Աշխատանք փնտրողների, միգրանտների, տեղահանված անձանց, Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով տուժած բնակիչների և հայրենադարձների շահերի պաշտպանության ուղղությամբ համագործակցելու նպատակով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու «Հայկական կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության միջև այսօր փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել:
Այսպիսով, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանձն է առել աջակցել «Հայկական կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությանը՝ ոլորտային ծրագրերի իրականացման գործում, ապահովել և զարգացնել ՀՀ քաղաքացիություն ունեցող աշխատանքային միգրանտների (արտերկիր մեկնել պատրաստվող կամ ցանկացող) խորհրդատվության տրամադրման առկա համակարգը։ Նախարարությունը նաև պատրաստակամություն է հայտնել կազմակերպել հանրային միջոցառումներ՝ ձեռներեցության զարգացման ուղղությամբ, ինչպես նաև մասնակցել ՀԿ կողմից նախաձեռնվող հետազոտությունների ու ուսումնասիրությունների աշխատանքներին։
Հուշագրի շրջանակում «Հայկական կարիտասը» պարտավորվել է Միասնական սոցիալական ծառայությանը տեղեկատվություն հաղորդել աշխատանք փնտրողների, աշխատանքային միգրացիայի և ՌԴ-ում գործող միգրացիոն օրենսդրության վերաբերյալ, ինչպես նաև թիրախային խմբերի հետ տարվող աշխատանքներում ներգրավված ՄՍԾ տարածքային կենտրոնների աշխատակիցներին տրամադրել մշակված նյութեր, վերլուծություններ և ձեռնարկներ։ Համագործակցության շրջանակում նախատեսվում է նաև կազմակերպել դասընթացներ և սեմինարներ՝ աշխատանք փնտրողների, միգրանտների և տեղահանված անձանց կայուն ինտեգրման մեխանիզմների շուրջ։