Սույն թվականի հունիսի 10-ին, 13-ին և 20-ին համապատասխանաբար ՀՀ Լոռու, Շիրակի և Գեղարքունիքի մարզպետարանների և «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության միջեւ ստորագրվեցին փոխըմբռնման հուշագրեր, որոնք վավերացրին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը եւ « Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Գագիկ Տարասյանը: Հուշագրով կողմերը ստանձնում են պարտավորվածություն՝ բազմակողմանիորեն համագործակցել մարզերի համայնքներում կազմակերպության կողմից իրականացվող ծրագրերի իրականացումն առավել արդյունավետ դարձնելու նպատակով: Հանդիպումների ընթացքում ներկայացվեց «ԱՐԱՄԱԶԴ. ՍՄԱՐԹ» ծրագիրը, որը նախատեսվում է իրականացնել Լոռու, Շիրակի և Գեղարքունիքի մարզերի մի շարք խոշորացված համայնքներում: Ծրագրի նպատակն է խթանել գյուղական համայնքների երիտասարդների համար կայուն զարգացման հնարավորությունները, համայնքի կարևոր դերակատարների միջև գործընկերությունը միջոլորտային համագործակցության և մասնակցության ակտիվացման միջոցով: Ինչպես նաև խթանել մարզերի համայնքներում տնտեսական և սոցիալական զարգացման գործընթացները՝ հիմնական շահագրգիռ կողմերի հզորացման, ձեռնարկատիրական գործունեության քաջալերման, զբաղվածության աջակցման, քաղաքացիական մասնակցության մոբիլիզացման և համագործակցության ամրապնդման միջոցով՝ ի շահ երիտասարդների:
Համաձայն հուշագրի, համայնքների զարգացման ոլորտում իրականացվող բարեփոխումների շրջանակներում մարզպետարանը կհամագործակցի ՀԿ-ի հետ` կիրառելով առկա լավագույն փորձը` աշխատանքները համակարգելու, միասնական մոտեցումներ ձևավորելու, ռեսուրսներն առավել նպատակային օգտագործելու նպատակով: Մարզպետարանները կաջակցեն ՀԿ-ի մասնակցությանը խոշորացված համայնքների զարգացման ոլորտում իրականացվող օրենսդրական և ծրագրային բարեփոխումների գործընթացներում և կտրամադրի համապատասխան տեղեկատվություն, ինչպես նաև համայնքային զարգացմանն ուղղված տարբեր ծրագրերի իրականացմանը՝ մասնակցելով հետազոտական, կարողությունների զարգացման միջոցառումներին, տարբեր ձևաչափի հանրային քննարկումներին, հանդիպումներին, ոլորտային վերապատրաստումներին, քննարկումներին: