Վոլոդյա, Ռիմա, Անժելա, Նազելի, Մարիամ, Միլենա, Արիաննա, Նվեր, Դավիթ, Էդվարդ՝ 6 աղջիկ, 4 տղա: Ավագը 19 տարեկան է, ամենափոքրը՝ 1 տարեկան 8 ամսական: Չնայած սոցիալական դժվարություններին ու խնդիրներն, Ախուրյանում բնակվող Կարապետյանները չեն դժգոհում՝ մի քանի ամսից էլ նրանց 11-րդ զավակն է ծնվելու:
39-ամյա մայրը փորձելով մեկ առ մեկ ներկայացնել երեխաներին՝ շտապում է հավաստիացնել, որ ինչքան էլ դժվար լինի, հոգ չէ՝ երեխան լավ է, իսկ շատ երեխաները՝ շատ ավելի: Երեխաներից միայն ավագն է չափահաս, որը հիմա ժամկետային ծառայության մեջ է:
«Դժվար է, դժվարությունն ամեն ինչի մեջ կա: Ճիշտ է, հասկացող երեխաներ են՝ չեն պահանջում, բայց դե դպրոց, քոլեջ, սնունդ-հագուստ: Փա՛ռք Աստծո, հասցնում եմ՝ պարտքով է, տալիքով է: Շատ նպատակներ ունեն, թո՛ղ սովորեն՝ մարդ դառնան»,-ասում է Աշխենը։
Ընտանիքի ամսական եկամուտը 160 հազար դրամ է՝ ամուսնու աշխատավարձը, որը անասնապահությամբ է զբաղվում, կրտսեր երեխայի համար տրվող գումարն ու ընտանեկան նպաստը: 160 հազար դրամը 12 անձի համար իհարկե բավարար չէ, բայց չի թաքցնում՝ անհատ բարերարներ ու բարեգործական կազմակերպություններ կան, որոնք աջակցում են:
Ամուսինը՝ Հովհաննեսը պատրաստ է ցանկացած գործ անել, բայց վաստակածը միայն սնունդին ու երեխաների առաջնային կարիքներին է բավարարում։ Ունեն կով, որը գնել են փոքր երեխայի ծննդյան գումարով. սա փոքր ինչ թեթևացրել է հոգսը՝ փոքրերի համար կաթը չեն գնում: Մեկ երինջ էլ նվեր են ստացել բարերարից: «Ես միայն հասցնում եմ հաց գնել, մեկ էլ բազմոցն եմ գնել, մնացածը՝ հեռուստացույց, սառնարան…, բարերարների շնորհիվ է, դրա համար էլ մեծ աղջիկներս ասում են՝ սովորենք, մենք էլ բարեգործություն անենք»,-ասում է Աշխենը նշելով, որ Հայկական Կարիտասի Տաք ձմեռ. Այսօր, վաղը ծրագրի շնորհիվ իրենք ինչպես նախկինում, այս տարի ևս գումար են ստացել՝ ինչը կօգնի հատկապես ցուրտ եղանակներին տունը տաքացնել գազով: «Միայն դա չէ, Կարիտասից նաև սնունդ ու հագուստ ենք ստացել, ինչն այնքան անհրաժեշտ է մեզ համար»,-ավելացնում է Աշխենը:
Չնայած դժվարություններին՝ հունիսին ծնվելու է Կարապետյանների 11-րդ զավակը: Ամենամեծ խնդիրը տարածքն է՝ հազիվ են տեղավորվում փոքրիկ տանը, իսկ ձմռանը տաքանալու խնդիրն է ավելանում՝ տունը աթարով ու փայտով են տաքացնում:
«12 անձի համար միայն հաց գնելը բավական գումար է, դրա համար էլ հիմնականում թխում եմ: Ջահել ժամանակ ասում էի՝ 1 երեխա եմ ունենալու, բայց շուտով 11-րդս է ծնվելու, հիմա մտածում եմ՝ ով քիչ երեխա է ուզում, կյանքին լիարժեք չի նայում՝ նվազագույնը 4-5 երեխա պետք է ունենալ»,-հպարտությամբ ասում է Աշխենը:
Չնայած Կարապետյանների երեխաները առանձին սենյակներ, համակարգիչ կամ ժամանակակից խաղալիքներ չունեն, իսկ ննջասենյակում ձմռանն ավելի ցուրտ է, քան բակում, իրենց երջանիկ են զգում՝ շատ լինելը շատ լավ է՝ ասում են: Կարապետյանների նման բազմազավակ ընտանիքների թիվը, սակայն, տարեցտարի նվազում է: