օր սևակն, թխադեմ մի տղա եկավ «Սաբինե» փոքր խմբով տուն։ Արցախից էր՝ լեռնային մի գյուղից, որ կորցրել էր պատերազմի պատճառով։ Նրա աչքերում մշուշ կար՝ կորստի, շփոթության, շատ հաճախ՝ վախի։ Նա տխուր էր, ագրեսիվ, անընդհատ ուզում էր փախչել՝ առանց կողմնորոշվելու՝ հևապատառ, ուր աչքը կկտրեր։ Երեխան հոգեկան ծանր վիճակի մեջ էր…

 

Գրկեցինք այդ սևուկ, խելացի, չարաճճի տղային՝ երբ նա չէր դիմադրում, մենք պարզապես… մոտ էինք։ Սեղմեցինք նրա ջերմ, տաքուկ ափը և ամուր բռնեցինք։ Ձեռք, որը բաց էր թողնվել պատերազմի, ընտանեկան ծանր պայմանների պատճառով։ Օրերը դարձան շաբաթներ, հետո՝ ամիսներ։ Նրա զայրույթը սկսեց մեղմանալ։ Նրա հայացքը սկսեց փափկել։ Նա սկսեց սիրել մեզ՝ խոհանոցի ծիծաղից մինչև գիշերային հեքիաթներ։ Եվ մենք՝ նրան։ Բոլորս գիտեինք՝ այդ սերն իսկական էր։ Հանգիստ էր։ Խաղաղ էր։ Տղան երջանիկ էր։ Երջանկությունն այն էր նրա համար, ում կարող էր գրկել… Եվ հենց այդ ժամանակ, երբ նա, կարծես, խաղաղություն էր գտել, ամռան մի խաղաղ կեսօր այցի եկան հայրը, եղբայրները։ Զրուցեցին… Հայրը ցանկանում էր երեխային տուն վերադարձնել:

 

Տղան տխրեց՝ պիտի ընտանիք վերադառնար։ Չէր կողմնորոշվում, աչքերում  նորից վախ հայտնվեց, սակայն կարոտել էր եղբայրներին:  Ու նա գնաց տխրությունն աչքերում՝ շշնջալով.

—Բաց մի թողեք իմ ձեռքը…

Նրա ներկայությունը մնաց սենյակի անկյուններում, գիշերային պատմություններում ու լռության մեջ՝ որպես հիշեցում, որ սերն ու հոգատարությունը տեղ ունեն, նույնիսկ, ամենադժվար պայմաններում։ Մենք հավատում ենք, որ որտեղ էլ լինի հիմա նա, հիշում է այն սրտերը, որոնց մեջ մի օր տուն գտավ։

Վերջաբանի աղոթք

Թո՛ղ Ամենակարող Աստված հավետ օգնական ու պահապան լինի նրան ու նրա հարազատներին։