Ես կրկին կնայեմ աստղերին…
Բարև, ես Գ.-ն եմ։ Ութ տարեկան էի, երբ կորցրեցի հորս։ Մայրս ամուսնացավ։ Իմ մանկությունը վերջացավ։ Տխուր ու անսփոփ էին իմ օրերը։ Երկինքը մռայլվեց, արևն այլևս չէր ժպտում, ես չէի նայում աստղերին…
Հոգնել եմ հիշելուց, մոռանալ փորձելուց եմ հոգնել։ Սրտիս մեջ ծնվել էր ցավը ու չէր մեռնում։ Իմ հանդեպ իր ողջ ատելությամբ խորթ հայրս ցանկանում էր ջնջել իմ հիշողությունը՝ մոռացության տալ հորս։ Երդվյալ թշնամանքով ոչնչացրին հորս միակ հուշը՝ մի փոքրիկ նկար… Ես փախա տնից… Ես չէի հիշում,թե վերջին անգամ, երբ էի սրտանց ծիծաղել։ Հրաշք կատարվեց։ Ես հայտնվեցի «Սաբինե» փոքր տանը։ Իմ տունը չուներ այս տան տաքությունը, ջերմությությունն ու սիրալիությունը։ Իմ սառած էությունը տաքացրեցին, լցրեցին սիրով ու վաղվա օրվա նկատմամբ մեծ հավատով։ Ես գտա մարդկանց՝ փաղաքուշ, սիրալիր, մեղմ ու ջերմ։ Ես պարզ ու անկաշկանդ համոզվածությամբ ընկալում եմ, որ այս իմ տունն է՝ իմ ընտանիքը։ Ես գտա սեր, հավատ, հույս։ Իմ հույսերը, երազանքները կապված են «Սաբինե»-ի հետ։ Բազմաբարդ հարցերում ինձ օգնում են սիրելի մարդիկ։ Ես սովորում եմ քոլեջում, սիրում եմ կիթառ նվագել։ Իմ հետագա կյանքը, երազանքները տեսնում եմ այստեղ՝ այս տաք օջախում, այս մամռականաչ քաղաքում։
Ես սկսեցի ծիծաղել…Ես նայում եմ երկնքին՝ պարզ, աստղալից, տեսնում եմ հորս՝ ժպտուն, ուրախ… Խաղաղություն քեզ, հա՛յր, չմտածես, ես ամուր ձեռքերում եմ։ Ես կրկին նայում եմ աստղերին…