2019թ. նոյեմբերից մեկնարկեց «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության «Նպաստել Հայաստանում՝ բոլորի համար ներառական և որակյալ կրթության կայացմանը» ծրագիրը, որի նպատակներից մեկն է Շիրակի մարզի բարձրագույն և միջին-մասնագիտական ուսումնական հաստատությունների ուսանողների վերաբերմունքի փոփոխությունը և նրանց՝ որպես համագաղափարակիրների, մեծ ներուժի օգտագործումը՝ ներառականությունը կրթության մեջ ավելի արագ և սահուն իրականացնելու գործընթացում:
COVID-19 համավարակի օրերին, երբ բնակչության մեծ մասը փակված է տանը՝ անկախ տարիքից կամ սոցիալական կարգավիճակից, երազում է պարզապես քայլել փողոցով՝ ունենալով «սահմանափակ կարողություններ»։
Ստորև ներկայացվում է գործընկեր ուսումնական հաստատությունների ուսանողների մտքերը սահմանափակ կարողությունների մասին։
Իոլանտա Խաչատրյան. «Արդեն մեկ ամիս է՝ տանն եմ, զգում եմ, որ այս ամենը վատ է անդրադառնում իմ հոգեվիճակի վրա: Ես դարձել եմ ավելի լռակյաց, մեկուսացած և ինձ զգում եմ ավելի միայնակ, կարոտում եմ մարդկանց, նրանց ժպիտներին, նույնիսկ մռայլ դեմքերին և հասկանում եմ, թե ինչ են զգում հաշմանդամություն ունեցող երեխաները, մեծահասակները: Այն ժամանակ, երբ չէինք գիտակցում, թե ինչ է մեկուսացումը, մտածում էինք՝ ինչու են հաշմանդամ երեխաներն ունենում նման հոգեվիճակ: Հիմա հասկանում եմ. որովհետեւ նրանք միշտ զգացել են մարդկանց կարիքը»:
Քնարիկ Համարձումյան. «Այս ընթացքում ես ունեմ տարբեր զգացողություններ: Ես ավելի խորն եմ մտածում ներառման դժվարություններ ունեցող անձանց խնդիրների, հոգեվիճակի, առօրյայի կազմակերպման, հասարակական միջոցառումներին մասնակցելու խնդիրների մասին: Այս ժամանակամիջոցում ավելի հեշտ է մտնել նրանց դրության մեջ, քանի որ մենք էլ գրեթե նույն կարգավիճակում ենք»:
Սուսաննա Բարսեղյան. «Սկսում եմ հասկանալ այն մարդկանց, ովքեր, իրենց կամքից անկախ, ունեն առողջական խնդիրներ, ինչ-ինչ պատճառներով չեն ընդունվում հասարակության կողմից, տարիներ շարունակ մեկուսացած են ու չեն սպասում որևէ արտակարգ դրության ավարտին»։
Հասմիկ Հակոբյան. «Դժվար է հասկանալ հաշմանդամություն ունեցող մարդկանց, շատ մեծ ուժ է պետք ունենալ, որպեսզի օրերով փակված մնաս տանը: Հիմա զգում ենք դժվարությունները և հասկանում հատուկ կարիքներով մարդկանց»:
Էլմիրա Կուրղինյան. «Հիմա, երբ սահմափակվել է մեր տեղաշարժվելու հնարավորությունը, երբ մեր ուզած ժամանակ չենք կարող դուրս գալ քայլելու կամ գնումների, փորձում ենք խորը մտածել ու հասկանալ, որ այսքան ժամանակ չենք նկատել մեր կողքին ապրող հատուկ կարիքներով մարդկանց: Չենք ուզեցել հասկանալ, թե իրենք ինչ են զգում, երբ առավոտից երեկո փակված են նույն սենյակում»:
Նարինե Ապոյան. «Բոլորս դարձել ենք սահմանափակ կարողություններով անձինք, բոլորս ունենք տեղաշարժման խնդիր:
Հիմա, երբ ներառումը ինձ համար դարձել է մտածելակերպ, զարմանում եմ՝ ինչպես են վանդակել հաշմանդամություն ունեցող մարդկանց ու հանգիստ ապրել…»
Անահիտ Հովսեփյան. «Աշխարհում հազարավոր մարդիկ մեկուսացած են ամբողջ կյանքում կամ կյանքի որևէ երկարատև փուլում, գամված իրենց սայլակին, մեկուսացած իրենց աշխարհում, որ հաճախ օտար է այս աշխարհի բանականին: Մեկուսացած են, բայց ապրում են, չեն դժգոհում»:
Անի Համազարյան. «Սա մի փորձություն է մեզ համար՝ ինքներս մեզ պատկերացնելու և զգալու այն մարդկանց իրավիճակում, ովքեր ժամանակի կամ կյանքի հանգամանքների բերումով ունեն սահմանափակ հնարավորություններ»:
Լիլիթ Թամազյան. «Մոտ մեկ ամիս կլինի, ինչ կորոնավիրուսի վարակը հաստատվել է Հայաստանում և մոտ երկու շաբաթ է՝ ես տանից դուրս չեմ եկել: Ինձ մոտ այն տպավորությունն է՝ կարծես, բանտարկված լինեմ և գտնվում եմ վանդակի մեջ: Սահմանափակ հնարավորություններ ունենալը օր օրի ավելի է սրում իրավիճակը»:
Թամարա Գրիգորյան. «Շատ դժվար է լինել մեկուսացած տանը և հեռու մնալ ընկերական շփումներից, ուրախ պահերից և խենթություններից: Ժամանակն է, որ մտածենք հաշմանդամություն ունեցողների մասին: Սա լավ առիթ է»:
Հռիփսիմե Աբգարյան. «Հիմա, երբ ամբողջ աշխարհն է մի սահմանափակ օղակի մեջ, երբ նույնիսկ չես կարողանում դուրս գալ և քայլել, հիշենք, որ ոմանք ամբողջ կյանքում սայլակին գամված են, բայց չեն դժգոհում: Հուսամ, որ այս շրջանը իմաստություն կբերի բոլորիս և կարժևորի այն ամենը, ինչը կոչվում է՝ «Սեր դեպի մարդը»»։