1988թ-ի երկրաշարժը շատերին է թողել անտուն, մյուսներից՝ խլել հարազատներին, որոշներին էլ՝ խնայել: Երկրաշարժից տուժված մի կին էլ 66-ամյա գյումրեցի տիկին Կատյա Պիջոյանն է: Նախնական կրթությունը ստացել է Գյումրու 9-րդ դպրոցում, որտեղ հաճախել է մինչեւ 8-րդ դասարան: Այնուհետեւ աշխատել է Գյումրու գուլպայի գործարանում, երկու տարի աշխատել է որպես աշակերտ, իսկ 1970թ.-ին դարձել բանվորուհի: Աշխատելու տարիներին ամուսնացել է, ունեցել 3 երեխա՝ երկու տղա եւ մեկ աղջիկ: Ամուսինը նույնպես եղել է Գյումրիից, աշխատել հանապազօրյա հաց վաստակել ընտանիքը պահելու համար: Ապրել են, համակերպված իրենց առօրյա աշխատանքին, չիմանալով, թե ինչպիսի դաժան օրեր են դեռ սպասվում թե՛ իրենց, թե՛ հայրենի քաղաքին: Մինչ 1988թ.-ի ավերիչ երկրաշարժն ապրել են վարձով, հետո ստացել են բնակարան՝ Գյումրու Բուլվարային թաղամասում: Երեխաների խնամքով ու դաստիարակությամբ զբաղված կինն երկար ժամանակ չի աշխատել, կյանքի մի քանի տարիները նվիրելով երեխաներին: Երեխաների մեծանալուց հետո նորից անցել է աշխստանքի, նորից նույն տեղում, որպես բանվորուհի: Երեւի դեռ երկար տարիներ կշարունակեր աշխատանքը, եթե չլիներ երկրաշարժը:
Ավերիչ երկրաշարժի ժամանակ եղել է աշխատանքի վայրում: Շենքը փլվել է, իսկ տիկին Կատյան մնացել է հսկայական քարերի տակ, չկարողանալով շարժվել:
– Երկու գիշեր մնացել եմ քարերի տակ, ոտքերս թմրած էին, չէի կարողանում շարժվել, դուրս գալ: Երկրորդ օրը ձայներ լսեցի կանչեցի՝ բարեբախտաբար լսեցին: Ամուսնուս եղբայրն էր, եկել օգնության, քարերից մի հատված հեռացրեցին, փորձեցի դուրս գալ, չկարողացա, նորից քարեր հեռացրեցին, որ կարողանամ դուրս գամ: Վերջապես երկար չարչարանքներից հետո կարողացա դուրս գալ, ամուսինս նույնպես այնտեղ էր, օգնեցին, բայց ինձ չճանաչեց, դեմքիս ներկ էր թափվել ու վախից դեմքս դարձել էր անճանաչելի, -ցավով հիշում է տիկ․ Կատյան:
Կնոջը փրկելուց հետո անմիջապես հասցրել են հիվանդանոց, որտեղ էլ համապատասխան բուժում ցուցաբերելուց հետո վիրահատել են ոտքերը, ուղղելու համար, սակայն, վիրահատությունը չի տվել սպասված արդյունքը:
-Ծռված, անզգայացած, չէի կարողանում անգամ գետնին դնել։
Սակայն, բուժումներից հետո ոտքերն որոշ չափով ուղղվեցին, գոնե այնքան, որ տիկ․ Կատյան այսօր կարողանում է ինքնուրույն քայլել: Երրորդ կարգի թոշակառու տիկ․ Կատյան այժմ էլ բողոքում է ոտքի ցավերից.
-Մինչեւ հիմա էլ երբեմն թմրում է, թե չեմ կարողանում շարժել։ Ժամանակ առ ժամանակ, ոտքիս թաթը նորմալ չի աշխատում: «Հայկական Կարիտաս»-ի աշխատակիցների կողմից ցուցաբերված խնամքն ու դեղերը ինձ ոտքի կանգնեցրին։
Երկրաշարժից հետո, 1995թ.-ին ընտանիքին տնակ են հատկացնում, Գյումրու Հովսեփյան փողոցում, որտեղ էլ մինչ օրս բնակվում է տիկ․ Կատյան: Չարչարված կնոջ միակ մտածմունքն իր տնակն է, որը կնոջ խոսքերով քանդելու են, բայց թե ինչի համար՝ դժվարանում է պատասխանել…
Պատրաստեց՝ Ստելլա Անտոնյանը
Լուսանկարները՝ Ստելլա Անտոնյանի